Մեկնաբանություն

03.12.2020 09:42


Ոչ միայն քաղաքական դիակ, գաղափարական սնանկ, այլև բացարձակ բարոյազուրկ «իշխանություն»

Ոչ միայն քաղաքական դիակ, գաղափարական սնանկ, այլև բացարձակ բարոյազուրկ «իշխանություն»

«Թավշյա» քայլիստները՝ իրենց քայլապետ նիկոլ փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են համարվել ՀՀ իշխանություն և պահպանում են այդ՝ ֆունկցիոնալ առումով շշմեցուցիչ անգործության մատնված իշխանությունը: Միակ բանը, ինչ դեռևս անում է դեպքերի ընթացքը պատերազմական իրավիճակի հանգեցրած, ապա այդ պատերազմը միտումնավոր տանուլ տված մորթապաշտ-ստախոսների «իշխանությունը»՝ իրենց «գերագույն կապիտուլյանտ» նիկոլ փաշինյանի գլխավորությամբ, ոստիկանական ջղաձգումներն են ու փաշինյանի հրաժարական պահանջող հայ մարդկանց դեմ բռնությունները: Ի լրումն, նիկոլ փաշինյանն ու իր հանցակից-քայլակիցները զբաղված են նորանոր ստերի տարածմամբ, մանիպուլյատիվ բնույթի հայտարարություններ տարածելով, ըստ որում՝ չեն խորշում նույնիսկ գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին ու հարազատներին շանտաժի ենթարկելուց:

Երկուսուկես տարի առաջ փողոց ելած հարյուր հազարավոր մարդկանց աջակցությամբ իշխանության եկած, ապա՝ 2018-ի դեկտեմբերի 9-ին քվեարկության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 48 տոկոսի (ընտրության մասնակցությունը) ձայների մոտ 80 տոկոսն ստանալով իշխանությունը ամրագրած նիկոլ փաշինյանն ու իր քայլակից-հանցակիցները ոչ միայն քաղաքական դիակ են, ոչ միայն գաղափարական սնանկ են, այլև դրսևորվում են որպես բացարձակապես բարոյազուրկ:

Մեր հայրենակիցները, որոնցից շատերը տեղեկություն չունեն իրենց զավակների, հարազատների մասին, հայրենակիցները, ում զավակները հայտնվել են թշնամական գերության մեջ, դիմում են Ռուսաստանի նախագահին, օտար երկրի ղեկավարի, միջազգային կառույցների, որովհետև հասկանում են, որ այն, ինչը ներկայանում է որպես ՀՀ իշխանություն, ըստ էության որևէ նման հարց ոչ կարող է լուծել, ոչ էլ ցանկանում է լուծել:

Առավելագույնը, ինչին այս և նման հարցերի հետ կապված ունակ էր նիկոլ փաշինյանը, անհետ կորած կամ գերեվարված զինվորականների հարազատներին շանտաժի ենթարկելն էր, որ եթե երկրի ներսում ինչ-ինչ բախումներ լինեն, ապա այդ հարցերի լուծումն ավելի կդժվարանա կամ նման մի բան: Ավելի հիմար ու ցինիկ մոտեցում դժվար էր սպասել նիկոլ փաշինյանի նման մեկից:

Առհասարակ, նոյեմբերի 10-ից սկսած, ինչո՞վ է զբաղված նիկոլ փաշինյանը: Ինչո՞վ է զբաղված նրա գլխավորած իշխանությունը:

Հասարակությունը և առաջին հերթին՝ վշտի ու անորոշության մեջ հայտնված մեր այդ հայրենակիցներն ամենօրյա ռեժիմով պիտի տեղեկանային իշխանությունից, թե կոնկրետ ինչ են արել, ում հետ են հարց քննարկել, ինչ առաջխաղացում են արձանագրել այս հարցում: Փոխարենը, միակ բանը որ լսում են իշխանությունից, շանտաժի լեզվով այդ ցինիկ մոտեցումն է:

Միաժամանակ տեղեկանում ես, որ այդ կապիտուլյանտ իշխանության կողմից թշռնամուն հանձնված շրջաններից մարդկանց դուրսբերման և ունեցվածքի տեղափոխման հարցերն էլ թողնված են ինքնահոսի ու բախտի քմահաճույքին: Հետևում ես իրադարձությունների ընթացքին և լրահոսին ու պարզորոշ գիտակցում, որ կապիտուլյանտ իշխանության պատճառով արդեն Վահան գյուղից մինչև Մեղրու Նռնաձոր սահման-առաջնագիծ դարձած ավելի քան 400 կիլոմետրի վրա ըստ էույթան ոչ մի հետևողական աշխատանք չի արվել այդ առաջնագիծը պահելու համար:

Առավելագույնը, ինչին այս հերձվածող ցինիկներն ընդունակ են, «ադրբեջանական շուկայում» բան-ման ծախելու մասին անմիտ ճամարտակություններն են, քյաբաբի առաքիչին էկոնոմիկայի նախարար նշանակելը կամ նման մի բան: Երևի առողջապահության նախարար էլ որևէ հեքիմի կնշանակեն, իսկ բնապահպանության նախարար մեկին, ով ասենք, շուն է պահում կամ գերմանամուկ:

Չի կարող ուշադրություն չգրավել այն, որ նիկոլ փաշինյանի գլխավորած իշխանությունը մատնված է բացարձակ անգործության, ինչն է՛լ ավելի է խորացնում աղետյալ վիճակը, որի մեջ նրանք նետել են մեր երկիրն ու ժողովրդին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը