Կարծիք

04.05.2011 19:53


Գաղտնի գործարքների տխուր հետեւանքները

Գաղտնի գործարքների տխուր հետեւանքները

Երբ աշխարհին, իսկ տվյալ դեպքում հայաստանյան քաղաքական դաշտին նայում ես առանց ավելորդ հույզերի, ապա տեսնում ես, որ ամեն ինչ շատ ավելի տխուր եւ պարզ է, քանի թվում է առաջին հայացքից:

Մոտենում են խորհրդարանի ընտրությունները, եւ քաղաքական ուժերը, տարբեր կլանների ներկայացուցիչներն աշխատում են հնարավորին չափ շատ տեղեր ունենալ Ազգային ժողովում: Այս նպատակին հասնելու համար յուրաքանչյուր դաշինք, կուսակցություն, քաղաքական գործիչ, այս կամ այն կլանի ներկայացուցիչ տարբեր ճանապարհ է ընտրել:

Հասարակությունը դեռ պատրաստ չէ ազատ եւ արդար ընտրություններին եւ չի էլ մտածում ժողովրդավարական ընտրությունների մասին: Երբ ասում եմ հասարակությունը պատրաստ չէ կամ չի ուզում, նկատի ունեմ, որ հայաստանցի ընտրողների, իսկ ավելի ճիշտ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների կեսից ավելին կամ թքած ունի ընտրությունների վրա, կամ էլ չի հավատում, որ կարող են ազատ եւ արդար ընտրություններ լինել: Իսկ հայտնի միջազգային կազմակերպության գնահատականով հայաստանյան ոչ ազատ մամուլն ամեն ինչ անում է, որ հայաստանցին հույս անգամ չունենա, որ Հայաստանում կարող են լինել ազատ եւ արդար ընտրություններ:

Արդեն իսկ մամուլի տարբեր միջոցներում քննարկվում է, թե վարչախումբն այս կամ այն քաղաքական ուժին որքան տեղ է տալու խորհրդարանում: Ընդ որում, այս ամենը մատուցվում է այնպես, կարծես թե հենց այսպես էլ պետք է լիներ: Ավելին, նման լուրերը, հրապարակումները եւս մեկ նպատակ ունեն` մարդկանց ներշնչել, որ ժողովրդավարական ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող:

Մի փոքր ուշադիր լինելու դեպքում հասկանում ենք, թե որ կենտրոնից է նման լուրերի արտահասք լինում եւ ինչու: Ամենատխուրն ու ցավալին այն է, որ «երկխոսության» ներկա ժամանակաշրջանն էլ նպաստում է, որ ՀՀ քաղաքացին լիովին թեւաթափ լինի եւ հույսը կորցնի, մտածելով կամ արտագաղթելու, կամ օրենքն այս կամ այն ձեւով խախտելու եւ իր տունը պահելու մասին:

Որեւէ մեկը հույս չուներ, որ վարչախումբը հանկարծ կփոխվի եւ կփորձի ամեն ինչ անել, որ առաջիկա ընտրությունները լինեն ազատ եւ արդար, բայց հազարավոր մարդկանց մոտ հույս կար, որ համաժողովրդական շարժման արդյունքում երկրում դրական տեղաշարժեր կարձանագրվեն եւ վարչախումբն էլ, զգալով ժողովրդի ճնշումը, ստիպված կլինի հրաժարվել ընտրակեղծիքների եւ զեղծարարությունների ծրագրերից` ապահովելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը:

Այսօր, երբ մտել ենք «երկխոսության» ժամանակաշրջան, ավելի քան պարզ է, որ Հայ ազգային կոնգրեսը, որի սկզբնական նպատակն իշխանափոխությունն էր, այլեւս այլ նպատակներ ունի: Այնուհանդերձ, ինչպես անցած դարի 60 եւ 70-ականներին կոմունիստներն էին տեղի անտեղի ասում, թե իրենց նպատակը կոմունիզմի կառուցումն է, այսօր էլ Կոնգրեսի որոշ առաջնորդներ չեն մոռանում հայտարարել, թե իրենց նպատակն իշխանափոխությունն է:

