Կարծիք

02.05.2011 17:07


Երբ ամեն ինչ արդեն պարզ է

Երբ ամեն ինչ արդեն պարզ է

Դեռ շաբաթներ առաջ, երբ հայտարարվեց հնարավոր ջրբաժանի առաջացման մասին, արդեն իսկ պարզ էր, որ ՀԱԿ-ի և վարչախմբի միջև որևէ ջրբաժան չի կարող լինել, քանի որ նրանք արդեն վաղուց գտնվում են երկու ջրբաժանների միջև գտնվող նեղ ձորում: Ի՞նչ ջրբաժանի մասին կարող էր խոսք լինել, երբ ՀԱԿ առաջնորդը երեք այնպիսի պահանջներ է ներկայացնում, որոնց կատարումը բխում է առաջին հերթին վարչախմբի շահերից:

Այսպես, վարչախումբը վաղուց արդեն հասկացել էր, որ քաղբանտարկյալների առկայությունը թուլացնում է իր դիրքերը, բացի այդ, Հայաստանը զրկվում է բազմաթիվ վարկերից և այլ տիպի նյութական աջակցությունից: Իհարկե, վարչախումբը կարող էր և առանց պահանջ ներկայացնելու ազատ արձակել քաղբանտարկյալներին, բայց այստեղ արդեն նա օգնության ձեռք մեկնեց ՀԱԿ-ին: Հիմա ՀԱԿ-ը կարող է ասել, որ այնքան հզոր է, այնքան զորեղ, որ Սերժ Սարգսյանը սկսել է կատարել ներկայացված պահանջները:

Սերժ Սարգսյանը պարտավորվեց քաղբանտարկյալներին ազատ արձակել մայիսի ընթացքում, թույլատրեց հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում և իրավապահ մարմիններին էլ հանձնարարեց ավելի մեծ ուշադրությամբ զբաղվել մարտի 1-ի գործով: Այլ կերպ ասած՝ առաջին հայացքից արեց այն, ինչ ուզում էր ՀԱԿ ղեկավարությունը: Բայց եթե մի փոքր ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ, ի վերջո, արեց այն, ինչ ձեռնտու էր իրեն:

Այս վատ բեմադրված ներկայացումից շահեցին քաղբանտարկյալները և նրանց ընտանիքները, ինչի համար, իհարկե, կարելի է ուրախանալ: Անկասկած, Սերժ Սարգսյանը կարող էր քաղբանտարկյալներին ազատ արձակել մինչև ապրիլի 28-ը, բայց եկեք մի պահ պատկերացնենք, թե այդ դեպքում Ազատության հրապարակում հավաքվածներին ի՞նչ պետք է ասեր Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա պետք է ասեր այն, ինչ պատրաստվում է ասել մայիսի վերջին օրը: Իսկ այդ դեպքում ՀԱԿ-ը մեկ ամիս շարունակ չէր կարող ժողովրդի ինչ–որ խմբի պահել իր ազդեցության տակ:

Այսօր դեռ որոշ մարդիկ իրոք հավատում են, որ ինչ–որ հրաշքով Սերժ Սարգսյանը հասկացավ, թե ինչ հզոր ուժի է դիմակայում և սկսեց կատարել իրեն ներկայացված պահանջները: Մեկ ամիս շարունակ այդ մարդիկ դեռ գտնվելու են ՀԱԿ-ի ղեկավարների ասածների դոզայի տակ: Ընդգծենք, սակայն, որ մայիսի 31-ից հետո ավելի մեծ թվով մարդկանց համար է ամեն ինչ պարզ լինելու:

Անշուշտ, խոսքը Լևոնի կույր ֆանատների և կարիերիստների մասին չէ: Հավատացե՛ք՝ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կան մարդիկ, որոնք գիտակցում են, թե ինչ է իրականում կատարվում, բայց ինչ-ինչ նկատառումներից ելնելով այնպիսի տեսք են ընդունում, կարծես իրենք էլ են հավատում, որ պայքարում են Սերժ Սարգսյանի հրաժարականի համար:

Այս իրավիճակում սոցիալական ցանցերում բազմաթիվ երիտասարդներ և ոչ այնքան երիտասարդներ գրում են, թե իրենք միանում են Լևոն Զուրաբյանի նստացույցին: Իհարկե, Զուրաբյանը որևէ նստացույցի էլ չի մասնակցում, պարզապես նա ապրիլի 28-ին ասել է, որ եթե քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, ապա նա նստացույց կսկսի: Բնականաբար, Լևոն Զուրաբյանը վստահ է, որ ինքը որևէ նստացույցի էլ չի մասնակցի: Բայց դեռ կան երիտասարդներ, որոնք իրոք կարծում են, թե իրավիճակն այնքան էլ պարզ չէ, բայց այդ երիտասարդների կողքին կան նաև բազմաթիվ դիմակավորներ, որոնք շարունակում են խաղը և «հերոս-հերոս» խաղում՝ խոստանալով մասնակցել հնարավոր նստացույցին: Բայց սա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում երկրի քաղաքական մթնոլորտը կեղտից ու գարշահոտությունից մաքրելու համար:

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի մասնակիցների թիվն անհամեմատ նվազ էր ապրիլի 8-ի հանրահավաքի մասնակիցների թվից: Նրանք, ովքեր նախկինում մասնակցում էին հանրահավաքներին, իսկ այսօր՝ ոչ, ասում են, թե չեն ցանկանում խամաճիկի դեր կատարել: Չմոռանանք նաև, որ հանրահավաքին ներկա են լինում նաև բազմաթիվ հետաքրքրասերներ, որոնք, սակայն, չեն էլ գիտակցում, որ, անկախ իրենց կամքից, արժեքավոր ծառայություն են մատուցում ՀԱԿ ղեկավարներին: Եթե հետաքրքրասերներն իրենց կարողանան զսպել և չգնալ հանրահավաքներին, ապա ՀԱԿ ղեկավարությունը կբախվի իր համար առավել քան դաժան իրականությանը: Պատահական չէ, որ նրանք արդեն հանրահավաքի գովազդով են զբաղվում ճիշտ այնպես, ինչպես վարվում են համերգների կազմակերպիչները՝ խոստանալով, որ ելույթ կունենան նաև մի քանի աստղեր: Հիմա աստղերի դերը կատարում են քաղբանտարկյալները, որոնք, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենան մայիսի 31-ի հանրահավաքում՝ խնդրելով հավատալ իրենց ու շարունակել գնալ ՀԱԿ-ի հետևից: Բայց լավ կլիներ, որ գոնե նրանք հստակ ասեին, թե ուր են ուզում տանել ժողովրդին:

Ժողովրդավարության համար պայքարողները պետք է ժողովրդի հետ ազնիվ լինեն և եթե հանրահավաք են հրավիրում, ապա այնտեղ առավել քան հստակ հրապարակեն իրենց ծրագրերը, որ հետո որևէ թյուրիմացություն չլինի: Չպետք է հայտարարել՝ ժողովո՛ւրդ, դուք եք որոշումներ կայացնողը, բայց ժողովրդի կարծիքի հետ հաշվի չնստել: Ժողովրդի մի զգալի մասն ուզում էր նստացույց անել և, չգիտես՝ ինչու, ՀԱԿ-ի առաջնորդները ջանք ու եռանդ չխնայեցին նստացույց թույլ չտալու համար: Մի՞թե Ադրբեջանը կանցներ լայնածավալ հարձակման, եթե մի քանի տասնյակ կամ հարյուր երիտասարդներ նստացույց անեին:

Այնպես որ, հիմա առավել քան պարզ է՝ ինչու հայտարարեցին, թե որոշում կայացնողը ժողովուրդն է: Կգա մի օր, երբ ՀԱԿ-ից դժգոհողների թիվը կմեծանա, և Կոնգրեսի առաջնորդները շատ հանգիստ կասեն՝ ժողովուրդ ջա՛ն, հանրահավաքի մասնակիցներ ջա՛ն, ախր դուք էիք որոշումներ կայացնում, իսկ մենք միայն ձեր գործիքն էինք և կատարում էինք այն, ինչ դուք էիք ասում:

Այսօր ավելի քան պարզ է, որ Կոնգրեսը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չի ներկայացնելու, չի պահանջելու արտահերթ ընտրություններ և բողոքի անժամկետ գործողություններ չի իրականացնելու, քանի որ նման խնդիր չունի։ Իհարկե լավ է, որ չունի ու կմարգինալանա, բայց խոսքն ազնվության մասին է։

Հիմա Կոնգրեսում մի ձևակերպում են գտել իրենց գործելաոճն արադարացնելու համար՝ նրանք ցանկանում են հանրությանն ապացուցել, որ իշխանափոխության ճանապարհները միայն երկուսն են` իրենց ընտրածը և արյունահեղությունը: Դրանով նրանք փաստացի երկարաձգում են վաչախմբի կյանքը։ Իրականում գոյություն ունեն խաղաղ իշխանափոխության բավական շատ տարբերակներ:

Մեկ այլ կետի մասին ևս արժեր խոսել. Կոնգրեսը փորձում է ապացուցել, թե վարչախմբի հետ որևէ պայմանավորվածություն չունի, և որ գործարքի և երկխոսության մասին խոսք լինել չի կարող: Իրականում երկխոսությունն այն չէ, որ ժողովրդի աչքի առաջ և տեսախցիկների առկայությամբ նստեն կլոր սեղանի շուրջ և հարցեր քննարկեն: Երկխոսության հազարավոր այլ տարբերակներ էլ կան: Բայց դա ՀԱԿ-ի խնդիրն է: Իսկ ժողովրդի խնդիրն է ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում:

Բոլոր առողջ ուժերը, առողջ դատող մարդիկ ընդունակ են բոլորովին նոր որակի քաղաքական ուժ ձևավորել և փորձել պայքարել մեր երկրի ներկայի ու ապագայի համար: Հայաստանում ստեղծված իրավիճակում դա բավական դժվար, բայց ոչ անհնարին գործ է: Իսկ քաղաքական նոր դաշինքի և ուժի կողքին կհայտնվեն հազարավոր մարդիկ, որոնք իրական փոփոխություններ են պահանջում և ոչ թե թատերական գործողություններ, որոնց արդյունքում շահելու են մի քանի հոգի:

Նոր դաշինքը կամ ուժը պետք է ժողովրդի հետ առավելագույն անկեղծությամբ խոսի, բացատրի իր քայլերի տրամաբանությունը, քանի որ հիմա մեր կողքին կան հազարավոր մարդիկ, որոնք խոր հուսախաբություն են ապրում և պատրաստվում են լքել երկիրը՝ այլևս փոփոխությունների որևէ հույս չունենալով: Նրանք ասում են, որ եթե Լևոնը մեզ այսպես խաբեց, ապա ի՞նչ երաշխիք, որ մյուսները չեն խաբի: Այնպես որ, նոր ուժը բավական մեծ, հսկայական աշխատանք ունի կատարելու, բայց պարտավոր է դա անել՝ հանուն մեր երկրի վաղվա օրվա:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը