Լրահոս

26.11.2020 20:27


Մինչ ճշգրիտ սահմանազատումը, ժամանակավոր տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ երթևեկությունը դադարեցնելու նպատակով. այսօր մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

Մինչ ճշգրիտ սահմանազատումը, ժամանակավոր տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ երթևեկությունը դադարեցնելու նպատակով. այսօր մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։

Նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև նշված հատվածում լիարժեք ու ճշգրիտ սահմանազատում իրականացնելը, ժամանակավորապես տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։

Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։

Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն։

Այս խորագրի վերջին նյութերը