Այսպիսով, ներկա իրավիճակում, երբ արդեն ավելի քան պարզ է, որ Կոնգրեսն իր առջեւ խնդիր չի դնում ազատվել, իրենց որակմամբ, ավազակապետությունից, այլ կարծես թե նպատակ ունի ներկայացված լինել խորհրդարանում, ակնհայտ է, որ վարչախմբի գործը` կեղծել ընտրությունների արդյունքները եւ դիմել տարատեսակ զեղծարարությունների, անհամեմատ ավելի հեշտ կլինի:

Դժվար չէ կռահել, որ «երկխոսությունը» ենթադրում է նաեւ աչք փակել ընտրակեղծիքների վրա: Եւ եթե քաղաքական դաշտում ոչինչ չփոխվի, ապա լճացումն ավելի քան կխորանա` վերածվելով ճահճացման` դրանից բխող ամենածանր հետեւանքներով: Իհարկե, կգտնվեն նաեւ նրանք, ովքեր նայելով ժողովրդի աչքերին կասեն, թե հանուն Հայաստանի ապագայի չպետք է առճակատման գնալ, չպետք է սրել իրավիճակը, ճիշտ այնպես, ինչպես անցած դարի 30-ականներին խորհրդային երկրում արդարացնում էին զանգվածային աքսորներն ու ձերբակալությունները:

Ստեղծված իրավիճակը հուշում է, որ եթե քաղաքական դաշտում կտրուկ փոփոխություններ չլինեն, ապա իրավիճակը զարգանալու է երկու տարբերակով, ընդ որում, երկու տարբերակների իրականացման դեպքում էլ Հայաստանը տուժելու է: Տարբերակներից մեկը կտանի նրան, որ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում 10-15 տեղ կունենա Ժառանգության ու մյուսների հաշվին: Այս սցենարն իրականություն կդառնա, եթե մինչեւ խորհրդարանի ընտրությունները ՀԱԿ-ին հաջողվի մի քանի բազմամարդ հանրահավաքներ անցկացնել` վարչախմբին ապացուցելով, որ ամբողջովին վերահսկում է ընդդիմադիր դաշտը: Եթե անկեղծ լինենք, ապա այս տարբերակի իրականացումը քիչ հավանական է, քանի որ արդեն այսօր ակնհայտ է, որ ՀԱԿ-ի վարկանիշը կտրուկ անկում է ապրում: Իսկ երբ վարչախումբը նկատի, որ ՀԱԿ-ի վարկանիշն իրապես նվազել է, իր հնամենի ավանդույթի համաձայն, ամենավերջին պահին «քցելու է» Կոնգրեսին, «ցավելով» հայտարարելով, թե իրոք ափսոս է, բայց ՀԱԿ-ն այդպես էլ չկարողացավ հաղթահարել յոթ տոկոսանոց շեմը:

Կրկին շեշտեմ, որ այս երկու տարբերակների իրականացման դեպքում էլ մեր երկիրը տուժելու է: Եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը քաղաքական նոր ուժի, նոր դաշինքի ստեղծումն է: Ավելին, նոր ուժը պետք է լինի ավելի քան հզոր, ազդեցիկ, որ կարողանա փոխել քաղաքական մթնոլորտը, առողջացնել այն եւ մի քանի արկածախնդիրների թույլ չտալ խաղալ մեր երկրի վաղվա օրվա հետ: Իսկ քաղաքական նոր ուժի կամ դաշինքի ստեղծումն այսօր ավելի քան ռեալ է եւ ճիշտ ու կազմակերպված աշխատանքի դեպքում արդեն ամենամոտ ապագայում քաղաքական դաշտում էական տեղաշարժեր կլինեն, որից կշահի ամբողջ ժողովուրդը, այդ թվում նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով կանգնած են Սերժ Սարգսյանի կամ Հայ ազգային կոնգրեսի կողքին:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը