Հարցազրույց

01.12.2020 00:04


«Հեղափոխությունից հետո ՔՊ-ից դուրս գալու դիմում եմ գրել». Վարդան Աթաբեկյանը փակագծեր է բացում (տեսանյութ)

«Հեղափոխությունից հետո ՔՊ-ից  դուրս գալու դիմում եմ գրել». Վարդան Աթաբեկյանը փակագծեր է բացում (տեսանյութ)

«Հայկ Սարգսյանը իմ ընկերը չէ, մաքսիմում իմ գործընկերն է: Երկրորդ՝ բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ հնարավոր չէ՝ ինձ որևէ կերպ վախեցնեն, որ ես նման քայլի գնամ: Նման քայլից հետո իմ երկու գործընկերներն ինձ զանգահարել են, ես նրանց նորմալ բացատրություն եմ տվել, ֆրակցիայի առնվազն երկու անդամ տեղյակ է եղել՝ ինչու եմ դա արել: Վախեցած տոնով չեմ դա ասել: Այնպես որ, եթե պարզելու բան կար, ապա դրա համար կան քաղաքակիրթ եղանակներ: Խնդիրն այն չէ, թե ով ում մեքենայով է եկել, խնդիրն այն է, որ 15-20 հոգով գիշերը 1-ից հետո մոտեցել են իմ տանը՝ առանց զանգահարելու, և կարծում եմ՝ դա բացահայտում է եղելությունը, թե ինչ կարող էր լինել ու ինչ նպատակ էր դա հետապնդում»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը: Նա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո իշխանական առաջին պատգամավորն է, որը դուրս եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից:

Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին տեղեկացնելուց հետո Վարդան Աթաբեկյանի տուն էին գնացել իշխանական պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Հակոբ Սիմիդյանը և այլ անձինք: Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը եկել է իր մեքենայով, Հակոբ Սիմիդյանը՝ իր, իմքայլական այլ պատգամավորներ էլ՝ իրենց մեքենաներով: «Ես մտածել եմ, որ իմ ընկերոջը սպառնացել են, որ ինքը գնա այդ քայլին, ինքը հայրենասեր տղա է, ինքը չի կարող թուրքահաճո որևէ բան անել, ազգի դավաճանների օրակարգով շարժվել: Ես մտածել եմ, համոզմունք եմ ունեցել, որ իմ ընկերոջը սպառնացել են»,-ասել էր Հայկ Սարգսյանը:

Լրագրողների ճշտող հարցին՝ այսինքն՝ խմբակցությունից դուրս գալը թուրքահաճո՞ է, նա պատասխանել էր. «Այս պահին իշխանության հիմքերը խարխլելը թուրքահաճո է, որովհետև դեռ պատերազմը չի ավարտվել, դեռ բանակցությունները չեն ավարտվել, և իշխանության ներսում ցանկացած խարխլում դա անմիջապես հարված է բանակցությունները վարող անձին»:

Վարդան Աթաբեկյանը Հայկ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ հետևյալն ասաց. «Կյանքը ցույց կտա՝ իմ քայլը ոնց է որակվում, ինքը լավ գիտի, որ նման ձևակերպում չի կարող տալ: Դա թուրքահաճո քայլ չէ, այդ քայլի բացատրությունը նրանց տրվել է, սխալ բացատրություն է տվել, կշտկի»:

Անկախ պատգամավորն ասաց, որ փաստաթղթի ստորագրումից հետո «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լսել նրա բացատրությունները և հանդիպման արդյունքներով եկել է այն եզրակացության, որ այդ թիմի հետ չի կարող շարունակել իր քաղաքական պայքարը. «Հայաստանը խորհրդարանական երկիր է, և երբ դու ինչ-որ ուժի պատգամավոր ես ու նույնիսկ տեղյակ չես եղել երկրում կատարվող զարգացումներից, համարում եմ նորմալ է, որ իմ դուրս գալու մասին էլ ես տեղյակ չեմ պահել նրանց»:

Նա հավելեց, որ դեռևս հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել. «Հիմա ժամանակը չէ, որ նորից գնամ դիմում գրեմ և դուրս գամ կուսակցությունից, թող որոշեն՝ հանեն»:

Պատգամավորն ընդգծեց, որ իշխանությունները տարածում են՝ եթե մենք չենք, ապա կգան նախկինները. «Ես չեմ համարում, որ մեր քաղաքական թիմի անդամները և վարչապետը միակ ազնիվ մարդիկ են այս երկրում: Էլի ազնիվ մարդիկ կան, որոնք կարող են կառավարել: Եթե այսօր մենք ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժ ենք, մենք կարող ենք այդ ազնիվ մարդուն գտնել, թող ժողովուրդն ընտրի: Սահմանափակել ժողովրդի ընտրությունը, որ՝ հներն են ու մենք, ինձ համար անընդունելի է: Հներն էլ ահագին բան իրենց մոտ վերանայել են այս հեղափոխությունից հետո, այնպես որ, չի կարելի այդ ձևակերպումը տալ, որ՝ կամ մենք ենք, կամ հները, ու քանի որ հները վատն էին, ուրեմն՝ պետք է համակերպվեք մեզ: Այս որակումը համարում եմ սխալ»:

Նրա խոսքով՝ հանրության շրջանում կա մեծ հիասթափություն գործող իշխանություններից. «Հանրությունը հիմա խորը հիասթափություն է ապրում, և ժողովրդի պասիվ լինելը չէի գնահատի, որ չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ ավելի շատ կգնահատեի, որ հիասթափման փուլ է ապրում, շոկի մեջ է, շոկից կամաց-կամաց դուրս է գալիս: Ժողովուրդը երբ շոկից դուրս գա՝ հստակ կձևակերպի իր պահանջը»:

Վարդան Աթաբեկյանն ընդգծեց՝ կապիտուլյացիոն հայտարարության բացատրությունը եղել է այն, որ դրանով 25 հազար զինվորի կյանք է փրկվել. «Նախ՝ ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է 25 հազար զինվոր լինել շրջափակման մեջ, թող ռազմագետները դրա բացատրությունը տան: Բայց եթե մենք հասել ենք այն վիճակին, որ մենք հողերը կորցնում ենք, պարտվում ենք, և մեր գերխնդիրն էր՝ զինվորներին փրկել, ապա այդ համաձայնագրի առաջին կետը պետք է սկսվեր նախ՝ գերիների վերադարձով, դիերի դուրսբերմամբ: Եթե հասել էինք այն իրավիճակին, որ պարտվել էինք, գոնե պատվով պարտվեինք: Եթե մեխը դնում ենք, որ կյանքեր են փրկել, բա անհետ կորածների կյանքն ինչո՞ւ չփրկեցինք: Եթե այդպես լիներ, այդ համաձայնագիրն ու տրված բացատրությունն ինչ-որ չափով ընկալելի կլիներ, բայց եթե փրկում ենք կյանքեր ու որոշ կյանքերի մասին մոռանում ենք, ես համարում եմ, որ մենք դավաճանում ենք այդ տղերքին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը