Քաղաքական

02.12.2020 14:57


Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպումը բուռն է անցել. պահանջել են Փաշինյանի հրաժարականը

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպումը բուռն է անցել. պահանջել են Փաշինյանի հրաժարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Հանրային խորհրդի հետ: Անկախ-ը տեղեկացրել էր, որ խորհրդի անդամներից շատերը ցանկություն չեն հայտնել մասնակցել հանդիպմանը, որոշներն էլ մասնակցել են՝ Նիկոլ Փաշինյանի երեսին ասելու ճշմարտությունը և ստեղծված իրավիճակ հետ կապված հարցադրումներ անելու նպատակով:

Մեր տեղեկություններով՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներից 12-13 հոգի: Հիշեցնենք, որ խորհրդի կազմը բաղկացած է 45 հոգուց:

Հանդիպումը շատ բուռն է անցել, տևել է 3 ժամ: Հետաքրքիր է, որ շուրջ 3 ժամ տևած հանդիպման վերաբերյալ ո՛չ ՀՀ կառավարությունը, ո՛չ Հանրային խորհուրդը մինչ այս պահը որևէ հաղորդագրություն չեն տարածել:

Ինչևէ, Անկախ-ին բավականին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել այդ հանդիպումից: Պարզվում է՝ ՀԽ անդամները շատ սուր հարցեր են բարձրացրել, իսկ նրանցից ոմանք ուղիղ տեքստով պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարաանը:

Չափազանց սուր ելույթ է ունեցել Գագիկ Գինոսյանը:

Անկախ-ի հետ զրույցում Գինոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր համար վարչապետ չէ, այլ ֆեյքերի վարչապետն է, և այդ մասին երեկ ուղիղ ասել է նաև նրան:

«Ինչ-որ պետք էր, երեսին ասել եմ, շատ բան եմ ասել ու դուրս եմ գալիս Հանրային խորհրդից»,-ասաց Գագիկ Գինոսյանը:

Ի դեպ, Փաշինյանը բոլոր ելույթներին անդրադարձել է և միայն Գինոսյանին արձագանքել է, թե բան չունի նրան ասելու:

Չափազանց սուր է խոսել նաև Արշակ Սադոյանը: Նա նույնպես բարձրացրել է Փաշինյանի հրաժարականի հարցը: Ընդ որում, երբ խորհրդի անդամները շեղվել են բուն պատերազմի ու հրաժարականի թեմայից ևփորձել այլ հարցեր քննարկել, Սադոյանը հորդորել է վերադառանալ հիմնական հարցին՝ պնդելով, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ իր սխալ որոշումների հետևանքով է նման խայտառակ պարտություն գրանցվել:

Ի պատասխան հրաժարականի պահանջին՝ Նիկոլ Փաշինյանը ՀԽ անդամներին ասել է, որ իր հրաժարականի հարցը քննարկվել է նաև իրենց կուսակցությունում: «Հենց զգամ, որ դրա անհրաժեշտությունը կա, հրաժարական կտամ»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ չի ուզում խուսափել պատասխանատվությունից:

Ի դեպ, Փաշինյանն ասել է, թե այսօր էլ ժողովուրդն իրեն սատարում է, ինչին ի պատասխան՝ Արշակ Սադոյանը վրդովված հարցրել է, թե որտեղի՞ց իրեն նման վստահություն, հանրաքվե՞ է արել, որ նման բան է հայտարարում:

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ արձագանքել է, թե եթե ոչ Փաշինյանը, ապա ո՞վ, ինչին ի պատասխան՝ Արշակ Սադոյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ անփոխարինելի չէ:

Ի վերջո Սադոյանն այնքան է բարկացել, որ Փաշինյանը նրան առաջարկել է դուրս գալ, ծխել, հանգստանալ և վերադառնալ: Սադոյանը դուրս է եկել, բայց չի վերադարձել քննարկմանը:

Այս խորագրի վերջին նյութերը