Լրահոս

04.12.2020 11:20


ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019-ի ընթացքում նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019-ի ընթացքում նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով

ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 959.7 հազ. մարդ և 2019թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացնում են, բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով`որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները, որոնք արդիականացվում են հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի (գնահատված ցուցանիշի) տվյալներով:

ՀՀ մշտական բնակչության կազմում 2020թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% և 36.1%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020թ.-ի տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց և կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 և 38.8 տարի:

2020թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.5%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 14.7%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 566 մարդ (230 տարեց և 336 0-15 տարեկան երեխա):

Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2019թ. կազմել է 1.599 միավոր, 2018թ.՝ 1.572 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150 ցուցանիշից (պարզ վերարտադրության դեպքում ծնողներին փոխարինող երեխաների սերունդը և ծնողների սերունդը հավասար են իրենց բացարձակ թվաքանակներով): Բնակչության վերարտադրության բրուտտո գործակիցը 2019թ. կազմել է 0.760 (ծնունակ տարիքում միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի կինը, ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում), իսկ բնակչության վերարտադրության նետտո գործակիցը կազմել է 0.730 միավոր (միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ողջ կյանքի ընթացքում, որոնք կհասնեն մոր տարիքին, իրենց ծնվելուց` յուրաքանչյուր տարիքում ծնելիության և մահացության տվյալ ժամանակաշրջանի մակարդակների պահպանման դեպքում):

2019թ. մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 27.6 տարի, առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 25.2 տարի, 2018թ. համապատասխանաբար` 27.3 և 25.1 տարվա համեմատ:

Ըստ ծննդի հաջորդականության` երրորդ և բարձր կարգի ծնունդները 2019թ. կազմել են հանրապետության կենդանի ծնվածների ընդհանուր թվաքանակի 25.0%-ը և նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 2.4%-ային կետով:

1990-ականներից Հայաստանում արձանագրված անկայուն տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաև բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այսպես, ծնելիության ընդհանուր գործակիցը 2019թ.-ին, 1000 բնակչի հաշվով, կազմել է 12.2 պրոմիլ, 2018թ. 12.3 պրոմիլի համեմատ:

2019թ.-ին գրանցված կենդանի ծնվածների 31.8%-ն արձանագրվել են չգրանցված ամուսնություններից (այդ թվում` արտաամուսնական):

2019թ.-ին` նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է մահվան դեպքերի աճ` 1.7%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակցն աճել է՝ 0.1 պրոմիլային կետով և կազմել 8.8 պրոմիլ: Ընդ որում, մահացության գործակիցը, համեմատաբար, ավելի բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ 8.9, քան գյուղականում՝ 8.7 պրոմիլ:

Ծննդյան և մահվան ցուցանիշների տարբերությունով ձևավորված բնակչության բնական հավելաճը 2019թ. կազմել է 9.8 հազ.մարդ՝ 2018թ. 10.8 հազ. մարդու համեմատ: 2019թ.-ին ՀՀ բնակչության բնական հավելաճի ընդհանուր գործակիցը կազմել է 3.4 պրոմիլ (1000 բնակչի հաշվով), նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 0.2 պրոմիլային կետով:

Մահացության պատճառական կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը կազմում եմ ընդհանուր մահերի շուրջ երեք քառորդը: Նախորդ տարվա համեմատ ավելացել են շնչառական օրգանների, չարորակ նորագոյացությունների, արտաքին պատճառների, մարսողական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը:

Արական և իգական սեռերի մահացության տարբեր մակարդակներով պայմանավորված, տարբերվում են նաև տղամարդկանց և կանանց կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշները: 2019թ.-ին կյանքի սպասվող միջին տևողությունը տղամարդկանց համար կազմել է 73.1 տարի, իսկ կանանց համար` 79.5 տարի: Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 73.2 կանանց համար` 79.7 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատասխանաբար` 72.7 և 79.1 տարի:

2019թ. Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ իրենց բնակավայրերից բացակայել են տնային տնտեսության (տ/տ) անդամների` 5.1%-ը, իսկ 14.4 %-ը՝ 2014-2019թթ.-ի ընթացքում երեք ամիս և ավելի ժամկետով ապրել են ՀՀ այլ բնակավայրում կամ այլ երկրում ու վերադարձել են իրենց մեկնումներից:

Մեկնած և 2019թ. դրությամբ դեռևս չվերադարձած տնային տնտեսության անդամների` 18.6%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև, 11.8%-ինը` Արցախի Հանրապետության հետ, իսկ մնացած 69.6%-ինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 90% տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:

2014-2019թթ. ընթացքում մեկնած և 2019թ. դրությամբ վերադարձած տնային տնտեսության անդամների`8.8%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև, 11%-ինը` Արցախի Հանրապետության հետ, իսկ մնացած 80.2%-ինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 87.8%-ի տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:

Հետազոտված ժամանակահատվածում (2014-2019թթ.), ըստ ՄԱԿ-ի սահմանած մեթոդաբանության, միջազգային միգրանտները կազմել են երկրից 3 ամիս և ավելի ժամկետով բացակա տ/տ անդամների (չվերադարձածների) շուրջ 84%-ը (մոտ 85 000 հազ. մարդ), որոնցից կարճաժամկետ միգրանտները` 3-12 ամիս տևողությամբ երկրից բացակայածները (ներառված չեն` հանգստի, ընկերներին/բարեկամներին այցելության, արձակուրդի, գործնական, բուժման մեկնածները) կազմել են 68%, իսկ երկարաժամկետ միգրանտները՝ մեկ տարի և ավելի ժամկետով բացակայողները կազմել են 32%: Հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 2014-2019թթ. միջակայքում 3 ամիս և ավելի տևողությամբ ՀՀ-ից մեկնած և 2019թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած տ/տ միգրանտ անդամների գնահատված միջին տարեկան թվաքանակը կազմել է շուրջ 16 հազ. մարդ:

Հետազոտության արդյունքներով արձանագրվել է նաև, որ տ/տ անդամների շուրջ 3.7%-ը՝ մտադրություն է ունեցել մոտակա 12 ամիսների ընթացքում մեկնել այլ երկիր, 0.5 %-ը՝ ք.Երևան կամ ՀՀ այլ մարզ, իսկ 95.8 %-ը՝ նման մտադրություն չի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը