Կարծիք

01.12.2020 14:53


Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պարգևատրումները ենթակա են բռնագանձման՝ պետբյուջեի օգտին

Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պարգևատրումները ենթակա են բռնագանձման՝ պետբյուջեի օգտին

Գործող վարչախումբը հատում է բարոյականության հնարավոր բոլոր սահմանները:

Բարձրաստիճանների խնդրահարույց պարգևատրումների մասին խոսելիս վարչապետը պարբերաբար խոստանում էր պետական հատվածի վարձատրության կարգավորումներում համակարգային նոր լուծումներ:

Եվ ահա, օգտվելով պատերազմական խառը իրավիճակից՝ իրենց հատուկ գաղտնագողի կերպով իբրև գտան «լուծումը»: Վերջինս էլ ամրագրել են ՀՀ 2021 թվականի պետական բյուջում: Մասնավորապես, բարձրացրեցին պետական հատվածի վարձատրության չափը որոշող բազային աշխատավարձը:

Հետևանքը լինելու է այն, որ վարչապետն ամսական կստանա 1,3 միլիոն դրամ հիմնական աշխատավարձ, որն աճում է շուրջ 40 հազար դրամով կամ մեկ աղքատ ընտանիքի մեկ ամսվա նպաստի միջին չափով: Նախարարները կստանան ամսական 816 հազար դրամ, որն աճում է շուրջ 25 հազար դրամով կամ մեկ անձի նվազագույն կենսաթոշակի ամսական չափով: Այսպես շարունակ՝ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար: Եվ սա առանց իրենց անաշխատ պարգևատրումների ու ինքնապարգևատրումների: Վերջիններով էլ առնվազն կրկնապատկում են իրենց հիմնական աշխատավարձերը:

Ավելին, 2021 թվականին նախատեսված պարգևատրումներին հատկացվող պետական ծախսերը կազմում են շուրջ 106 միլիարդ դրամ, որի աճը 2020 թվականի համեմատ՝ 21,7 տոկոս կամ 18,825 միլիարդ դրամ:

Օրերս իր բաղձալի պաշտոնը թողած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը 2021 թվականի բյուջեի նախագծի սոցիալական պաշտպանության հատվածը ներկայացնելիս սոցիալ-տնտեսական վիճակը գնահատեց ծանր: Այս նախարարը դրանով էլ «հիմնավորեց» կառավարության հակասոցիալական շարունակվող վարքագիծը, ըստ որի՝

կենսաթոշակների և նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն բարձրանալու, և սա այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները արդեն իսկ շուրջ 10 տոկոսով բարձրացել են և հետագա գնաճի համար պահպանվում են իրական հիմքերը,

սոցիալական պաշտպանության ծախսերն ավելանալու են ընդամենը 2 տոկոսով, և սա էլ այն դեպքում, երբ ձախողված հակահամաճարակային պայքարի, տնտեսական երկնիշի հասնող և շարունակվող անկման, ազգային արժույթի էական արժեզրկման և գնաճի հետևանքներով աղքատության շեմին հասած ընտանիքներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում ՆԱՀԱՏԱԿՎԱԾ և հաշմանդամ դարձած ՀԵՐՈՍՆԵՐԻ, փախստականների տասնյակ հազարավոր ընտանիքներին պետական աջակացության համար օբյեկտիվորեն անհրաժեշտ են նախատեսված լրացուցիչ միջոցներից առնվազն 10 անգամ ավելի միջոցներ:

Մյուս կողմից, կառավարության անդամներն այդպես էլ հոդաբաշխ ձևով չհիմնավորվեցին պետական հատվածի 2021 թվականի պարգևատրման ֆոնդի թռիչքաձև աճը, բարձրաստիճան պաշտոնյանների հիմնական աշխատավարձերի շոշափելի ավելացումը:

Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում բազմիցս ենք փաստարկել և հիմնավորել իշխող խմբակին պատկանող պաշտոնյաների կայուն ձախողումները, նրանց չկատարվող խոստումները և պոպուլիստական արդարացումները, փնթի, անորակ և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների աննախադեպ թերակատարումները:

Ստեղծված իրավիճակում առարկայական խնդիր է նաև բարձրաստիճան այդ պաշտոնյաների անաշխատ և հակաօրինական պարգևատրումների հետ վերադարձը պետական բյուջե: Նախնական գնահատումներով այս գումարների ընդհանուր չափը կազմում է տասնյակ միլիարդներ:

Ակնհայտ է՝ անհապաղ վերադարձման ենթակա այս գումարները և 2021 թվականի համար նախատեսված շուրջ 105 միլիարդ դրամի չափով պարգևատրման ֆոնդը պետք է ուղղվեն սոցիալական պաշտպանության ծրագրերին:

Գործող իրավակարգավորումներով ևս առկա են բավարար հիմքեր բարձրաստիճան պաշտոնյանների խնդրահարույց պարգևատրումների հետ վերադարձն ապահովելու համար: Մասնավորապես.

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության կատարողականի գնահատման, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքների կատարման համար, այլ ոչ թե՝ որպես պաշտոնից բխող ամսական հավելում: Այսինքն՝ պարգևատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու գործառույթ: Այն չի կարող հավասարեցվել հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով և կարող են փոխվել միայն օրենքով, այլ ոչ թե վարչապետի որոշմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ աշխատողի մեղքով խոտան արտադրանքի դեպքում աշխատանքը չի վարձատրվում, էլ ու՞ր մնաց՝ պարգևատրվի: Իսկ համատարած խոտան աշխատանքը լիարժեք բնութագրական է ամբողջությամբ ձախողված այս կառավարությանը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը