Կարծիք

26.11.2020 08:01


Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից

Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից
Սոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով: Հարցը կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով հարձակումների մասին է:
Նման հարձակումներ պարբերաբար կազմակերպվում են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ:
Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից:
Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքների՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Ստացվում է՝ ըստ էության գործ ունենք ատելության որջեր կազմակերպելու և վարելու հետ:
Այդ պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որևէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ:
Ցավոք, այս արատավոր երևույթը վերջին երկու տարիների ընթացքում ստացավ ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեց համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ:
Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որևէ զարգացում՝ հաշվի առնելով բոլորիս միասնական ու համախմբված լինելու, միմյանց խոսքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը:
Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև հիմա գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունը՝ որպես Սահմանադրության 25-րդ հոդվածով ուղիղ երաշխավորված իրավունք, վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին կարող է խարխել մեր երկրի անվտանգության հիմքերը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը