Քաղաքական

11.12.2020 16:23


Տեղի է ունեցել պետական դավաճանություն. նախկին փոխոստիկանապետ

Տեղի է ունեցել պետական դավաճանություն. նախկին փոխոստիկանապետ

Այսօր ավելի հաճախ ու ավելի բարձր է հնչում «Նիկոլ, դավաճան» արտահայտությունը, և ես լիովին հասկանալով ու կիսելով մարդկանց արդարացի զայրույթն ու ալեկոծված էմոցիաները ցանկանում եմ, որպես իրավաբան, անդրադառնալ այդ արտահայտության իրավական կողմին և տալ այդ բնորոշման իրավական գնահատականը: PARA TV-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով, թե ինչ իրավախախտումներ են եղել ներկայիս իշխանության կողմից:

«Նախ սկսեմ նրանից, որ մեր կյանքում դավաճանությունն ունի շատ դրսևորումներ՝ ընտանիքի, կնոջ, ընկերոջ, սկզբունքների և այլն: Այդ ամբողջը լինելով վատ ու անբարոյական արարք, քրեորեն պատժելի չեն համարվում, բայց մեր կայնքում ունենք մեկ արժեք՝ հայրենիքն ու պետությունը, որի նկատմամաբ թույլ տված դավաճանական գործողությունները համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ պատժելի է և այդ հանցագործությունն ընդգրկված է քրեական օրնսգրքի պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ու նախատեսված է օրենսգրքի 299-րդ հոդվածով:

Ըստ 299-րդ հոդվածի ինչ է պետական դավաճանությունը

Պետական դավաճանություն է համարվում թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, այլ պետություններին, օտարերկրյա կազմակերպություններին կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցուցաբերելը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգության:

Այստեղ պետք է ուշադրություն դարձնեք օրենսդրի ձևակերպմանը՝ ով կարող է լինել հանցագործություն կատարողը՝ սուբյեկտը: Նա կարող է լինել ՀՀ հասարակ, սովորական քաղաքացի, բայց եթե այդ հանցագործության սուբյեկտը բարձրագույն իշխանական լիազորություններով օժտված և բարձրագույն պետական պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն է, ինչպիսին վարչապետն է, այդ դեպքում արդեն հանցագործությունը համարվում է ծանր հանգամանքներում կատարված, ես կասեի՝ շատ ծանր հանգամանքներում:

2-րդ հանգամանքը՝ մեր երկրի դեմ թշնամական գործունեություն իրականացնելուն օգնություն ցուցաբերելը: Բայց տվյալ դեպքում մենք ունենք ոչ թե օգնություն ցուցաբերել, այլ ուղղակի կատարել գործողություններ՝ ի վնաս պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգության, սրանով ամեն ինչ ասված է:

Հիմա բոլորն են համոզված, որ իշխանափոխությունից և վարչապետի հեռացումից հետո անպայման անխուսափելիորեն կբացահայտվեն նոր, ոչ պակաս զարհուրելի փաստեր ու դետալներ, որոնք ավելի կամբողջացնեն տեղի ունեցող դավաճանական գործողությունները:

Բայց մի կողմ թողնելով այդ նոր բացահայտումները, անդրադառնանք արդեն եղած փաստերին, որոնց ամբողջականության մեջ թույլ են տալիս ինձ կատարված գործողությունների վերաբերյալ իրավական եզրահանգում կատարել, որ տեղի է ունեցել ուղղակի պետական դավաճանություն:

Իշխանափոխությունից անմիջապես հետո իշխող ուժը՝ վարչապետի գլխավորությամբ, և իրենց քաղաքական իշխանություն համարող նրա շրջապատն անմիջապես ձեռնամուխ եղան մեր երկրի կազմաքանդման աշխատանքին՝ կազմալուծվեց պետական համակարգը, տապալվեց տնտեսությունը, թշնամանք ու ատելություն սերմանվեց հասարակության մեջ, փորձեցին ոչնչացնել ազգային, ընտանեկան, բարոյական բոլոր արժեքները, թուլացնել պաշտպանողականությունը, բարոյալքել բանակը, տապալել անհրաժեշտ սպառազինությամբ հագեցնելու գործընթացը, տապալել նաև արտաքին հարաբերությունների ողջ սպեկտրը, թշնամացնել, հեռացնել մեր դաշնակիցներին, դրա հետ մեկտեղ անելով հակասական, անհասկանալի ու գրգռիչ հայտարարություններ, որոնք ամբողջականության մեջ Ադրբեջանին ու Թուքիային դրդեցին նախապատրաստվել պատերազմի»:

Այս խորագրի վերջին նյութերը