Մեկնաբանություն

03.12.2020 18:15


Համեմատելու եզրեր, կներեք, չկան

Համեմատելու եզրեր, կներեք, չկան

Այսօր Հայաստանի ղեկավարը «դե յուրե» նիկոլ փաշինյանն է, որը կատաստրոֆիկ համառությամբ կառչել է վարչապետի աթոռից:

Վաղը, շատ հնարավոր է, որ ձևավորվի անցումային կառավարություն, որը կգլխավորի ազգային, պետական գործիչ Վազգեն Մանուկյանը: Բնականաբար, համեմատելու եզրեր չկան ո՛չ անհատական, ո՛չ գաղափարական ու քաղաքական առումներով: Ավելին, հարկ ենք համարում նախապես ներողություն խնդրել Վազգեն Մանուկյանից համեմատության համար՝ վստահությամբ, որ նա ըմբռնումով կվերաբերվի այս հրապարակմանը:

Ի՞նչ ունենք՝ ի դեմս նիկոլ փաշինյանի և նրա գլխավորած իշխանության

Ունենք քաղաքական և անհատական 0 (զրո) պատասխանատվությամբ գործիչ և նույնպիսի հատկանիշ կամ անորակություն դրսևորող խմբավորում:

Ունենք պոպուլիստ (ամբոխահաճ), դատարկախոս, մշտապես ներքին ատելություն և ներհասարակական բաժանումներ հրահրող, հիստերիկ և անհավասարակշիռ պահվածք ու վարք դրսևորող, ուղղակիորեն ստախոս գործիչ, որը նաև պետության ղեկավարի պաշտոնում է, որը արդեն երկուսուկես տարի պետություն է ղեկավարում, հրամաններ տալիս ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Զինված ուժերին:

Ունենք անորոշ ու տարտամ, հեղհեղուկ գաղափարական պատկերացումներով և դիրքորոշումներով աչքի ընկած գործիչ և նրա կողմից գլխավորած խայտաբղետ, անհասկանալի քաղաքական կենսագրությամբ ու անցյալով, «քաստինգ»-ով կազմված բազմույթ:

Ունենք արկածախնդիր, շանտաժի գործելակերպ դրսևորող, ինքնասիրահարված, որևէ այլ տեսակետ կամ կարծիք ընկալել չկարողացող, ավելին՝ ցանկացած քննադատության ետևում դավադրություն ու «նախկինների ռևանշ» տեսնող բարդույթավորված մեկը:

Ի՞նչ հատկանիշներ է դրսևորել Վազգեն Մանուկյանը

Պատասխանատու պետական և քաղաքական գործիչ, ըստ որում, և՛ քաղաքական, և՛ անհատական ընդգծված պատասխանատվության, պատվախնդրության զգացում, սկզբունքայնություն: Վազգեն Մանուկյանը երբեք չի վախեցել, հատկապես որպես պետական գործիչ, մտնել պատասխանատվության տակ, ստանձնել պատասխանատվություն, նույնիսկ ամենից ծանր ու անհույս թվացող իրավիճակներում և պայմաններում:

Իրական քաղաքական ու անհատական համարձակությունը հենց դա՛ է, այլ ոչ թե գլխարկի վրա ինչ-որ բան գրելը:
Ավելին, Վազգեն Մանուկյանը մի՛շտ հանդես է եկել իր՝ ոչ պակաս խարիզմատիկ կերպարով: Ի տարբերություն ոմն մեկի, որ այս կամ այն կերպարի մեջ մտցվելու քաղտեխնոլոգիական հնարանքների է դիմել:

Վազգեն Մանուկյանն ունի գաղափարական կոնկրետ կողմնորոշում՝ ազգային և ժողովրդավարական արժեքների ընդգծված հենքով:

Գիտական, մաթեմատիկական տրամաբանություն, ներկայացրած մոտեցումները գնահատականները, որոշումները փաստարկված հիմնավորելու, բացատրելու կարողություն:

Քննադատության ընկալունակություն, ամենատարբեր ուղղվածության և քաղաքական կողմնորոշման գործիչների, ուժերի հետ հարաբերություններ կառուցելու, համագործակցելու և աշխատելու կարողականություն:

Չնայած ամենաբարձր պետական պաշտոններ զբաղեցնելուն՝ հնարավորինս պարկեշտ քաղաքական կենսագրություն:

Իրական ներդրում Հայաստանի անկախ պետականության վերականգնման գործում:

Իրական ու անուրանալի ներդրում՝ Հայաստանի Զինված ուժերի ձևավորման ու կայացման գործում:

Իրական ու անուրանալի ներդրում՝ Արցախի ազատամարտում հաղթանակի հասնելու գործում:

Իսկապես չկան համեմատության եզրեր:

Վազգեն Մանուկյանն իր ամբողջ գիտակից կյանքում, առավել ևս՝ քաղաքական գործունեության ընթացքում եղել է ստեղծող, կազմակերպող, համախմբող, կոնկրետ խնդիրներ լուծող կամ լուծելու համար անհրաժեշտ միավորում ձևավորող:

Իսկ նիկոլ փաշինյանը թե՛ ընդդիմադիր աշխատած տարիներին, թե՛ մանավանդ որպես պետության ղեկավար, եղել ու մնացել է «քանդող»: Ու, ինչպես տեսանք, նաև՝ երկրաքանդ: Ու կարծես չի հանդարտվում: Բայց «հանդարտեցնելը» կենսական անհրաժեշտություն է այլևս:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը