Կարծիք

07.12.2020 11:25


Պետական միջոցները մսխող կառավարությունը նորից խոսում է կոռուպցիայից

Պետական միջոցները մսխող կառավարությունը նորից խոսում է կոռուպցիայից

Ինչպես գիտենք, դեկտեմբերի 3-ին կառավարությունը հաստատեց հերթական ուշագրավ օրենսդրական փաթեթը, որն առաջիկայում նախատեսվում է քննարկման դնել խորհրդարանում։ Համաձայն այս փաթեթի՝ Հայաստանում կհիմնվի «հերթական» հակակոռուպցիոն կոմիտե:

Ակնհայտ է, որ նմանատիպ գործողություններով և արհեստական աժիոտաժ ստեղծելով, «կոռուպցիա» կախարդական բառն արծարծելով՝ կառավարությունն ուղղակիորեն փորձում է շեղել հանրության ուշադրությունն իրական օրակարգային հարցերից, ինչպիսիք են հայրենիքի կորուստը, հազարավոր փախստականները, հազարավոր զոհերը, մինչ օրս գերության մեջ գտնվող քաղաքացիները, հանրության օրեցօր աճող դժգոհությունը կառավարությունից և վարչապետի անհապաղ հրաժարականի օբյեկտիվ հանրային պահանջը: Գործող կառավարության կողմից իշխանության զավթման երաշխիքը մշտապես եղել է հենց այդ «ապօրինի գույքերի» գաղափարի քարոզը: Ցանկացած անհասկանալի իրավիճակում կառավարությունը վստահ է եղել, որ եթե սկսի խոսել «ապօրինի գույքերից», բոլոր մնացած խնդիրներն ուղղակիորեն կմոռացվեն: Այժմ ևս կառավարությունը կրկին փորձում է իմիտացիա ստեղծել, թե շուտով լծվելու է «գողացած փողերը» հետ բերելու հայանպաստ գործին, սակայն, ինչպես պարզ դարձավ վերջին երկուսուկես տարիների ընթացքում, որևէ տեսանելի արդյունք այս գործում կառավարությունը դեռևս չի գրանցել, և կարողություն էլ չունի:

Ավելին, այս առարկայազուրկ գործողությունների իրագործման համար կառավարությունը նախատեսում է հատկացնել 8,2 միլիարդ ՀՀ դրամ՝ աշխատավարձերի, շենքային պայմանների, գրասենյակային ծախսերի ու տեխնիկական հագեցվածության համար։ Պատկերացնելու համար նշեմ, որ, օրինակ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որն իրականացնում է հատուցումներ զոհված զինծառայողների ընտանիքներին, միանվագ վճարում է 10,000,000 ՀՀ դրամ (հետագայում կատարում է նաև ամսական պարբերական վճարումներ): Այսպես, պարզ հաշվարկ կատարելով՝ կտեսնենք, որ գումարը, որը պետք է հատկացվի հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը, հավասար է 820 զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվող գումարին:

Ընդ որում, հավելեմ նաև, որ Հայաստանում 2019 թվականից արդեն իսկ գործում է կառուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Եվ ուսումնասիրելով հանձնաժողովի լիազորություններն ու գործառույթները՝ առնվազն անհասկանալի է, թե այս նորաստեղծ կոմիտեն հատկապես ինչ յուրահատուկ ֆունկցիաներ է իրականացնելու, որոնք այժմ չեն կարող իրականացվել արդեն իսկ գործող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Գուցե, կառավարությանը թվում է, թե որքան շատ կառույցներ ստեղծվեն, որոնց անվանումներում կզետեղվի «կոռուպցիա» բառը, այդքան ավելի արդյունավետ կլինի կոռուպցիայի դեմ պայքարը, սակայն, ցավոք, դա այդպես չի աշխատում:

Ավելին, որոշման հիմնավորումներում կարող ենք տեսնել, որ նախատեսվում է ստեղծել նաև հակակոռուպցիոն դատարան: Վախենում եմ անգամ պատկերացնել, թե ինչ գումարներ են հատկացվելու հիմա էլ այս մարմնի ստեղծման համար: Խնդրահարույց է լինելու նաև ապահովելու այդ դատավորների ապաքաղաքականացվածությունը և դատարանների անկախությունը։ Բացի դրանից, եթե ուսումնասիրենք այլ երկրների փորձը, որտեղ ստեծղվել են նմանատիպ դատարաններ, կնկատենք, որ իրականում դրանք արդյունավետ չեն եղել, և չեն նպաստել խնդրի լուծմանը:

Ակնհայտ է, որ այս ամենն ընդամենը պետական միջոցները հետևողականորեն վատնելու հերթական անտաղանդ մշակված պլանն է երկիրը ճգնաժամի հասցրած, սակայն խիստ հպարտ կառավարության կողմից: Օրինակ կարող է հանդիսանալ հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերը, որի մասին երեկ սկսեց խոսել ՀՀ նախագահը (իհարկե ուշացմամբ), ով իմիջայլոց այդ հիմնադրամի խորհրդի նախագահն է…։

Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը