Մեկնաբանություն

08.12.2020 00:43


Նիկոլ Փաշինյանը 5 միլիարդ դոլարով ծախե՞լ է Արցախի հողերը

Նիկոլ Փաշինյանը 5 միլիարդ դոլարով ծախե՞լ է Արցախի հողերը

Համացանցում սենսացիոն ձայնագրություն է հայտնվել։ Հայաստանի ու Բելառուսի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանավիճում էին։

Լուկաշենկոն ակնհայտորեն ներկայացնում էր Ադրբեջանի շահերը։ Նա Ալիևի անունից ասում էր, որ պատրաստ է ազատագրված տարածքների դիմաց 5 միլիարդ դոլար տալ Հայաստանին, ինչին Սարգսյանը հակադարձում է, որ Ալիևին կտա 6 միլիարդ դոլար ազատագրված 7 շրջանների համար։

Այս ձայնագրությունը ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից։

Բանն այն է, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել ու չէին հերքվել Փաշինյանի կողմից։ Տեղեկությունները վերաբերում էին Արցախի հարցով նրա վարած բանակցություններին։ Խոսվում էր այն մասին, որ Ալիևը փող է խոստացել Փաշինյանին՝ Արցախի ազատագրված 7 շրջանները հանձնելու դիմաց։

Եթե հիմա հետադարձ հայացք ենք նետում անցած 2,5 տարվան, ապա այդ լուրերն անուղղակիորեն հաստատվում են։ Վերջնական բացահայտում կլինի, իհարկե, իշխանափոխությունից հետո, և մենք կհասկանանք վերջապես, թե արդյոք ի դեմս Նիկոլ Փաշինյանի գործ ենք ունեցել ստոր դավաճանի՞, թե՞ ավարտված հիմարի հետ։

Ի՞նչ արժե «խաղաղության նախապատրաստումը»

2018–ին իշխանության գալուց հետո Փաշինյանն Արցախի հարցով սկսեց իրարամերժ ու անհասկանալի հայտարարություններ անել՝ փակուղի մտցնելով բանակցային գործընթացը և մեծացնելով պատերազմի հավանականությունը։

Նրա վարչապետ դառնալուն պես մեր տարածաշրջան այցելեց ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական, ԱՄՆ ամենաթուրքամետ գործիչ Ջոն Բոլթոնը։

Բոլթոնի այցի նպատակը Հայաստանին ռուսական ազդեցությունից հանելն ու հակաիրաական կոալիցիային միացնելն էր։ Պաշտոնական Երևանը Բոլթոնին ասել էր «այո», քանզի հակառակ դեպքում Փաշինյանը չէր հայտարարի, որ հայ–իրանական սահմանը կարող է փակվել։

Բոլթոնի պլանը ենթադրում էր «Փող՝ տարածքների դիմաց» բանաձևը։ Ըստ այդմ՝ Արցախը փաստացի պետք է ամբողջությամբ հանձնվեր Ադրբեջանին, Ռուսաստանը պետք է դուրս մղվեր տարածաշրջանից, Թուրքիան պետք է Մեղրիով ցամաքային կապ ստանար Ադրբեջանի հետ, իսկ Փաշինյանին խոստացվել էր փող՝ 4–5 միլիարդ դոլար։

Բոլթոնի այցից հետո տեղի ունեցան Փաշինյան–Ալիև բազմաթիվ հանդիպումներ։ Փակ ռեժիմով։

Փաշինյանն ինչպես պատերազմի օրերին էր խաբում, թե, իբր, մենք հաղթում ենք, այնպես էլ այն ժամանակ էր խաբում, թե, իբր, Ալիևի հետ ոչինչ չի բանակցում, պարզապես զրուցում է։

Ուշագրավ մեկ հանգամանք․ երբ Դավոսում Ալիևն ու Փաշինյանը երկար առանձնացան, դրանից հետո պաշտոնապես լուր տարածվեց, որ երկուսի հետ էլ զրուցել է Բոլթոնը։ Հետաքրքրական է, որ Ալիևի հետ Բոլթոնը զրուցել էր հակամարտության կարգավորումից, իսկ Փաշինյանի հետ՝ Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացման խնդիրներից։

Այն օրերին տպավորությունն այնպիսին էր, որ տեղի է ունեցել գործարք Փաշինյանի ու Ալիևի միջև, իսկ գործարքի քավորը Բոլթոնն է։ Ինչպես հետագա իրադարձությունները ցույց տվեցին՝ տպավորություններն այնքան էլ անհիմն չէին։

Մուղամ՝ Ղարաբաղում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Բոլթոնի այցից հետո ակտիվորեն լծվեցին «խաղաղության նախապատրաստման» գործին։ Ա․ Հակոբյանը նույնիսկ հրավիրեց Մեհրիբանին Ղարաբաղ՝ մուղամ լսելու։

Սրան զուգահեռ տեղի էր ունենում Արցախյան ազատամարտի հերոսների, ռազմական հաղթանակները ապահոված ռազմաքաղաքական գործիչների վարկաբեկում, քրեական հետապնդում։ Աննան հայտարարում էր, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, իսկ Փաշինյանը դրական խոսքեր չէր խնայում Ալիևի հասցեին։ Ամեն ինչ գնում էր Արցախը ոչնչի դիմաց հանձնելուն։

Ներսից, սակայն, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դիմադրության հանդիպեցին։ Արցախի հարցով հայաստանակենտրոն ուժերի կողմից կար հստակ ճնշում՝ չգնալ Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով, որը նախատեսում էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

Նիկոլը ձևական առումով չգնաց ՀԱԿ տնօրեն Լ․Տ․Պ․–ի առաջարկած տարբերակով, սակայն բովանդակային առումով իրագործեց ՀՀ 1–ին նախագահի ծրագրերը։ Միայն ռուսների կտրուկ միջամտությունը փրկեց Արցախի ամբողջական կործանումը և հանձնումը։ Իսկ մինչև այդ Նիկոլը համառորեն չէր կանգնեցնում պատերազմը։ Նա կանգ առավ միայն այն ժամանակ, երբ Շուշին հենց Ադրբեջանի դրոշի օրը վերջնականապես հայտնվեց մեր թշնամիների ձեռքում։ Տպավորությունն այնպիսին էր, որ կա պայմանավորվածություն, որ Շուշին անպայման պետք է հանձնվի, ինչը նշանակում էր նաև Հադրութի հանձնում։

Նիկոլն այնքան ձգեց զինադադարը, որ վերջում պատերազմ կանգնեցնելը դառնար հայության պահանջ, ինքն էլ ասեր, թե բա ես ինչ անեմ, լավ չկռվեցին, պարտվեցինք, հողերը հանձնեցինք։

Այսինքն՝ այն, ինչ չհաջողվեց անել թղթով, Նիկոլը հանձնեց հազարավոր զոհերի գնով ու հիմա էլ արդարանում է, թե բա 25 հազար մարդու կյանք եմ փրկել։

Կրկնենք՝ տեղի ունեցածը ստորագույն դավաճանությո՞ւն էր, թե՞ ծայրահեղ հիմարության արդյունք, կպարզի համազգային հանձնաժողովը։

Հայկ Ուսունց

ՀԳ․։ Շատերը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթն աշխատացնում էր շանտաժով։ Կա՛մ փողով հոդված էր գրում, կա՛մ փող էր վերցնում, որ հոդված չգրի այս կամ այն մարդու դեմ։

Փողով հոդված գրողը կամ չգրողը ինչո՞ւ պետք է փողով հողը չծախի։ Հետո ի՞նչ, որ շուրջ 5 հազար զոհ է եղել։ Նիկոլի համար իշխանությունն ու փողը վեր են մարդկային կյանքերից։ 2008–ի մարտի 1–ի դեպքերը վկա։ Նա 10 մարդու գլուխ կերավ ու ծլկեց, հետո եկավ դեպուտատ դարձավ որպես հաճախորդ։ Ինքը ամոթ, կոմպլեքս չունի էդ հարցերում։

Լևոն Տեր–Պետրոսյանին հարցրեք, ինքը կասի, թե ինչ տիպ է Նիկոլը։ Չէ՞ որ 2008–ին երկուսով էին գործում և պայքարում հանուն փուլային հանձնումների։ Լևոնը շատ լավ գիտեր, թե ինչերի է ունակ Նիկոլը, դրա համար էլ դիջեյ էր նշանակել։ Լևոնի համար էլ մարդկային կյանքը զրո է։ Տեսակը տեսակին է գտել։

Հ․Գ․-2։ Այն, որ Նիկոլի համար ամեն ինչ փողով է չափվում և փողից բացի նա այլ սրբություն չունի, երևաց նաև մարտի 1–ի զոհերի պահով։ Նա իր արշինով է չափում մարդկանց ու որոշների առումով չի սխալվում։

Զոհերի հարազատներին Նիկոլը պետբյուջեի հաշվին մարդա 30 միլիոն դրամ տվեց ու սկսեց անխնա օգտագործել։ Դրանցից ոմանք էլ վերցրեցին 30 միլիոնն ու հաճույքով օգտագործվեցին՝ ծախելով իրենց մեռելներին։

Այս խորագրի վերջին նյութերը