Մեկնաբանություն

04.12.2020 20:45


Սա բացարձակ անտերություն է արդեն, այլ ոչ թե սոսկ անիշխանություն

Սա բացարձակ անտերություն է արդեն, այլ ոչ թե սոսկ անիշխանություն

Ինքզինքը վարչապետ համարող մեկը կա, ում անունն արդեն չես ուզում նշել, նույնիսկ՝ փոքրատառ, ահա այդ ոմնը ասում է, թե ինչ-ինչ «սև ու մութ ուժեր» ուզում են տպավորություն ստեղծել, որ Հայաստանում անիշխանություն է: Հա, ու իր հերթին, հակառակն է պնդում, թե բա՝ իշխանություն կա, գործում է...

Գիտե՞ք, Հայաստանում իշխանություն, այո՛, կա: Առնվազն անվանապես, «դե յուրե» ու թղթի վրա: Այդ իշխանության ղեկին անգամ վարչապետ կա. նիկոլ փաշինյան՝ երիցս ու սերնդեսերունդ անիծյալ անուն-ազգանվամբ: Ձևականորեն կա նաև նրա գլխավորած ուսապարկ-գլխարկային «Իմ քայլը» մեծամանությունը:

Այո, Հայաստանում իշխանություն կա, և այդ իշխանության գոյությունը կարելի է նկատել միայն ոստիկանության բազմապատկված շարքերով, որ շրջապատել են կառավարության շենքը, ոմնի կեցավայրը, ռազմավարական նշանակության կառավարական այլ «օբյեկտներ»: Իշխանություն կա և դա երևում է բացառապես նույն ոստիկանների ավելի կատաղեցված ու հայ մարդկանց վրա թշնամու նման հարձակվող խմբերից:

Այո, Հայաստանում ինչ-որ իշխանություն կա, որի ներկայացուցիչներին ուժեղացված պահպանությամբ ավտոշարասյուններով տանում-բերում են, որի ներկայացուցիչները բյուջեից վարձատրվում են, ինչ-որ որոշումներ ու կարգադրություններ են ընդունում:

Մի խոսքով, իշխանություն կա, բայց զուտ որպես բյուջեից իր վրա ծախսեր անող ու ժողովրդի վրա ոստիկանական վայրագ հարձակումների հրամաններ տվող: Ու... վե՛րջ:

Չէ, կներեք, մի հարցում էլ իշխանություն կա. այն առումով, որ մնացած ամեն ինչ թողած, առաջնահերթ ու արագ-արագ զբաղված է... մայրաքաղաքի տարբեր մասերում հայտնված «նիկոլ դավաճան» գրությունները ջնջելով...

Մնացած բոլոր հարցերում Հայաստանում իշխանություն չկա:

Օրինակ, Հայաստանում իշխանություն չկա ռազմագերիների և նրանց վերադարձնելու հարցերով զբաղվելու համար: Այդ գործը թողած է ՄԻ պաշտպանի, Ռուսաստանի նախագահի ու Միջազգային Կարմիր խաչի վրա:

Օրինակ, Հայաստանում իշխանություն չկա Սոթքի ոսկու հանքը թուրքի կողմից գրավել թույլ չտալու, հանքի աշխատակիցների ու հանքավայրի հետ կապակցված ձեռնարկությունների աշխատողների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Չկա իշխանություն, և վերջ:

Օրինակ, Հայաստանում իշխանություն չկա՝ Սյունիքի տարբեր բնակավայրերի պաշտպանության կազմակերպման և թշնամու առաջխաղացումներն ու թափանցումները թույլ չտալու համար: Հայաստանում իշխանություն այնքան չկա, որ թուրքերը կրծկրծորելով գրավում են Սյունիքի սահմանամերձ համայնքների մերձակա տարածքները: Տեղերում մեր հայրենակիցներն ինչպես կարողանում՝ պաշտպանվում են, բայց մեծ հաշվով՝ իշխանություն չկա:

Օրինակ, Հայաստանում իշխանություն չկա, որն զբաղվի Արցախի մեր հայրենազրկված ու տնազրկված հայրենակիցների հարցերով, գոնե ինչ-որ որոշակի բան հայտնի մարդկանց: Ըստ որում, չկա իշխանություն այն աստիճան, որ չի կարողանում գոնե դա անել՝ իր իսկ ստորագրած կապիտուլյացիայից համարյա մեկ ամիս անց:

Հայաստանում իշխանություն չկա այն աստիճան, որ նույնիսկ իր անմռունչ հենարան, իր ստամոքսամիտ և որովայնագլուխ պողոսներին այսօր հուզող միակ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների խնդիրներով զբաղվի:

Եվ, եթե բոլոր այս հարցերով զբաղվող իշխանություն չկա, էլ ո՞ւմ կամ ինչո՞ւ է պետք որևէ մեկը, որ իրեն դեռ վարչապետ է համարում և նույնիսկ՝ պետության ղեկավար:

Եթե այդ իշխանության միակ ֆունկցիան ոստիկանության միջոցով աթոռներն ու պաշտոնները պահելն է, բյուջեն մսխելն ու պետական միջոցներով դեսուդեն տեղաշարժվելը, ապա ո՞ւմ է այն պետք, ընդհանրապես:

Ու առհասարակ, դա իշխանությո՞ւն է, թե՞ ուղղակի պարազիտ:

Իսկ ինչ վերաբերում է երկրում տիրող վիճակին, ապա այն արդեն անիշխանություն չէ, այլ բացարձակ անտերություն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը