Քաղաքական

10.12.2020 12:09


Նիկոլ Փաշինյանը ոչ թե 25 հազար մարդու կյանք է փրկել, այլ 5000 մարդու գլուխ է կերել. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը ոչ թե 25 հազար մարդու կյանք է փրկել, այլ 5000 մարդու գլուխ է կերել. Անդրանիկ Թևանյան

Հեղափոխության օրերին և դրանից հետո մեծագույն և ստորագույն բլեֆ էր, որ հակակոռուպցիոն պայքարի գումարներով բաժանելու ենք թոշակ, աշխատավարձ և այլն: Այս մասին այսօր Կառավարության դիմաց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ասաց «Պոլիտէկոնամիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

«Պատերազմը ցույց տվեց, որ այս իշխանությունները ոչ միայն չեն պայքարել կոռուպցիայի դեմ, այլ խոշորագույն կոռուպցիոներներ են, որի գինը դարձել են նաև մեր 5000 զոհված զինվորները, որովհետև այն «ԱՍԱ»-ները, որոնք գնվել էին բարձր գնով, չեն աշխատել, դրանք մետաղի ջարդոն են եղել: «ՍՈւ 30» ինքնաթիռներն առանց հրթիռ են եղել, դա նույնպես կոռուպցիոն գործարք է, չհաշված այն մեծագույն դավադրությունը, որի մասին այսօր ամբողջ հայ ժողովուրդն է խոսում՝ այդ 5 մլրդ-ի պատմությունը»,- նշեց նա:

Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ կոռուպցիոն գործարքները պետք է բացահայտվեն իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության արդյունքում։

«Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն այսօր այս վիճակում հայտնվեց հիմարությա՞ն, թե՞ դավաճանության հետևանքով: Կոռուպցիոն թեզը բացարձակապես վերացած է, իրենք են թիվ 1 կոռուպցիոներները: Եվ պատահական չէ, որ այս իշխանության բիզնես-սիմվոլը դարձել է Սամվել Ալեքսանյանը»,-ասաց նա:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումը, ըստ նրա, փորձ է արվում ներկայացնել, թե փրկել է 25 հազար զինվորի կյանք, սակայն իրականությունը հակառակն է. «Ժողովրդին մատուցվում է, որ ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը կարողացել է փրկել 25 հազար մարդու կյանք: Իրականությունը ճիշտ հակառակն է՝ Նիկոլ Փաշինյանը 5000 մարդու գլուխ է կերել»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը