Քաղաքական

27.11.2020 14:26


Հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունի. մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել. Արտակ Բեգլարյան

Հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունի. մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել. Արտակ Բեգլարյան

Հոկտեմբերի 10-ից սկսած՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ՝ հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ փակ զեկույցներ ենք սկսել պատրաստել: Պատրաստման փուլում է թվով հինգերորդ զեկույցը, քննարկման ժամանակ ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ինչո՞ւ ենք փակ, ոչ թե բաց, հրապարակային զեկույցներ պատրաստել, որովհետև այնտեղ կան բավականին դաժան պատկերներ և անձնական տվյալներ, որոնք չենք ցանկանում, որ տարածվեն հայկական համացանցային տիրույթում՝ լրացուցիչ հոգեբանական ճնշում չավելացնելու համար: Մինչդեռ ադրբեջանական կողմը հնարավորինս լայն տարածում է փորձում ապահովել հայկական լսարանում: Սա միանշանակ հանցագործություն է»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց՝ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունի:

«Բայց մեր տվյալներով՝ մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել: Բոլոր տվյալներն անընդհատ փոխանցում ենք Կարմիր խաչին, ռուսական կողմին և քաղաքական ղեկավարությանը: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել փրկել կյանքեր, և ԿԽՄԿ-ն կարողացել է կապ հաստատել ռազմագերիների հետ»,-նշեց Արցախի ՄԻՊ-ը:

Առ այսօր տարբեր տեղերից ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին: Ավելի կոնկրետ՝ բոլորը չեն փոխանցվել. դրանց մի մասը մեր փրկարար ծառայությունը, Կարմիր խաչը և ռուսական խաղաղապահներն են գտել մարտադաշտերում, տեսակապով քննարկման ժամանակ ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Մենք էլ, բնականաբար, ադրբեջանական դիակներ ենք փոխանցել նրանց: Բայց քանի որ մարտական գործողոթյունները տեղի են ունեցել գլխավորապես ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, պարզ է, որ իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայկական դիակներ կան, քան մեր վերահսկողության ներքո՝ ադրբեջանական դիակներ»,-նշեց Բեգլարյանը:

ՄԻՊ-ը շեշտեց՝ ինքը տեղեկություններ ունի, որ ադրբեջանական կողմը տարբեր տեղերից հավաքել և պահում է հայկական դիակներ՝ անընդհատ ժամանակ ձգելով:

«Ինչո՞ւ է Ադրբեջանը ժամանակ ձգում. Նրանք նպատակ ունեն լրացուցիչ կերպով ազդել ներհայաստանյան լարվածության վրա և խորացնել հոգեբանական տառապանքր: Նաև այդ պատճառով է, որ նրանք առ այսօր շարունակում են գերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի տարածումը»,-նշեց Արցախի ՄԻՊ-ը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է կատարի առավելագույնը՝ գտնելու անհայտ կորածներին և հետ բերելու հայ զինծառայողների դիակները:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը