Քաղաքական

05.12.2020 08:10


Եթե ԱԺ-ի կողմից նախագիծն այս տարբերակով ընդունվի, ապա կդիմեմ ՍԴ. Արման Թաթոյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին

Եթե ԱԺ-ի կողմից նախագիծն այս տարբերակով ընդունվի, ապա կդիմեմ ՍԴ. Արման Թաթոյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ, 2) մշակման և քննարկման ընթացակարգային խնդիրներ:

Չնայած հանրային կարևորությանը՝ այդ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, նիստի օրակարգում ընդգրկվել է՝ որպես չզեկուցվող հարց և ընդունվել է առանց քննարկման:

Ներկայացնում եմ իմ մի շարք հիմնական դիտողությունները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքի պահանջները՝

1. Նախագծում ամրագրված է, որ նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհում (գիտական կազմակերպությունում) մինչև կառավարման խորհրդի ձևավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտորի (տնօրենի) պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

Սա նշանակում է, որ նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին վերապահում է միանձնյա իրավասություն նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս լուծումը խիստ մտահոգիչ է առաջին հերթին հենց բուհերի ինքնակառավարման իրավունքի, ակադեմիական և հետազոտությունների ազատության երաշխավորման տեսանկյունից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին նման իրավասություն վերապահելն անթույլատրելի ու այն էլ կոպիտ միջամտություն է բուհի կամ գիտական կազմակերպության ինքնակառավարման սահմանադրական իրավունքին, քանի որ այդպիսով ամրագրվում է գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ուղիղ ազդեցությունը դրանց ինստիտուցիոնալ կառավարման համակարգի մեջ:

4. Բուհական ինքնավարությունը ընկած է կրության իրավունքի հիմքում ու թե՛ կազմակերպական, թե՛ ակադեմիական և թե՛ ռեսուրսների կառավարման հարցերով առավել խոցելի է դարձնում նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասի լուծումը.

«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի հունվարի 1-ն առաջին անգամ վերակազմավորման, բաժանման կամ միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտոր (տնօրեն) հինգ տարուց ոչ ավելի ժամկետով: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի (տնօրենի) նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չեն կիրառվում:»: Ընդ որում, այս կանոնը ներկայացված է՝ իբրև նախագծի անցումային դրույթ:

ԿԳՄՍ նախարարին բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը:

Անթույլատրելի է նաև նման պահանջը ներկայացնելը՝ որպես անցումային դրույթ ու այն էլ այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակվող ռեկտորը կամ տնօրենը կարող է պաշտոնավարել ողջ հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ ստացվում է, որ անցումային դրույթի ուժով նախարարը կարող է որևէ անձի նշանակել պաշտոնավարության այն նույն ամբողջական ժամանակահատվածով, որ կարող էր անել սովորական պայմաններում:

Այս անթույլատրելի մոտեցումն առավել խորացնում է նախագծի այն կանոնը, որ, փաստորեն, գործադիր իշխանության մարմնի ղեկավարին, այսինքն՝ նախարարին իրավունք է վերապահվում միանձնյա որոշմամբ նշանակել ռեկտոր կամ տնօրեն՝ անտեսելով այդ պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներին առաջադրվող պահանջները:

5. Նախագծի այս կարգավորումները հակասում են նաև Եվրոպական համալսարանների մեծ խարտիային, Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական ասոցիացիային (ENQA), Համաշխարհային բանկի Հայաստանի վերաբերյալ զեկույցին և միջազգային այլ պահանջների:

6. Նախագիծը պարունակում է նաև բուհական ինքնավարության համար խոցելի այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են բուհի կառավարման խորհրդի կազմի համամասնությանը:

7. Այսպիսով, նախագծի կարգավորումներն ուղղակիորեն վտանգում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքն ու հակասում են այդ իրավունքի հիմքում ընկած բուհերի ինքնակառավարման իրավունքին, ակադեմիական և հետազոտությունների ազատությանը:

8. Նախագծի լուծումները չեն արտացոլում նաև կրթության և գիտության ոլորտի, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների հրապարակային, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին նրանց առանձին ներկայացրած մտահոգությունները: Խոսքը վերաբերում է նաև նախագծերը հապճեպ հավանության արժանացնելուն և բարձրաձայնված խնդիրները ԿԳՄՍ նախարարության կողմից անտեսելուն:

Ընդ որում, ինչպես երևում է Երևանի պետական համալսարանի դեկանների դեկտեմբերի 4-ի հայտարարությունից, խոսքը վերաբերում է բազմաթիվ ու այն էլ էական դիտողությունների, որոնք առնչվում են Հայաստանում կրթության և գիտության զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են:

9. Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ներկայացված և Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած նախագծերի տարբերակները նույնպես սկզբունքորեն տարբերվում են: Դրանք լիարժեք չեն արտացոլում մեր դիտարկումները:

10. Ստեղծված պայմաններում Կառավարությունը ու առաջին հերթին ԿԳՄՍ նախարարը պարտավոր են ներկայացնել հիմնավոր պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված նախագծերի այս փաթեթի ընդունման հարցում նման չպատճառաբանված շտապողականությունը հանրային կարևորության այս հարցի վերաբերյալ՝ որպես չզեկուցվող հարց Կառավարության նիստի օրակարգում այն ներառելով ու նիստում դա որևէ քննարկման չարժանացնելով: Եվ դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկրում շարունակում է գործել ռազմական դրությունը, պատերազմի հետևանքով առաջ են եկել հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական ու հումանիտար բազմաթիվ խնդիրներ:

11. Ուստի, հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի նման բովանդակությամբ ընդունման և ընթացակարգային հապճեպության նման վերաբերմունքի առնչությամբ:

12. Հետևաբար, եթե Ազգային ժողովի կողմից նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունվի, ապա դիտարկելու եմ Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ առաջնահերթ հենց կրթության իրավունքը երաշխավորող Հայաստանի Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասության հիմքով:
Ավելին, կդիտարկեմ նաև դիմումի հետ միասին վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու միջնորդություն Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը»,-գրել է Թաթոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը