Մեկնաբանություն

30.11.2020 14:00


Սուտինյան, պատրաստվիր քննիչ հանձնաժողովի հարցերին... ու կապ չունի՝ քո կամքով հրաժարական կտա՞ս, թե՞...

Սուտինյան, պատրաստվիր քննիչ հանձնաժողովի հարցերին... ու կապ չունի՝ քո կամքով հրաժարական կտա՞ս, թե՞...

Կարելի է պարզապես ասել՝ սուտինյան, և բոլոր խելամիտ հայրենակիցներդ կհասկանան, թե՝ կոնկրետ ո՛ւմ նկատի ունես: Անգամ կռահելու խնդիր չկա: Այո, խոսքը «թավշյա» գլխակերի, երկիրը թարս կողմի վրա ու աղետի մեջ նետած գերագույն ստախոս փաշինյան նիկոլի մասին է:

Նրա վերջին երկու օրվա ստատուսագրային ակտիվությունը պարզորոշ տեսանելի շարժառիթներ ու նպատակներ ունի: Դրանցից հիմնականներն են. ա) նորանոր ստերով լցոնել «հանրային քննարկումների» օրակարգը, բ) այդպիսով շեղել թեմաները և ուշադրությունը հիմնական խնդիրներից ու ծավալվող աղետից, գ) երկարաձգել իր թշվառ պաշտոնավարումը՝ կործանարար պայմանավորվածություններն ու ստանձնած հանձնառությունները շարունակելու համար, ինչը հնարավոր չէ՝ առանց ՀՀ վարչապետի ձևական կարգավիճակ ունենալու:

Նիկոլ փաշինյանի ստերի ու ցինիզմով ներծծված հորինվածքների հերթական խմբաքանակին արձագանքելը նույնն է, թե ներքաշվես նրա այդ «խաղի» մեջ: Առավել ևս մի իրավիճակում, երբ հերթական գրառումից անմիջապես հետո առաջինը հենց իր սմարթֆոնն է արձագանքում. «արա, հերիք ա ստեր գրես, պրոցեսորս կախում ա...»:

Մյուս կողմից, փաշինյանը թող շարունակի գրել: Այն իմաստով, որ այդ գրառումները կարելի է առաջիկայում անխուսափելի քննությանը տրվելիք ցուցմունքների նախավարժանք համարել: Դե կլինի հատուկ քննիչ հանձնաժողո՞վ, թե՞ ռազմական տրիբունալ, այս պարագայում այնքան էլ էական չէ:

Այդ իմաստով տեղին է, որ հանրությունը, փորձագիտական, վերլուծական շրջանակները իրենց հարցադրումները ձևակերպեն և համակարգեն: Արցախը թուրքին հանձնած և մնացյալ Հայաստանը աղետի մեջ նետած փաշինյանին մի ամբողջ շարք հարցեր ունենք, որոնցից մի քանիսը՝ շարունակության մեջ:

Օրինակ, 2016-ին, ապրիլյան պատերազմի հետ կապված, փաշինյանական շրջանակները, իրենց լրատվամիջոցներով տարածեցին լկտի սուտ, թե պատերազմն սկսվելու պահին այն ժամանակվա ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, իբր բիլիարդ խաղալիս է եղել և այդ ժամանցը չի ընդհատել անգամ, երբ եկել-հայտնել են, որ թշնամին լայնածավալ հարձակում է սկսել (ներողություն ենք խնդրում հարգված զորավարից՝ այս լկտի սուտը հիշեցնելու համար): Փաստաթղթավորված իրականությունն այն է, որ 2016-ի ապրիլի լույս 2-ի գիշերը Յուրի Խաչատուրովը հարձակման մասին տեղեկանալուց 15-20 րոպե անց արդեն եղել է իր մարտական դիրքում՝ ԳՇ-ում:

Հիմա հարցը. Սուտինյան նիկոլը գիտի՞, թե 2020թ. սեպտեմբերի 26-ին, պատերազմի մեկնարկից 1 օր առաջ որտե՞ղ է եղել իր նշանակած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ի՞նչ միջոցառման է մասնակցել, ո՞ւմ հետ: Եվ ամենակարևորը՝ պատերազմի մեկնարկից քանի՞ օր անց է Տոնոյանը վերադարձել Հայաստան։

Ի դեպ, սեպտեմբերի 26-27-ի մասին: Կհիշեք, ազդարարված էր նիկոլ փաշինյանի հարցազրույցը՝ Պետրոս Ղազարյանին: Դրա հետ կապված ընդգծվում էր, թե՝ փաշինյանն այնպիսի՜ բացահայտումներ է անելու ալիևի վերաբերյալ, որ վերջինս ուղղակի ոչնչանալու է: Այդ ի՞նչ բացահայտումներ էին, այդպես էլ անհայտ մնացին ու կորան այս տարօրինակ պատերազմի թոհուբոհում: Այդ ի՞նչ էր ասելու փաշինյանը, որ պիտի տապալեր ալիևին: Որովհետև այն կիսակմկմոցը, թե Դուշանբեում ոչ թե ինքն է ալիևից ժամանակ խնդրել՝ «թավշյա» իշխանությունն ամրապնդելու համար, այլ հակառակը՝ ալիևն է իրեն խնդրել, որ Ադրբեջանում հեղափոխության ալիք չանի և այլն, հազիվ թե կարելի է «ոչնչացնող բացահայտում» համարել:

Ավելին, նույն հարցազրույցում, նույն «Դուշանբե-18-ի» վերաբերյալ նիկոլ փաշինյանը այնպիսի խայտառակ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ այն հրապարակելու հաջորդ իսկ պահին պետք է մեկուսացվեր ԱԱԾ-ի կամ զինվորական հրամանատարության կողմից: Ափսոս միայն, որ 2020-ի սեպտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում արդեն ոչ ԱԱԾ կար, ոչ էլ զինվորական բարձրաստիճան հրամանատարություն՝ իրենց ֆունկցիոնալ նշանակության և բովանդակության իմաստով: Իսկ փաշինյանն ահա թե ինչ ցուցմունք է տվել. «Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով մի թղթի վրա և մենք այդ կետերը քննարկել ենք և արձանագրել ենք, որ մենք եկանք համաձայնության» (https://factor.am/287851.html): Թղթի վրա... ձեռագիր... համաձայնության կետեր...
Ի՞նչ էր գրել, ի՞նչ կետեր: Ա՞յն ինչը որ նոյեմբերի 9-ին վավերացրեց, թե՞ էլի բաներ կային այդ «ձեռագրում»:

Այլ, շատ ավելի էական հարցեր: ինչպե՞ս պատահեց, ավելի ճիշտ՝ ո՞ւմ ցուցումով կեղծ «կորոնավիրուս» պատվիրվեց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ՝ նրան այդպիսով մի քանի օրով Արցախից մեկուսացնելու համար:

Նմանապես, ո՞ւմ ցուցումով և ինչպե՞ս հանկարծակի «կորոնավիրուս» հայտնաբերվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ՝ կանխելով նրա այցը Ռուսաստան:

Մեկ այլ հարց. ո՞ւմ ցուցումով է առևանգվել և Շուշիի բերդում առնվազն մեկ օր պահվել պաշտոնաթող գեներալ Լևոն Երանոսյանը:

Ի՞նչ հանգամանքներում է հարձակման թիրախ դարձել հայտնի ազատամարտիկ-հրամանատար Ռուստամ Գասպարյանը՝ իր որդու հետ:

Ի՞նչ հանգամանքներում է ծանր վիրավորվել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը:

Ինչպե՞ս պիտի Արցախի ՊԲ հրամանատարությանը ոգեշնչեր Աննա Հակոբյանը, ինչո՞վ է դրսևորվել նրա՝ իբր ցուցաբերած բարոյահոգեբանական աջակցությունը՝ ոչ մեկ պատերազմով ու ռազմագործողությամբ անցած գեներալներին ու հրամանատարներին:

Ո՞ւմ ցուցումների և հակասական կարգադրությունների հետևանքով է շփոթ մտցվել մարտական ստորաբաժանումների, զորախմբերի շարժի և կառավարման գործընթացում:

Ա՛յ, նման հարցերի պատասխանները թող ոմն մեկն սկսի գրել: Ու՝ ո՛չ Ֆեյսբուքում: Թող գրի, սևագրի, թող պատրաստվի անխուսափելի քննությանը:

Բայց ևս մեկ էական պահ կա, արդեն հավանական քննիչ հանձնախմբի համար: Ցանկացած պարագայում, ինչ էլ ասի կամ գրի փաշինյանը, ոչ մի վայրկյան չպետք է մոռանալ, որ դա ասում կամ գրավոր վկայում է պրոֆեսիոնալ խառնակիչ-մանիպուլյատոր, պաթոլոգիկ ստախոս և անպատասխանատու սուբյեկտ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը