Մեկնաբանություն

04.12.2020 20:50


Կուռքի անկումը, կռապաշտների շփոթմունքն ու...

Կուռքի անկումը, կռապաշտների շփոթմունքն ու...

Մի տեսակ տխուր է, երբ ասում են, թե հայերս առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք:

Բացի այն, որ դա այնքան էլ այդպես չէ, քանի որ քրիստոնեական ուսմունքը հայկական կամ հայաբնակ միջավայրում չէ սկիզբ առել, որ առաջին քրիստոնյաները հայեր լինեին: Չէ, մի քիչ տեղյակ եմ, իհարկե, Աբգար Ե-ի մասին: Բայց ամեն դեպքում, ճիշտ է ասել, որ հայերս քրիստոնեությունը պաշտոնապես որպես պետական կրոն առաջինն ընդունած պետականակիր ժողովուրդն ենք: Կարճ ասած՝ Տրդատ Գ Մեծի մասին էլ մի քիչ տեղեկացված եմ: Մի փոքր: Չնայած, դա արդեն էական չէ:

Իսկ էական չէ, որովհետև, ուզում ես՝ քրիստոնեությունը ամենաառաջինն ընդունած ազգի ներկայացուցիչներից կազմված հասարակություն լինես, ուզում է՝ ընդհանրապես Գրիգոր Նարեկացու ժամանակներում մկրտություն ստացած ազգի, ժամանակակից վարքդ ու հասարակական պահվածքդ է տարօրինակ ու անընկալելի, ինչպես ասվում է՝ սիրելի ժողովուրդ և հայրենակիցներ:

Քանի՞ գրոշ արժե քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունելու սնապարծությունը, եթե կռապաշտության մեջ ես սիրահոժար ընկղմվում:

Հրապարակ ելավ մի բացահայտ քաջնազար, չոքերդ թուլացան: Նա հիմարություններ դուրս տվեց ու բացահայտ ստեց, իսկ դու ականջ դրեցիր, ունկերդ կախեցիր ու ասացիր՝ ահա՜, եկավ փրկիչը...

Դու շատ էիր ուզում փրկի՜չ ունենալ, որ շոյե՜ր քո փուչ և դատարկ ինքնասիրությունը, որ ասեր՝ սիրո՜ւմ եմ բոլորիդ, խոնարհվո՜ւմ եմ բոլորիդ առաջ, իմ հպաաա-ա՜րտ հայրենակից, դու վարչապե՜տ ես, դու իմաստո՜ւն ես...

Ասաց, ստերը շարեց, սրտերը շահեց, ուղեղներդ լվաց, գլուխներդ կերավ: Որովհետև դու նույնիսկ մի պահ չփորձեցիր լսել, որ այդ «դուխիկ» հպարտությունը ծանր մեղք է: Որ անարժան ոչնչությանը փրկիչ անվանելը Աստծո զայրույթն ու պատիժն է հարուցելու...

Չէ՜, դու Հոկտեմբերյանի չոլերից քաշած եկել էիր, որ Արցախն ու Հայաստանը նոյեմբերյան ծվատման ու հոշոտման ենթարկես: Երևի վաղեմի փափագդ ու միակ երազանքդ էր սեփական երկիրը վարի տալը: Ախր, մի 100 տարի վարի չէիր տվել...

Իսկ քո սուտ փրկիչ հրեշը, իր սատանաների հետ մի ամբողջ սերնդի ճակատագիր խեղաթյուրեց ու ապականեց... Արցախի գլուխը կերավ: Մեծ հաշվով՝ Հայրենիքի գլուխն է ուտում և պետություն ունենալու քո, իմ, բոլորիս աստվածատուր իրավունքն է արդեն խժռում...

Կուռքն ընկել է: Ավելի ճիշտ՝ ընկնում է: Ինքն էլ է հասկանում, որ ընկնում է, բայց լինելով սնամեջ մորթապաշտ, ատելությամբ ու չարությամբ լեցուն մի դիվական երևույթ՝ ուզում է ոչ միայն հնարավորինս շատ կռապաշտների իր հետ կործանել, այլև երկիրը, առհասարակ, ինչ կա-չկա:

Դա այն եղկելի կերպարն է, որ եթե իմանա, որ վաղը վարչապետ չի լինելու, և եթե ձեռքի տակ ատոմային ռումբ ունենա, ապա այդ ռումբը կպայթեցնի:

Դա այն էակն է, որ հուզաթաթավ կուրծք կծեծի, թե պատրաստ է զոհվել ու չի հանդարտվի, մինչև բոլորին, առաջին հերթին՝ իր «ջուջուլն» ու այլ մարմնամասերը «ուտել երազող» կռապաշտների ամբոխին չզոհի:

Դա արյունից չհագեցող մի նեռ է: Մոլո՛ք: Բաբելոնյան մարդո՛ւկ: Մարդկային զոհաբերություններ պահանջող կո՛ւռք...

Կուռքն ընկնում է:

Կռապաշտներից ոմանք, որ անմիջականորեն մասնակցել են կուռքի ստեղծման ու կռապաշտության սև գործին, արդեն նկատել են, որ կուռքն ընկնում է ու կարող է նաև իրենց գլխին ընկնել: Ու արդեն ինչ-որ անհանգիստ շարժումներ են անում, շփոթահար են, իրար են խառնվել:

Կար, օրինակ այդպիսի դերասան, ի դեպ, բավականին օժտված: Հոյակապ Համազասպ էր մարմնավորել: Բայց երևի նոր տիպաժ էր նրան հետաքրքիր ու որոշեց կռապաշտությամբ զբաղվել: Զբաղվեց: Հիմա հետ է զբաղվում: Կռապաշտությունն է փորձում մերժել:

Մեկ ուրիշն էլ կար, դերասանուհի: Մեր բակի անցուդարձին էր հետևում ու տպավորիչ էր հետևում: Ոչնչությանը կուռք ու պաշտամունքի առարկա դարձնելու գործը սրտով էր, երևի: Բայց ահա, այն օրն ասում է, թե՝ ժողովուրդը խաբվեց...

Չեն ասում՝ ժողովուրդ, կներեք, որ մենք մասնակցեցինք ձեզ խաբելուն, չեն ասում՝ մենք խաբվեցինք ու ձեզ էլ խաբեցինք (չնայած, չէ, մեկ-երկուսն, այնուամենայնիվ ասում են):

Չեն ասում հիմնականը՝ ձեզ համար կուռքեր մի՛ ստեղծեք, կուռքեր մի՛ պաշտեք:

Ախր անգամ, այսպես կոչված հեթանոս ժամանակներում մենք կռապաշտ չենք եղել, այլ հավատացել ենք մեր Աստվածներին ու հավատարիմ եղել Լույսի ու Արարման նրանց պատգամներին: Բայց, լավ, չշեղվենք...

Չէ, թողեք այդ հրապարակային ինքնախարազանումները: Թողեք: Թողեք կռապաշտությունը: Կուռքեր, մանավանդ քաղաքական գործիչներից, մի՛ ստեղծեք:

Ձեր լպստած «կուռքը» վիշապ էր և կերավ ձեր ու մեր երեխաների, բոլորիս ապագան: Համփ արեց ու կերավ, էն՝ լավաշում փաթաթված իջևանյան խոզի մսի խորովածի նման... Վրայից էլ «հանգստացնող» արնաթան խմեց:

Հա, նա վիշապ է: Բայց նախ՝ ձեր մեջ նստած վիշապին սպանեք..., որ նոր վիշապներ ու կուռքեր մեր երկրի ու ժողովրդի գլխին չբերեք: Դմփ-դմփհուաբար ձեր բերած այս «թավշյա» հրեշը առաջիկա 500 և ավելի տարվա համար անգամ շատ է...

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Պողո՛ս, քեզ եմ ասում, քե՛զ: Ել, ու ոնց էս հրեշին գլխիդ դրած բերեցիր, այդպես էլ վզից բռնած նետիր պատմության աղբամանը: Առհասարակ, Պողո՛ս, գլուխը վրան կուռք նստեցնելու համար չէ, սկսիր այն իր բուն նշանակությամբ գործածել:

Այս խորագրի վերջին նյութերը