Քաղաքական

09.12.2020 12:30


Շաբաթվա վերջում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Բաքու և Երևան

Շաբաթվա վերջում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Բաքու և Երևան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Պատասխանելով սենատոր Բեն Քարդինի հարցին ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում և խորապես ցավում մարդկային կյանքի կորուստների վերաբերյալ, ներառյալ բազմաթիվ խաղաղ բնակիչների: «Մարդկանց կյանքերը հնարավոր չէ վերադարձնել»,-նշել է Ռիկերը:

«Մենք շարունակում ենք շեշտել, որ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին և Ադրբեջանին, գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000- 2001 թթ.-ին Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»,-ընդգծել է Ռիկերը:

Նա կարևորել է Մինսկի խմբի ու համանախագահների դերը վերջին երեք տասնամյակում փխրուն խաղաղության պահպանման հարցում: Նրա կարծիքով դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, որոնք գրանցվեցին վերջին շրջանում:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել»,-նշել է Ռիկերը:

Նա շեշտել է՝ կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ համանախագահներն այս հարցում լավագույն միջնորդներն են: «Մենք աշխատում ենք մյուս համանախագահ երկրների ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ»,-ասել է պետքարտուղարի տեղակալը:

«Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,-ընդգծել է Ռիկերը:

Նա հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին և գտնվում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում: Ռիկերը տեղեկացրել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը շաբաթվա վերջում նախատեսում է մյուս համանախագահների հետ մեկնել Բաքու և Երևան, ուր կքննարկվեն խաղաղ գործընթացի վերականգնման և դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցեր: «Մենք ուշադրությամբ կհետևենք այս գործընթացին և կշարունակենք բարձրացնել այս հարցերը այլ երկրների հետ քննարկումների ժամանակ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն այս առումով ճիշտ հարթակ է: «Մենք պարզապես կարող ենք հուսալ, որ տևական խաղաղության կհասնենք, որպեսզի ստիպված չլինենք ականատես լինելու մարդկային նոր կորուստների և քաղաքացիական բնակչության տառապանքների, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում»,-նշել է Ռիկերը:

Ռիկերը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը միջոցներ է հատկացնում՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Նա խոստացել է այս հարցի վերաբերյալ սերտ կապ պահպանել ամերիկացի օրենսդիրների գրասենյակների և Հելսինկյան հանձնաժողովի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը