Կարծիք

30.11.2020 11:32


Ահա թե ինչու էր «Արցախը գերագույն արժեք է» արտահայտությունն ազդել մեր գերագույն հրամանատարի վրա, որի ղեկավարած երկիրը պատերազմի օրերին հանկարծ իմ կարիքն ունեցավ

Ահա թե ինչու էր «Արցախը գերագույն արժեք է» արտահայտությունն ազդել մեր գերագույն հրամանատարի վրա, որի ղեկավարած երկիրը պատերազմի օրերին հանկարծ իմ կարիքն ունեցավ
Ահա թե ինչու էր «Արցախը գերագույն արժեք է» արտահայտությունն ազդել մեր գերագույն հրամանատարի վրա, որի ղեկավարած երկիրը պատերազմի օրերին հանկարծ իմ կարիքն ունեցավ:
Պոստպատերազմական իրավիճակում շատ ու շատ երևույթներ առավել պարզ ու հասկանալի են դառնում: Երևի կհիշեք` ամիսներ առաջ մեր գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի հրամանով, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, ազատվել եմ աշխատանքից` ֆեյսբուքում «անթույլատրելի» նյութ լայքելու համար: Այդ նյութն էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» վերտառությամբ հոդվածը: Հարգելիներ, ամիսներ առաջ գուցեև անհավատալի թվար այն, որ 21-րդ դարում, «ազատ ու ժողովրդավար» Հայաստանում, օրինակելի կերպով աշխատող, պետությանը ծառայող մարդուն, ոստիկանին կարող են ազատել աշխատանքից: Սա ի՞նչ էր, եթե ոչ անձնական քմահաճույք, քանի որ, ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված չէ նման սահմանափակում:
Անցան ամիսներ, պատերազմն սկսվեց, և հենց առաջին իսկ օրերին, հանկարծ ինձ` աշխատանքից ազատված սպայիս, պետությունը «հիշեց»: Գնացի առաջնագիծ, 45 օր շարունակ, որպես դասակի հրամանատար, առանց հերթափոխի, մեղմ ասած ոչ բարվոք պայմաններում իմ դասակի քաջ տղաների հետ հսկեցի Աղդամի սահմանը` մեկ սմ հող անգամ չզիջելով, այլ կերպ ասած` «Թուրքը իմ մեջքը չտեսավ»: Իհարկե, արել ենք մեր հայրենիքի համար: Սակայն հարցն այլ կողմ ունի. պարոն գերագույն, կարծում եմ հասկացաք, որ ես էլ նույն հաջողությամբ կարող էի Ձեզ նման անհավասարակշռված պահվածք դրսևորել` քմահաճորեն չգնալով սահման, չէ՞ որ Ձեր և Ձեր բոլոր քմահաճությունները կատարողների համար ես անօրինակելի սպա էի: Հապա՞ ինչպես ստացվեց, որ պատերազմի օրերին հիշեցիք ինձ… Ընկածին խփելն իմ կերպարին խորթ է, ուստի, իմ մեջ ամիսներ առաջ կուտակված շատ բաներ պարզապես այս պահին չեմ ասի: Ես` հայրենիքս սիրող երիտասարդս, միշտ պատրաստ եմ պահել երկիրս: Սակայն հիշեք` երկրի ղեկավարը, գերագույն հրամանատարը պետք է այնպես անի, որ հայրենիք սիրողը նաև պետություն ու բանակ սիրի: Շատ դեպքերում վերջին երկուսը մարդկանց ատելի են դառնում հենց դրանց առաջնորդների «շնորհիվ»: Մտածեք, երկա′ր մտածեք…
Գերադասեք պետությունը, ազգը, բանակն ու հայրենիքը ամեն տեսակ գայթակղություններից` նույնիսկ անձնական սին փառասիրությունից, քմահաճույքից ու որևէ անձի նկատմամբ սեփական անհանդուրժողականությունից:Նույնիսկ Ձեր և անփառունակ ու կոռումպացված ոստիկանապետ Արման Սարգսյանի թեթև ձեռքով աշխատանքից ազատվելուց հետո, ես սիրում եմ իմ գործը, ես վերադառնալու եմ ոստիկանություն, բայց արդեն` ուժեղ պետության պայմաններում, ուժեղ ու հավասարակշռված ղեկավարի, գերագույն հրամանատարի օրոք: Հիմա, ցավոք, հասկացանք, որ Փաշինյան ղեկավարի համար Արցախն ընդհանրապես գերագույն արժեք չէր, որ Շուշին` համայն հայության բերդաքաղաքը, դժգույն, դժբախտ քաղաք էր: Ինչպես միշտ, փորձեցիք մանիպուլացնել, բայց այս անգամ չհաջողվեց:
Ղազանչեցոցը մեր ճերմակ անուրջներում է և միշտ կմնա, մինչև հետ բերենք այն, ձեր դժբախտ որակումները թավշյա շղարշով փաթաթեք ու հօդս ցնդեցրեք… Հպարտ եմ, որ ինձ և իմ քաջ եղբայրներին հաջողվեց մինչև վերջին պահը պահել հողս: Հետո ի՞նչ, որ այն հանձնեցիք, մենք մեզ վստահված գործն արեցինք արժանապատվորեն` անտեսելով Ձեր անարդարությունները:
Պատիվ ունեմ, բայց ոչ թե Ձեզ, այլ հայրենիքիս, ժողովրդիս: Մնացածի մասին` հետո… Շարունակելի…
Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը