Քաղաքական

03.12.2020 18:01


Ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցը ռուս խաղաղապահ առաքելության ղեկավարության վերահսկողության տակ է. Զախարովա

Ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցը ռուս խաղաղապահ առաքելության ղեկավարության վերահսկողության տակ է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռային Ղարաբաղում տիրող իրավիճակին և հրադադարի ռեժիմի պահպանմանը:

«Անցյալ շաբաթվա ընթացքում շարունակվել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը, հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Հեռախոսազրույցներ են կայացել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի միջև նոյեմբերի 30-ին, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի և նրա հայ գործընկերոջ միջև նոյեմբերի 28-ին: Այդ շփումների ընթացքում քննարկվել են ռուս խաղաղապահների գործունեությունը, բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը, կրոնական և մշակութային կառույցների պահպանությանն ուղղված միջոցառումները»,-նշել է Զախարովան:

Վերջինս հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին անդրադարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ առցանց նիստում, ԱԳ նախարար Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին:

«Ռուս խաղաղապահները շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման համար: Նրանք պայմաններ են ստեղծել փախստականների վերադարձի համար, ապահովել են քաղաքացիական ավտոտրանսպորտի, տարբեր ապրանքների տեղափոխման, վերանորոգում իրականացնող հաշվարկների տեղաշարժի անվտանգությունը, ինչպես նաև ականազերծման աշխատանքներ են կատարել: Ուզում եմ շեշտել, որ ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցը, որը շատ զգայուն թեմա է հայկական և ադրբեջանական կողմերի համար, գտնվում է ռուս խաղաղապահ առաքելության ղեկավարության վերահսկողության տակ: Մեր խաղաղապահները որոնումներ են իրականացնում ժամանակակից տեխնիկական միջոցների օգնությամբ»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիվանագետը հավելել է, որ բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելու հարցում ռուսական կողմը սերտ կապի մեջ է հայկական և ադրբեջանական համապատասխան կառույցների հետ:

«Արձագանքման կենտրոնն ընդլայնել է փախստականներին տրամադրվող օգնության ծավալը: Նոյեմբերի 14-ից իրենց մշտական բնակության վայրեր վերադարձած անձանց թիվը մոտենում է 30 հազարի: Ամեն օր 1000-2000 մարդ է վերադառնում: Սկսվել է մարդասիրական ապրանքների տեղափոխումը: Աշխատում ենք շահագրգիռ միջազգային կառույցների հետ: Տարածաշրջանում աշխատում է Կարմիր խաչի միջազգային կազակերպությունը, նախապատրաստվում է ՄԱԿ-ի առաքելության ժամանում՝ տեղում իրավիճակի գնահատման համար»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը