Քաղաքական

03.05.2011 14:33


Արմեն Աղայան. «Լևոն Տեր–Պետրոսյանը քաղաքական գործընթացներից պատվով դուրս գալու խնդիր ունի»

Արմեն Աղայան. «Լևոն Տեր–Պետրոսյանը քաղաքական գործընթացներից պատվով դուրս գալու խնդիր ունի»

Քաղաքագետ Արմեն Աղայանը «Հայելի» ակումբում ՀԱԿ–իշխանություն երկխոսությանն անդրադառնալով՝ ասել է, որ խնդիրը այն է, թե որքանո՞վ է դա իրականում երկխոսություն։

Փոխշահավետ քայլերի հաջորդական իրականությունը դեռ չի նշանակում, թե երկխոսությունն ընդհանրապես օրակարգ ունի, և այն ընթանում է,–ասել է նա ու ընդգծել, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրենց սեփական խնդիրներից ելնելով՝ կատարում են քայլեր, որոնք նաև ձեռնտու են մյուս կողմից ու սեփական ծրագրերում ունեն նման հաշվարկ։

Նրա խոսքերով՝ առնվազն իշխանափոխության հարցում երկխոսություն լինել չի կարող։

Կան քաղաքական խաղ, թատրոն, որ երկու կողմերն իրենց շահերից ելնելով՝ խաղում են՝ հակառակ ժողովրդական կամքի կամ հակառակ հանրության մեջ տիրող քաղաքական ակնկալիքների։ Հիմա այստեղ եթե կա պայմանավորվածություն, ես դա ոչ մի կերպ չեմ կարող համարել քաղաքական երկխոսություն։ Կա պայմանավորավծություն՝ ես քեզ, դու ինձ,–ասել է նա ու հավելել, որ կարևոր էլ չէ՝ այդ պայմանավորվածությունը մի սեղանի շո՞ւրջ է որոշվել, թե՞ հեռակա կարգով՝ իրար ակնարկներ անելով է տեղի ունենում։

Նրա խոսքերով՝ քաղաքական երկխոսություն հասարակության որևէ խնդրի լուծման առումով իսկապես չկա, և եթե այդպիսի երկխոսություն իսկապես լիներ, ապա կարելի էր մտահոգվել, քանի որ դա տեղի կունենար հայության համար այնպիսի բախտորոշ հարցերի շուրջը, ինչպիսին, օրինակ, Արցախի հարցում զիջումների գնալն է։

Իշխանությունն ու ընդդիմությունը, որ այդ հարցում շատ նման դիրքորոշում ու մոտեցումներ ունեն, օրինակ այսպիսի հարցում կարող էին պայմանավորվել և իրար միջև կիսելով խորհրդարանը՝ վաղը–մյուս օրը այդ խնդիրը լուծելու իրական հնարավորություն ստանալ,–ընդգծել է Արմեն Աղայանը։

Ա. Աղայանն նշել է, թե հաճախ հանդիպում ենք այնպիսի մի իրավիճակի, երբ Լևոն Տեր–Պետրոսյանի համակիրները ներկայացնում են ինչ–որ շահեր, խնդիրներ, համոզված են, որ ընդդիմադիր շարժումը հենց այդպիսի նպատակներ ունի, բայց նրա նպատակները կարող են նաև հայտարարվածի հետ որևէ կապ չունենալ, ու նա սեփական նպատակներն ունենա։

Այդպիսի նպատակներից է, ըստ Աղայանի, այն, որ նա երբեք իշխանությունը նվաճելու նպատակ չի ունեցել, քանի որ անձնավորությունը կամ ուժը, որը ձգտում է նվաճել իշխանությունը, չպետք է վանի ընդդիմադիր դաշտում գտնվող այլ անձանց կամ ուժերին.

Այնինչ տեսանք՝  ինչ կատարվեց Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, կամ այն արձագանքները, որ Լևոն Տեր–Պետրոսյանը տվեց Ժիրայր Սեֆիլյանի հասցեին և այլն։ Տեսնում ենք, որ ամեն տեղ տեղի է ունենում մարդկանց վանելու գործընթաց։

Հետևաբար, եթե Լևոն Տեր–Պետրոսյանը չի ձգտում նվաճել իշխանությունը, ապա հասկանալի է դառնում, որ նա քաղաքական գործընթացներից պատվով դուրս գալու խնդիր ունի։

Եթե նա այս ամենը կազմակերպել է, որ իր քաղաքական վարկը պատմության համար վերականգներ ու մաքրեր իր կենսագրության 1996թ. և 1998թ. էջերն ու այս ամբողջ շարժման պայմաններում ասի, թե իր գործն արեց ու գնաց, կստացվի՝ նա արդյունքի չի հասել։ Նա պետք է ինչ–որ կետերի հասնի ու դրանք կարողանա որպես հաղթանակ ներկայացնել,–ասել է Արմեն Աղայանն ու կարծիք հայտնել, թե դա միգուցե խորհրադարանում խմբակցություն ունենալն է, քաղաբանտարկյալներին ազատելն է, որը ներկայացվում է որպես մեծ հաղթանակ և այլն։

Ինչ վերաբերում է այս գործընթացում իշխանության շահին, Ա. Աղայանն ընդգծել է, որ իշխանությունը խնդիր ուներ «քոչարյանական վտանգի հետ կապված», և տվյալ դեպքում իշխանություն ասելով՝ պետք չէ միայն Սերժ Սարգսյան հասկանալ։ Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի շրջապատում կա մի թիմ, որը պատրաստվում է նրան փոխարինել, և որը կարիք ունի ձերբազատվել անցյալի ժառանգությունից։

Սերժ Սարգսյանը բավական հաջող կերպով փորձեց մարտի 1–ի ողջ պատասխանատվութունը գցել Ռոբերտ Քոչարյանի վրա՝ ինքն իրեն մաքրելով։ Սա նույնպես խնդիր է, որ լուծվեց Կոնգրեսի հետ համագործակցության շնորհիվ։ Կան նաև արտաքին խնդիրներ, որոնք պետք է լուծվեն և այլն,–կարծիք է հայտնել քաղաքագետը։

Որպես ծայրահեղ սցենար՝ նա նշել է, որ իշխանությունը, հնարավոր է, Կոնգրեսին թույլ չի տալիս շատ արագ գործել, որպեսզի վերջինս շատ արագ չհեղինակազրկվի։ Այսպիսով՝ ՀԱԿ–ը մի կողմից ուժեղանում է մյուս ընդդիմադիրների համեմատ, մյուս կողմից՝ դա այնքան է նմանվում խաղի, որ նույնիսկ Կոնգրեսից արդեն արտահոսք է լինում, ու ժողովուրդը սկսում է դժգոհել այդ մարտավարությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը