Քաղաքական

05.05.2011 16:49


Լևոն Տեր–Պետրոսյան. «Երկխոսությունը պիտի լինի մշտական»

Լևոն Տեր–Պետրոսյան. «Երկխոսությունը պիտի լինի մշտական»

Այսօր՝ մայիսի 5–ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է Արթիկ քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին։

–Ես վստահ եմ, որ եթե նախկինում դիմեի խնդրանքով` այցելել քաղբանտարկյալներին, ինձ թույլ չէին տա, - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա որոշեց հանդիպել կալանավորված խմբագրի հետ` ասել է ՀԱԿ-ի առաջնորդը: -Հիմա մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ է: Լուծվել են խնդիրներ, որոնք 3 տարի չէին լուծվում: Ես նկատի ունեմ և՛ Ազատության հրապարակի արտոնումը հանրահավաքների համար, և՛ մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, և՛ քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը, որը ավարտվելու է մայիսի 28-ին, ինչպես ես ասացի նախորդ հանրահավաքում: Գուցե մի քանիսը մինչև 28-ը դուրս գան: Այս ֆոնի վրա, բնականաբար, իմ խնդրանքը չէր կարող մերժվել:

Վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը, Տեր-Պետրոսյան ընդգծել է, որ վերջին շրջանում իշխանությունների և հասարակության միջև բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում:

–Դա մեր երազած պետությունն է, որպեսզի հասարակությունը և պետությունը բաց, հրապարակային, շարունակական երկխոսության մեջ լինեն: Սա չպետք է ավարտվի: Երկխոսությունը պիտի լինի մշտական: Իհարկե, ճգնաժամային պահերին պետք է դրվեն սուր հարցեր, որոնք անմիջական լուծումներ են պահանջում, իսկ ճգնաժամերից դուրս, նորմալ կյանքի պայմաններում միշտ էլ իշխանությունն ու հասարակությունը երկխոսելու, բանավիճելու, իրար համոզելու, իրար պահանջներ ներկայացնելու կարիք ունեն, - հավելել է նա:

–Պետք է գնահատել, ոչ թե ռեվերանսներ անել, խոսել ինչ-որ պայմանավորվածություններին մասին: Ո՛չ, գնում է բաց դիալոգ: Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին և հասարակությանը, և իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ և ուղիղ ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ և այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել, - նշել է ՀԱԿ առաջնորդը:

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ավարտից հետո` ապրիլի 28-ին, մի խումբ ընդդիմադիրներ հրաժարվում էին լքել Ազատության հրապարակը և պահանջում էին նստացույց անցկացնել ու Կոնգրեսի առաջնորդներին դժվարությամբ հաջողվեց համոզել նրանց` չդիմել այդ քայլին: Մեկնաբանելով այս զարգացումները` Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է.

–Ոչ մի բան էլ չի եղել: Բնականաբար կան անհամբեր մարդիկ, պրոցեսը չհասկացող մարդիկ, որոնց թվում է, թե կարելի էր այլ ճանապարհով հարցեր լուծել: Ես վստահ եմ` այլ ճանապարհով մենք կկործանեինք բոլոր հարցերը:

Այս խորագրի վերջին նյութերը