Քաղաքական

27.11.2020 11:56


Սամվել Բաբայանը հրապարակել է 2018 թ․ Նիկոլ Փաշինյանին ուղարկված նամակը

Սամվել Բաբայանը հրապարակել է 2018 թ․ Նիկոլ Փաշինյանին ուղարկված նամակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Հարգելի´ պարոն Փաշինյան,

Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացները մեր երկրի համար զարգացման լայն հնարավորություններ են ստեղծել: Մեր ժողովրդից ու հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության գործունեությունից է կախված, թե ինչպես մենք կօգտագործենք ընձեռնված հնարավորությունները և թե ինչքանով կկարողանանք անշրջելի դարձնել դրական ձեռքբերումները:

Մեր երկրի առաջ ծառացած երկու հիմնական մարտահրավերները ներքին ու արտաքին բնույթի են: Դրանք շաղկապված են ու մեկն առանց մյուսի հնարավոր չէ լուծել: Սոցիալ-տնտեսական կյանքի արմատական փոփոխությունն ու պետության անվտանգության մակարդակի բարձրացումը պահանջում են իրոք հեղափոխական քայլեր: Չպետք է մոռանալ, որ մենք քիչ ժամանակ ունենք ու չենք կարող մեզ թույլ տալ ուրիշ պետությունների շռայլությունը և աչքաթող անել կենաց-մահու խնդիրներին առնչվող հարցերի լուծումը: Ինքս պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգները չեզոքացվեն կամ փոխեն իրենց բնույթը՝ դառնալով առավել նվազ սպառնալից:

Գնահատելով Հայաստանի և Արցախի անվտանգության վրա ծանրացած սպառնալիքը՝ մենք պարտավոր ենք թողնել անձնական հավակնությունները, ղեկավարվել բացառապես պետական շահով ու քայլեր ձեռնարկել մեր երկրի պաշտպանական ներուժն ավելացնելու ուղղությամբ:
Վերլուծելով և գնահատելով Հայաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական հնարավորությունները, անցկացվող զորավարժությունների որակը և ռազմական այլ պարամետրերը՝ գալիս եմ այն կարծիքին, որ մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը զգալիորեն զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի մի քանի օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ Արցախի պաշտպանության բանակի: Այս մասին ես զգուշացրել եմ դեռևս 2013թ.-ին, սակայն ցավոք այն ժամանակ համապատասխան արձագանք չգտավ իմ ահազանգը: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի համար ակնառու դարձավ, թե ինչ էի նկատի ունեցել՝ առաջարկելով գնալ մեր պաշտպանական համակարգի արդիականացման: Հիմա էլ բան չի փոխվել, ավելի ճիշտ փոխվել է այն, որ եթե 2016-ին հակառակորդը դիվերսիոն գործողություն իրականացրեց ու ստացավ իր իսկ համար անակնկալ հաջողություն, ապա սպասվող ռազմական գործընթացները կարող են լայնամասշտաբ բնույթ կրել ու շատ ավելի լուրջ հարված հասցնել մեզ: Պայմանավորված մի շարք գործոններով՝ 2019-ից սկսած կարող է այդ ռազմական գործողությունների մեկնարկը տրվել: Մեր խնդիրը պետք է լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխումը, իսկ եթե դա հնարավոր չլինի՝ ապա մարտը հակառակորդի տարածք տեղափոխելը և Ադրբեջանին համակարգային հարված հասցնելը, այլ կերպ ասած՝ խաղաղություն պարտադրելը:

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ խախտվել է ռազմաքաղաքական ու տնտեսական հաշվեկշիռը մեր ու Ադրբեջանի միջև, ինչն էլ մեծացրել է նոր խոշոր պատերազմի հավանականությունը: Պատերազմ, որի ավերածությունների ծավալները, եթե նախապես քայլեր չձեռնարկվեն, կարող են զգալիորեն գերազանցել 90-ականներին արձանագրվածից թե՛ մարդկային կորուստների, թե՛ տնտեսական վնասի առումով: Մեր պետության ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ ու գիտակ մարդկանց խնդիրը, հետևաբար, պետք է լինի Ադրբեջանի հետ ի վնաս մեզ խախտված հաշվեկշիռը ռազմական ու քաղաքական առումով դրականորեն դեպի մեզ փոխելը:

Ինչ վերաբերում է մեր ու մեր հակառակորդների բանակների վիճակին վերաբերող իմ տեսակետին, ապա այն հիմնված է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության և հանդերձվածության մասին գնահատականի վրա: Ադրբեջանն արդեն ավարտել է մի շարք պետությունների հետ ռազմական պայմանագրերի կյանքի կոչումը՝ արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի գնման վերաբերյալ: Բացի այդ՝ Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ է արձակել, ինչը իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները: Ադրբեջանն արդեն իրագործել է ռազմաարդյունաբերական ոլորտում իր պլանավորած քայլերը (փամփուշտների, հրթիռների արտադրություն և այլն):

Հասկանալով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Իրադրությունը փոխելու համար մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ՝ առավելագույնը 1 տարի: Այդ մեկ տարում մենք պետք է օգտագործենք բանակցային գործընթացը՝ բանակն արդիականացնելու և հաշվեկշիռը փոխելու համար:

Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու և միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական զենքի և մարտական տեխնիկայի հետևյալ տեսակները (տե՛ս կից հավելվածը), ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները: Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք և կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի տասնյակ հազարավոր զոհերի ու վիրավորների, ինչպես նաև մեր երկիրը կկանգնեցնի տնտեսական կռախի առաջ:

Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան` ժամանակի սահմանափակության հաշվառումով կամ այլ պատճառներով և ի վիճակի չենք արդիանացանել մեր պաշտպանական համակարգը, ապա ստիպված ենք լինելու գնալ Ադրբեջանի ու միջնորդների կողմից առաջարկվող զիջումների՝ անիմաստ արյունահեղությունից, հսկայական կորուստներից, պետության ու տնտեսության քայքայումից և ամբողջական կապիտուլյացիայից խուսափելու համար: Ասելս այն է, որ եթե քայլ չենք անելու, ապա իմաստ չունի կռվելը, միևնույն է տարածքային առումով մեզ համար արդյունքը բացասական է լինելու՝ գումարած զոհերը: Տվյալ դեպքում քաղաքական զիջումները գոնե զոհերից հնարավորություն կտա խուսափել այդ պահին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ տվյալ կարծիքս պայմանավորված է ներկայիս ռազմաքաղաքական հաշվեկշռի իրատեսական գնահատմամբ, այլ ոչ թե պարտվողական տրամադրությամբ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ անգամ քաղաքական զիջումների գնալու դեպքում մենք չենք կարողանալու խուսափել վերը նշածս հեռանկարից: Ադրբեջանը չի հագենալու ձեռքբերածով այնպես, ինչպես մենք չէինք հագենում ու բավարարվում առաջին պատերազմի ժամանակ, քանզի ախորժակն ուտելիս է բացվում: Իսկ հույս դնել, «խաղաղության պայմանագրերի» ու միջնորդների «ազնիվ խոսքի» վրա՝ առնվազն միամտություն է: Միամտություն է նաև խաղաղապահներին ապավինելը: Մեզ հետ ռուսներն ու պարսիկները հաշվի կնստեն ու կդաշնակցեն, եթե մենք մեզանից բան ներկայացնենք: Մնացած դեպքերում ՀԱՊԿ-ը կամ այլ կառույցները ոչ մի բան չեն անելու, առավելևս որ Արցախի տարածքում ՀԱՊԿ-ը նույնիսկ ֆորմալ պարտավորություն չունի:

Ինչ մնում է բանակցային գործընթացում Արցախի լիարժեք սուբյեկտայնությունը վերականգնելուն, ապա Ձեր հնչեցրած գաղափարը ճիշտ է, բայց որպեսզի այն կյանքի կոչվի՝ պետք է փոխել ռազմաքաղաքական հաշվեկշիռը, այլապես Ադրբեջանը հնարավորություն կստանա վիժեցնել բանակցային գործընթացը և Հայաստանի «ապակառուցողականությունը» պատճառ բերելով՝ անցնել հարձակման նախքան հաշվեկշռի փոփոխությունը:

Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ զսպել հակառակորդի ախորժակն ու ստիպել նրան խուսափել նոր լայնամասշտաբ ռազմագործողությունից, իսկ եթե այդուհանդերձ հնարավոր չլինի խուսափել բախումից, ապա մենք կկարողանանք նվազագույն կորուստներով տանել 100-տակոսանոց ռազմական հաղթանակ և հակառակորդին պարտադրել հայկական կողմի համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռքբերելով նշված սպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը:
Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորությունների սահմանափակությունը և չի պահանջում մասշտաբային
զորահավաք:

Միաժամանակ առաջարկվող ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունները կաթվածահար կանեն հակառակորդի նախաձեռնությունը, թույլ կտան զրկել նրան հարձակողական ունակություններից, վերահսկել կրակի խտությունը, ոչնչացնել օդուժի և հրետանու ոլորտում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը, ինչպես նաև ձեռնամուխ լինել Արցախի Պաշտպանության բանակի հակահարձակմանը:

Ես պատրաստ եմ Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների և փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` Հայոց բանակի արդիականացման և արցախյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարման տակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության և պրակտիկայի տեսանկյունից մղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100 տոկոսով կհամաձայնեն իմ առաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռքբերման համար առաջարկվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմ անձնական ներկայության կարիքը կարող է չլինել:

Այսպիսով, իմ առաջարկությունները ոչ մի կերպ կապված չեն սեփական կարիերային խնդիրների հետ, այլ թելադրված են դրության իրատեսական գնահատականով, անվտանգությանն առնչվող մտահոգությամբ ու պետական շահով:

Իրատեսորեն գնահատելով մեր երկրի ֆինանսատնտեսական ներկայիս վիճակը՝ կարծում եմ պետք է մեզ մոտ և Սփյուռքում օգտագործել երկրի ղեկավարի Ձեր բարձր հեղինակությունը, գերլեգիտիմությունը և օր առաջ միջոցներ գտնել՝ անվտանգությանը վերաբերող խնդիրները լուծելու համար: Ձգձգումն ու իրավիճակի ոչ սթափ գնահատումը կարող է հանգեցնել ազգային աղետի: Ըստ այդմ՝ հեղափոխական էյֆորիան ու արդյունքները պետք է կոնկրետ հետևանքների վերածել: Հակառակ դեպքում պարտվելու ենք բոլորս: Իսկ ես համոզված եմ, որ մենք դատապարտված ենք հաղթանակի և լավատես եմ:

Համոզված եմ, որ ամբողջությամբ ընկալում եք ստեղծված իրավիճակի լրջությունը և ապավինում եմ Ձեր քաղաքական ողջամտությանը:

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ
Սամվել Բաբայան

20 հունիսի, 2018թ.

Այս խորագրի վերջին նյութերը