Լրահոս

26.11.2020 10:58


Գալիս ենք, ժամերով հերթ ենք կանգնում, ասում են` գույք եք կորցրել, Ալիևից պահանջեք, ինչքան պիտի էսպես ապրենք. արցախցի (տեսանյութ)

Գալիս ենք, ժամերով հերթ ենք կանգնում, ասում են` գույք եք կորցրել, Ալիևից պահանջեք, ինչքան պիտի էսպես ապրենք. արցախցի (տեսանյութ)

7-ամյա Գևորգը հազիվ էր հասցրել Արցախում մեկ ամիս դպրոց գնալ, երբ պատերազմ սկսվեց ու տեղափոխվեցին Երևան: Պարույր Սևակի անվան դպրոցի առաջին դասարանում Գևորգը միակ Արցախցին է` Բերձորից: Այսօր մոր հետ եկել է արցախցիների համար Երևանում բացված շտաբ, որ իմանա` ի վերջո մնո՞ւմ են, թե գնալու են, թեպետ նրանց տունն այլևս չկա:

Գևորգի հայրը 2016 թվականին պահել էր հայրենիքը ու զոհվել հերոսաբար: Այսօր հանձում են նրա պաշտպանած հողը: Գևորգի տատիկը՝ տիկին Ջեմման, չգիտի, հնարավորության դեպքում գնա՞լ, թե մնալ, անվտանգության ոչ մի երաշխիք չի տեսնում Արցախում, ասում է՝ ամեն կողմից շրջապատված են լինելու ադրբեջանցիներով:

«Լաչինը ունի թևեր, որ ձորին մոտ է, կես կիլոմետրի վրա թուրքը շատ հանգիստ ներքևով կգա, ինչ կուզի կանի»,-ասաց Արցախից Երևան տեղափոխված Ջեմմա Պետրոսյանը:

Քրիստինեն Քաշաթաղից էր, ամուսինը Սիրայից էր տեղափոխվել: Միասին աշխատել էին, տուն կառուցել: Պատերազմից օրեր անց, 2 անչափահաս երեխայի հետ դատարկաձեռն եկել է Երևան: Ամուսինն էլ այդ ընթացքում դիրքերում էր, ո՛չ կարողացել են գույքը հանեն, ո՛չ էլ անասունը: Շտաբում ասել են, եթե ուզում եք գնալ վարձով ապրել, կօգնեն մինչև 50 հազար դրամի չափով, բայց տան տիրոջ հետ պիտի պայմանագիր կնքեն, սեփականատերերն էլ չեն համաձայնում հարկային դաշտ մտնել:

«Տան տերերը չեն համաձայնում, ասում են՝ ձեր խնդիրների հետ միասին որտեղ ուզում եք գնացեք, ապրեք: Գալիս ենք, ժամերով հերթ ենք կանգնում, նորից հետ գնում, ասում են գույք եք կորցրել, Ալիևից պահանջեք, ինչքա՞ն պիտի էսպես ապրենք»,-ասաց Քրիստինե Միքայելյանը։

Տիկին Մարգարիտն էլ Կովսականում էր ապրում, աշխատավայրում էր, երբ ասել են, որ ադրբեջանցիները մոտ են ու առանց վայրկյան կորցնելու միակ թոռան հետ եկել է Երևան: Հետ վերադառնալ, անգամ Ստեփանակերտ՝ չի ուզում, վախը սրտում ապրել չեն կարող: Եկել է շտաբ, բայց ասել են՝ ոչնչով չենք կարող օգնել:

«Ուղարկեցին քաղաքապետարան, թե մենք ոչնչով չենք կարող օգնել, գնացեք դիմեք քաղաքապետարան, թող տուն տան, սենյակ հատկացնեն, կամ հանրակացարանում՝ մնացեք: Այնտեղ սնունդ էլ կտան, իսկ այստեղ մենք ոչնչով չենք կարող օգնել»,-ասաց Մարգարիտ Թումանյանը:

Ազնիվն էլ 7 երեխա ունի, ամենամեծը 13 տարեկան է: Քաշաթաղի շրջանից էր, չհասցրեցին վայելել իրենց նորակառույց տունը: Այստեղ մեծ ընտանիքով մեկ սենյակում են ապրում: Սենյակը կիսել են ու 5 երեխա նույն մահճակալին է քնում, իսկ շտաբում դեռևս տվյալներն են վերցնում:

Մանրամասները՝ tert.am-տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը