Կարծիք

04.12.2020 12:59


Խաղաղ, անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք»

Խաղաղ, անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք»
Պատերազմը չի ավարտվել։ Հադրութի գյուղերում և այլ հայկական բնակավայրերում անորոշության մեջ մնացած հայազգի անձանց նսեմացնելով բնաջնջելու կադրերը դրա ապացույցն են։ Այդ չարաբաստիկ «հայտարարության» հետ մասամբ համակերպվելու միակ կետը հրադադարն էր, սակայն, պարզվում է, ինչը և սպասելի էր անկազմակերպ ու անվերահսկելի գործունեության կամ ավելի ճիշտ՝ դասական ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ պարագայում, այն ևս չի պահպանվում։ Մեզ հրամցվեց հերթական «թղթե շերեփը»։ Խաղաղ, անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք», սրանք անգամ չեն խորշում տեսանկարահանել իրենց բռի վայրագությունները և անարգել հրապարակել։ Եվ սա բնորոշ չէ հաղթող բանակին, իրենք դարերով միայն սրան են ընդունակ, իսկ սրանց հաղթանակ հրամցնելը մի այլ թեմա է։
«Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են.... ՄԱԿ֊ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո» («հայտարարության» 7-րդ կետ)։ Լավ, անվտանգության երաշխավորման առաքելությունը չէր ենթադրո՞ւմ, որ այս կետը պետք է իրագործվեր հայկական զորքերի դուրսբերմանը զուգահեռ կամ առնվազն պետք էր խիստ հետևողական լինել, որպեսզի այդ, այսպես կոչված, միջազգային կառույցները երբեմն դուրս գային իրենց գրասենյակներից և չսահմանափակվեին միայն հումանիզմի, խաղաղասիրության ու թրքասիրության դասեր տալով, ինչը մենք անասելի լավ ենք սերտել։ Այս փուլում գոնե Վիտալի Բալասանյանը կարող է դերակատարում ունենալ, կխնդրեի դեպքերից առաջ չընկնել և մակերեսային ենթադրություններով իրեն անհարկի չքննադատել։ Ընդհանրապես, այս անասելի բարդ շրջանում իրենց վրա պատասխանատվություն ստանձնող և հիրավի կարող անձանց, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանին, բավ է թիրախավորեք, զուսպ լինելը չէր խանգարի։ Այս մարդիկ քաղաքականության մեջ են մտել դեռևս 1965 թ., երբ քաղաքականությունը ոչ միայն բիզնես չէր, այլև խիստ վտանգավոր էր։
Հ.Գ. «Սահմանը գծելով գալն» արտառոց չհամարողներին հիշեցնեմ, որ «հայտարարության» մեջ անգամ ակնարկ չկա դրա մասին, իսկ դուք մի գլուխ քննարկում եք կեղծ օրակարգ՝ թե որ թվի սահմանները հիմք ընդունենք...
Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը