Քաղաքական

04.12.2020 10:50


«Պարտվել ենք, քանի որ Փաշինյանը հարբած վիճակում հրամաններ է տվել, զորքին անտեր են թողել»․ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյան (տեսանյութ)

«Պարտվել ենք, քանի որ Փաշինյանը հարբած վիճակում հրամաններ է տվել, զորքին անտեր են թողել»․ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյան (տեսանյութ)

«Երբ թշնամի երկիրը տեսնում է, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար և մեծամիտ, ունակ չէ որևէ բան ղեկավարելու ու տանելու, ունակ չէ պատերազմ վարելու, բնականաբար օգտագործում է այդ պատեհ առիթը՝ պատերազմ սկսելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ ներկայացնելով, թե ինչու Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծել։

Նրա խոսքով, պատերազմ սկսվեց այն պատճառով նաև, որ մեր պետության ղեկավարը, պաշտոնների էր նշանակել մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները՝ ռազմականից մինչև տնտեսական։

«Երբ պաշտոններից հեռացնում են վաստակ ունեցող հրամանատարներին, երկու հաղթանակ կռած գեներալիտետի փոխարեն ասպարեզ են գալիս մարդիկ, որոնք ունակ չեն պատերազմ վարելու, կամ չգիտեն՝ ինչ է պատերազմը, կամ աճել են ինչ-որ շտաբներում, բնականաբար դու պետք է պարտվես»,-նշեց նա։

Բացի այդ, ըստ Աշոտ Մինասյանի, երբ վարչապետը պաշտոնների է նշանակում, ապա հերոսի կոչում շնորհում մարդկանց, որոնք ոչինչ չեն կատարել, պետք է վերջն այսպիսին լիներ։

«Երբ եղավ նահանջը, մեր հեռուստաեթերից հնչում էր՝ «հաղթում ենք» արտահայտությունը։ Այդ պոռոտախոսությունը սկսեց ներսից մեզ ուտել, քանի որ դա իշխանությունների կողմից իրականացվող չգիտակցված քարոզչություն էր։

...Այդ օրերին ինձ զանգում է Շուշիում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը, մենք զրուցում ենք։ Զրույցի ընթացքում ինքն ինձ հարցնում է, թե ինչ իրավիճակ է Կարախամբիլիի մատույցներում, որտեղ ես էի գտնվում։ Ես իրեն ներկայացրի իրավիճակը, ասացի իրեն, որ վտանգված է Հորադիսի խաչմերուկը, քանի որ մեր տանկերը հասել են այդտեղ։

Դա ինչպես էր եղել. մեր գերագույն գլխավոր հրամանատարը ոչ ադեկվատ, հարբած վիճակում հրաման է արձակում՝ ասելով, եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, դրա համար ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով։ Եվ այդ հրամանն ընդունվում է, անցնում ենք հարձակման, հասնում մինչև Հորադիսի խաչմերուկ։ Հենց մերոնք հասնում են այդտեղ, հրամանը կատարողներից մեկին գեներալի կոչում է շնորհվում, երկուսին՝ հերոսի։ Եվ Նիկոլ Փաշինյանի նպատակն այն էր, որ ինքը հանրությանը ներկայացնի, որ մենք ազատագրել ենք Լելե Թեփեն։ Եվ մեր ուժերը առաջանում են մինչև Հորադիսի խաչմերուկ..., այնտեղ թողնում ենք տանկեր ու զոհեր, իսկ զորքը սկսում է նահանջել։ Այդ ամենը ես ներկայացրել եմ Մանվել Գրիգորյանին»,-մանրամասնեց Աշոտ Մինասյանը։

Նրա խոսքով, փախչող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում, և ոչ ոք չի ասում՝ ինչո՞ւ։ Իսկ ավելի ուշ, ըստ բանախոսի, այդ փախչող զորքի հրամանատարին հանել են Սիսիանի գնդի հրամանատարի պաշտոնից և նշանակել Սովետաշենի գնդի հրամանատար. «Սա պայմանավորված պարտություն տանելու իրավիճակ էր...։ Եվ խուճապ ձևավորողներին սկսեցին տարբեր պաշտոնների նշանակել, կամ հանելով աշխատանքից, փորձեցին մաքրել տվյալ մարդկանց։ Սա դավաճանություն է, որի հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»։

«Սիսական» ջոկատի հրամանատարը վստահություն հայտնեց՝ զինվորը երբեք պարտված չի եղել, նա միշտ հստակ կատարել է իր աշխատանքը, պարտվել են պետության համար մեկ թշնամին ու իր նշանակած հրամանատարները:

«Զորքին տիրություն չեն արել, իսկ զորքը, զինվորը հրաշալի մարտնչել են: Պարտվել ենք նաև նրա համար, որ թողել ենք մեր կամավորներին, ՄՈԲ-ով կանչված տղաներին մնան անտեր: Չենք ունեցել ղեկավարում, համապատասխան պաշտոններում նշանակված մարդիկ: Դրա համար ունեցանք պարտություն: Երբ զինվորը տեսնում է, թե ինչպես է հերոսի կոչում ստանում իր հրամանատարը, ով որևէ բան չի արել, փախել է, բնականաբար, նրա մոտ հարց է առաջանում, թե ինչու են հերոսի կոչում տվել՝ նահանջի, պարտության, փախուստի համա՞ր: Արդյունքում հերոս կոչվածը զինվորի աչքին դառնում է զրո, նույն զինվորի, որը մարտնչել է, զոհվել է, չգիտես, թե որտեղ է: Զորքին անտեր են թողել»,-ասաց Աշոտ Մինասյանը:

Աղբյուրը` Panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը