Լրահոս

30.11.2020 16:52


Գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ

Գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ

Երեկ, նոյեմբերի 29-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Կանաչուտ գյուղի բնակիչ 65-ամյա Զավեն Կարապետյանից, ով հայտնել է, որ ժամեր առաջ իր տանից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նույն օրը ժամը 13։30-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում 2 հոգի ներս են մտել նշված տուն և խոհանոցում եղած չհրկիզվող պահարանի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով հափշտակել են 37.000.000 դրամ, երկու հատ 500 եվրո թղթադրամ, մոտ 10.000 ԱՄՆ դոլար, մոտ 25.000 ՌԴ ռուբլի գումար և մոտ 15 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 50.000.000 դրամի վնաս:

Նշված գողությունը կատարելու կասկածանքով Կանաչուտ գյուղից Արտաշատի Ոստիականություն են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Հայկ Հովհաննիսյանին և 35-ամյա Պերճ Մկրտչյանին։

Պ․ Մկրտչյանի մոտ հայտնաբերվել է գողոնը։

Հ․ Հովհաննիսյանն ու Պ․ Մկրտչյանը Ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Երբ ոստիկանները մոտավոր պարզել են գողություն անողների գտնվելու վայրը, Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքը հետապնդել են կասկածյալներից Պ․ Մկրտչյանին, ով գողության վայրից բավականին հեռավորության վրա, երկու ոտքերը կոտրված, փորձել է քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայով դիմել փախուստի։

Երբ քաղաքացիները նրան հարցրել են, թե ինչ պայմաններում է ոտքերի կոտրվածք ստացել, նա հայտնել է, որ ավտովթարի է ենթարկվել, սակայն քրեական հետախուզության ծառայողները նրան բռնել են այդ պահին։

Այս խորագրի վերջին նյութերը