Քաղաքական

09.12.2020 11:25


«Հայ ժողովուրդը չի պարտվել, պարտվել են Տրոյական ձիով եկած դավաճանները»․ «Նոկիա» ընկերության ծրագրերի ղեկավար

«Հայ ժողովուրդը չի պարտվել, պարտվել են Տրոյական ձիով եկած դավաճանները»․ «Նոկիա» ընկերության ծրագրերի ղեկավար

Ֆրանսահայ հանրային կառավարման մասնագետ, հանրահայտ ENA՝ Ֆրանսիայի կառավարման ազգային դպրոցի շրջանավարտ, «Նոկիա» ընկերության ծրագրերի ղեկավարն Իրինա Հովսեփյանը հրապարակել է «Ինչու՞ պարտվեցինք» վերտառությամբ հոդված, որում անդրադառնում է Հայաստանի վերջին 2 տարիների իրադարձություններին՝ թավշե հեղափոխություն, Արցախյան պատերազմ։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև՝

«Տրոյական ձին։ Թավշե հեղափոխությունը, Տրոյական ձիու դեր կատարելով, սորոսական գործակալներին հնարավորություն տվեց հասնել իշխանության ու Հայաստանին թելադրել դրսում մշակված, մեր ազգային շահերի հետ կապ չունեցող ծրագիրը, ինչը հանգեցրեց Արցախյան պատերազմի պարտությանը։

Օրակարգում երկու նպատակ կար՝ Արցախյան հաղթանակի արժեզրկում և հայ-ռուսական հարաբերություններ սառեցում։

Հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելը, սոցիալական պառակտումը և բևեռների ընդգծումը միջոցներ են այդ օրակարգը իրականացնելու համար։

Իշխանափոխությունից քիչ անց, Սասուն Միքայելյանը հեղափոխությունը ավելի կարևորեց, քան Արցախյան ազատամարտը։ Այդ պահից սկսվեց Արցախի արժեզրկման գործընթացը։

Ամենակարկառունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է, ով Արցախի Հանրապետության կերտման և հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ է։

Միաժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին կալանավորելով՝ ՀՀ իշխանությունները շատ մեծ աղմուկով ցուցադրեցին իրենց վերաբերմունքը ՀԱՊԿ-ին, և այդ պահից մեր անվտանգության երկնքում սկսվեցին ամպեր կուտակվել։

Պատմությունը երկար կհիշի Արցախի երեք նախագահներին դատարանում, երբ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը երաշխիքներ ներկայացրեցին Քոչարյանի համար։ Ինձ համար այդ օրը պարզ էր, որ Արցախի պետականության դատաստանն է ընթանում, դատվում ու արժեզրկվում էր Արցախի գոյամարտն ու իշխանությունը։

Իսկ այս տարի դատավարության օր նշանակեցին Շուշիի գրավման օրը։ Արցախյան պատերազմին մասնակցած գեներալների դատավարությունները ու անցած ճանապարհի արժեզրկումը նույն ծրագրի մաս են կազմում։ «Ոչնչի համար զոհվելը» նույն ձեռագրի տեքստից էր։

Այս տարի, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում քաղաքացուն ուղեգրել են «Ադրբեջանի Շուշի» քաղաք։ Կա՞ որևէ մեկը, որ հավատում է, թե դա Google -ի տառադարձության վրիպակ էր։

Ինչպե՞ս եղավ, որ Մայիսի 28-ի հաղթանակի տոնին ոչ մի Արցախցի բարձրաստիճան պաշտոնյա չհրավիրվեց։ Ինչպե՞ս եղավ, որ վարչապետը Արցախի անկախության տոնին երբեք չմասնակցեց։ Բակո Սահակյանի հասցեին կատարված բռնության կոչը չդատապարտվեց իշխանական ո՛չ մի օղակի կողմից։

Հակառուսական քաղաքականություն։ Ռուսական դրոշը և ռուս զինվորը պաշտպանում են հայ- թուրքական սահմանը, իսկ ՀՀ իշխանությունները երեսուն ամիս շարունակ ընդգծել են հակառուսական բացահայտ քաղաքականություն։

Իշխանական օղակներում հայտնվեցին սորոսական գործակալներ, որոնք հայտնի են հակառուսական քարոզչությամբ ու ռուսատյացությամբ։

Անցյալ տարի հոկտեմբերին, երբ Պուտինը ժամանեց Երևան՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ,
նրան չդիմավորեցին ո՛չ Հանրապետության վարչապետը, ո՛չ նախագահը։ Նույնիսկ, երբ Պուտինը հասավ Բաղրամյան 26, ոչ մի դիմավորող պաշտոնյա չկար։ Աշխարհի ամենահյուրասեր ազգի կառավարությունը արժանի չհամարեց դիմավորել իր անվտանգությունը երաշխավորող պետության ղեկավարին։

Այդ օրը ես հասկացա, որ լինելու է պատերազմ, ու մենք մնալու ենք մենակ։ Այդ օրը ես հասկացա, որ Կրեմլը չի կանգնեցնի պատերազմի վտանգը։

Հակառուսական քայլերը բազմաթիվ են ՝ մեկը մեկից ավելի ավերիչ ՝ «Սպայկայի» խնդիրները, «Ռոսատոմի» հետ Մեծամորի ատոմակայանի վարկը հարցականի տակ դնելը, ռուսական հեռուստաալիքների անվճար հեռարձակման փակումը։

Ստրասբուրգում, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մեղմացման քվեարկության ժամանակ, իմքայլական պատգամավորները, քվեարկելով Ռուսաստանի դեմ, Հայաստանը դրեցին Ռուսաստանի թշնամի երկրների շարքում։ Սա աններելի սխալ էր, որ թուլացրեց Ռուսաստանի վստահությունը այս իշխանությունների նկատմամբ։

Ռուսաստանը կարողացավ կանխել արևմտյան երկրների հարձակումը Սիրիայի վրա՝ անակնկալի բերելով բոլոր խոշոր տերություններին։ Կարող էր դա անել Արցախի հարցում, եթե մենք ունենայիք ռուսամետ ու հայամետ կառավարություն։

Այդպես էլ չարտահայտած դիրքորոշում։ Նիկոլ Փաշինյանը երբեք չի արտահայտել իր մոտեցումը Արցախյան հարցի նկատմամբ։ Սկզբից խոստովանեց, որ Արցախից մանդատ չունի բանակցելու, հետո տեսավ, որ Արցախը բանակցության սեղան կանչելն անհնարին է, ասաց Ղարաբաղը Հայաստան է և վերջ՝ դրանով սանձարձակելով Ալիևի պատերազմատենչ նպատակները։ Հետո, բոլորի համար ընդունելի տարբերակ որոնող վարչապետը հայտարարտեց՝ ինչ որ պետք է, բանակցում եմ։

Ինչու՞ նա չներկայացրեց իր «հպարտ» քաղաքացիներին բանակցությունների էությունը ու փակուղին, եթե դա իսկապես այդպես էր։

Խաղաղասեր միամտությու՞ն, թե՞ գիտակցված անգործություն։ Մինչ ադրբեջանաթրքական ուժերը զորավարժություններն էին իրականացնում մեր քթի տակ, այս իշխանությունը ոչ մի պատրաստություն չձեռնարկեց Արցախը պաշտպանելու, ժողովրդին զգուշացնելու ու գրոհը դիմագրավելու։

Ալիևը պատրաստվում էր հարձակման, իսկ Փաշինյանի կառավարությունը զբաղված էր ձերբակալություններով ու ֆեյսբուքային կառավարմամբ։

Ալիևը միջազգայինին կոալիցիա կազմեց, գտավ դաշնակիցներ, իսկ Փաշինյանի կառավարությունը օրեցօր սառեցրեց մեր գլխավոր դաշնակիցների հետ փոխհարաբերությունները։ Նրանք անգլիական հետախուզությունն ընդգրկեցին իրենց պլանի մեջ, իսկ մեր ԱԱԾ-ն ՀԴՄ կտրոն էր ստուգում։

Մինչ Ալիևը սպառազինությունն էր բազմապատկում, Փաշինյանը ընտանյոք հանդերձ խաղաղություն էր քարոզում։

ՀՀ-ն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէր։ Պատերազմի սկսած օրվանից Փաշինյանը ոչ մի պետության չի խնդրել ռազմական գործողություններով միջամտել ի շահ Արցախի։ Ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ֆրանսիային։ Նա չի ընդունել Պուտինի տարբեր առաջարկությունները՝ փոխզիջումներ գնալու, ուր մնաց զրահաբաճկոն ու սաղավարտ ապահովեր զինվորներին։

Գաղափարական ձախողում ։ Պատերազմում պարտված իշխանությունը անելիք չունի այս երկրում։ Ռազմավարությունից զուրկ՝ նրանք անկարող գտնվեցին խուսափել պատերազմից, անկարող հակահարձակման, տվեցինք հինգ հազար զոհ, ունենք բազմաթիվ անհետ կորածներ ու գերեվարվածներ։

Նրանք այլևս ասելիք չունեն։ Նրանց գաղափարախոսությունը հայակործան ծրագիր է, որ նրանք կյանքի կոչեցին առաջին իսկ օրվանից։

Խաբեբայություն ։ Տարաշխարհիկ բառեզրերով թափանցիկություն քարոզող կառավարությունը թաքցրեց ռազմադաշտի իրական պատկերը ամբողջ հայ ժողովրդից, որ շունչը պահած սպասում էր 44 օր՝ օգնելով առաջնագծի մեր հերոսներին, թաքցրեց Սփյուռքից, որ օր ու գիշեր օգնություն էր ուղարկում, հանրահավաքներ կազմակերում, դիմում բոլոր քաղաքական ուժերին, մտավորականներն, հասարակական գործիչներին, որ ճանաչեն Արցախի Հանրապետությունը։

Կաշառակերության դեմ պայքարող վարչապետը մի ստորագրությամբ հայրենիքը հանձնեց թուրքին, առանց իրեն ընտրած ժողովրդին տեղյակ պահելու։

Նա խոսացավ «նախկինների գողոնը» կոպեկ առ կոպեկ վերադարձնել, բայց գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, եկեղեցի առ մատուռ, «դուխով» հանձնեց թշնամուն։

Խորապես անընդունելի եմ համարում մեղքը բարդել նախկինների վրա։ Փաշինյանը բանակցությունները սկսել է զրոյից՝ արհամարհելով նախկին բոլոր ձեռքբերումները և ուղիղ կապ հաստատելով Ալիևի հետ։

Կա՞ Արցախի պաշտպանության մի պլան, որ կյանքի կոչած լինի այս կառավարությունը, ու կա՞ արդյոք մի սխալ, որ այս իշխանությունը չի գործել այս արհավիրքից խուսափելու համար։

Հայ ժողովուրդը չի պարտվել, պարտվել են Տրոյական ձիով եկած դավաճանները։

Մենք մի՛շտ կհերոսացնենք մեր նահատակներին։

Հայ ազգը նորից կշտկի իր մեջքը ու նորից տեր կկանգնի իր ճակատագրին, հողին ու սահմաններին։

Նաև աներկբայորեն Արցախին ու հայկական հարցին»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը