Մեկնաբանություն

07.12.2020 19:20


Ոմն մեկն ասում է, որ վախենում էր, թե իրեն կասեն՝ դավաճա՛ն...

Ոմն մեկն ասում է, որ վախենում էր, թե իրեն կասեն՝ դավաճա՛ն...

Աբսուրդ է, բայց երկիրը հետևողականորեն պատերազմի արհավիրքի տարած, այդ պատերազմում հետևողականորեն սխալագույն որոշումներ կայացրած, պատերազմի ընթացքում հասարակությանը հետևողականորեն և միտումնավոր մոլորության մեջ գցած, հանրագումարում խայտառակագույն ու նվաստացուցիչ կապիտուլյացիա ընդունած նիկոլ փաշինյանը և իր հանցագործ-դավաճանական խմբակը տակավին Հայաստանի իշխանության ղեկին են մնում: Արդեն մեկ ամիսը կլրանա: Չգիտեմ, միգուցե դեկտեմբերի 19-ին են սպասում: Ժողովրդական խոսք կա, չէ՞, այն, որ ասվում է՝ համապատասխան թափթփուկներին հասանելի ժամկետը 40 օր է:

Չնայած, 2018-ի մայիսի 8-ից հաշված, արդեն ոչ թե 40 կամ 44, այլ 944 օր է...

Պետության խարխլման, հասարակության պառակտման ու ատելությամբ ներծծման, անցած 29 տարվա ձեռքբերումների փոշիացման, հակահայ և ապազգային թափթփուկներին ղեկավար կարգելու, արժանավոր ու վաստակ ունեցողներին պախարակելու, մի խոսքով՝ երկիրը կործանելու 944 օր: Ազգի ու պետության համար ոչինչ չանելու (թերևս, ասֆալտից բացի), բայց բյուջեից 120 միլիոն դոլարի պարգևավճար լափելու 944 օր...

Մարտնչող տգիտութան և աբիժնիկական մաղձանետության այդ արյունոտ և մարդակուլ սատանայատիրության ճահճապետը մի «հեքիաթ» է պատմում, որ եթե ավելի վաղ համաձայներ դադարեցնել պատերազմը, ապա իրեն դավաճան կպիտակեին: Այն, որ ի այս հորինվածքը այնքան էլ չի համատեղվում կապիտուլյացիայի ակտ ստորագրելը որպես 20-25 հազար զինվորների կյանքի փրկություն ներկայացնելու հետ, նրան ու նրա տխմարությունները որպես վերին ատյանի անքննարկելի ճշմարտություն ընկալողներին չի հուզում: Դե, եթե ելակետը զինվորների կյանքը փրկելն էր, ապա պատերազմի 20 կամ 24-րդ օրը այն դադարեցնելով ավելի շատ զինվորներ կփրկվեին:

Մյուս կողմից, ելակետային «հեքիաթը», որ եթե ավելի վաղ համաձայնեին որոշ տարածքային զիջումների դիմաց պատերազմը դադարեցնելուն, ապա իրենց դավաճան կանվանեին, փաշինյանական քարոզչությունը դարձրել է լեզվի փաթաթան ու շրջանառում էր միառժամանակ:

Հետաքրքիր է, իսկ հիմա, ի՞նչ է, չեն ասո՞ւմ, որ նիկոլ փաշինյանն ու իր իշխանաթիմը դավաճաններ են: Ասում են: Որովհետև դրանց արածը հենց դավաճանություն է, որ կա:

Մյուս կողմից, այդ ի՞նչ մոտեցմամբ էիք երկիր կառավարում: Այսինքն, նիկոլ փաշինյանի և իր մակունցամիտ թափթփուկակույտի համար ֆեյսբուքյան լայքերը կամ պիտակումները շատ ավելի էական կամ ծանրակշիռ են, քան պետության ճակատագիրը, Արցախի ճակատագիրը, բանակի ճակատագիրը, հազարավոր զինվորականների ճակատագիրը, կյանքը, մարդիկ...

Լավ, ենթադրենք, թե իսկապես էլ նիկոլ փաշինյանին հուզում էր այն հարցը, թե հետագայում ինչ կասեին իրեն՝ այս կամ այն քայլի հետ կապված: Ասենք այն, որ հանկարծ իրեն դավաճան չասեն:

Իսկապե՞ս նրան այդ հարցը հետաքրքրում է: Այո՞: Էհ, մի ամբողջ ազգ, արդեն մեկ ամիս է, ինչ նրան ու նրա կամանդին հենց դավաճան է ասում: Պատկերավոր արտահայտված, ազգը թքում է նրանց երեսին: Ու ի՞նչ: Շա՞տ են ազդվել:

Ընդհանրապես չեն ազդվել: Հակառակ դեպքում՝ առնվազն իշխանությունից կամովին հեռացած կլինեին: Բայց՝ ո՛չ: նիկոլ փաշինյանը բոլոր հնարավոր շոշափուկներով կառչել է վարչապետի պաշտոնից: Չի հեռանում, և վերջ: Դեռ մի բան էլ շարունակում են հիմարություններ դուրս տալ և ներքին թշնամանք հրահրել...

Մնում է փաշինյանը: Բայց ի՞նչ է անում:

Ռազմագերիների՞ հարցով է զբաղվում: Ո՛չ:

Անհայտ կորածների կամ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում մնացած մեր զինվորների մարմինները գտնել-վերադարձնելու և մարդավարի հողին հանձնելո՞ւ հարցերով է զբաղված: Ո՛չ:

Իր ստորագրած կապիտուլյացիայի հետևանքով 410 կիլոմետր երկարությամբ նոր սահման-առաջնագծի ամրացմամբ ու պաշտապնությա՞մբ է զբաղված: Ո՛չ:

Ֆինանսատնտեսական անխուսափելի ցնցումների ազդեցությունը մեղմելո՞վ է զբաղված: Ո՛չ:

Միակ բանը, ինչով զբաղված է դավաճան նիկոլ փաշինյանի իշխանությունը... իշխանությունը պահելն է և ժողովրդի, բանակի, զինվորականների, հայ մարդկանց, ընդդիմադիրների հասցեին զազրախոսելն է:

Չէ, դուք ոչ միայն դավաճաններ եք, այլև վնասատու-պարազիտներ:

Ի դեպ, ձեզ ոչ միայն այսօր կամ հիմա, այլև դեռ շատ ու շատ երկար ժամանակ, ավելի ճիշտ՝ առհավետ են ասելու դավաճա՛ն: Ու ձեր ժառանգներին էլ...:

Եվ ընդհանրապես, նիկոլ փաշինյան, դու՝ որպես հողատու, մեռնելուց հետո էլ հայոց հողում չպիտի տեղ ունենաս:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը