Քաղաքական

25.11.2020 19:27


73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին

73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին

ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է բյուջե տարել, մյուս ձեռքով 73 մլն 105 հազար դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին։ Այս երկու ինֆորմացիաները, ի դեպ, հաստատել է նախարարությունը պաշտոնապես` Yerevan.Today-ի հարցման պատասխանում։

Ահա այսպես, երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ այժմ նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգևավճարով։ Գուցե սա իրեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ ֆինանսների կառավարիչ Ջանջուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավեր հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։ Նա, ի դեպ, «սևերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հետևաբար՝ լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով, նախարարների 1 ու կես միմիոնանոց ուռճացված աշխատավարձերով և 8 մլրդ դոլարի հասցված ՀՀ պետական պարտքով։

Ավելի վաղ Yerevan.Today-ը գրել էր, ՀՄՀ–ի կողմից «Մենք ենք մեր սահմանները» խորագրով Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած 170 մլն դոլարի մեծ մասը վարչապետի հրահանգով ծածուկ պայմաններում փոխանցվել է ՀՀ պետբյուջե, որպեսզի բյուջեի կրիզիսը հաղթահարվի դրանով, գրել էինք, որ արցախցուն նվիրաբերված միլիոնավոր դոլարները վերածվել են չոր թոշակի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հաստատումից հետո ֆինանսների նախարարությունը խոստովանեց, որ այո, ՀՀ բյուջեն ճեղքվածք ունի, և որ արցախցու համար հանգանակված փողերը Հիմնադրամի առաքելության փոխարեն վերածվել են բնակչության համար սովորական սոցիալական ծախսերի։ Դրանում կարող է լինել պետության ֆինանսական բեռը ցանկացած ծախսի տեսքով, սոցվճարից, թոշակ ու ընդհուպ՝ պաշտոնյաների պարգևատրումներ, ինչո՞ւ ոչ։ Ի վերջո, պարգևավճարներն էլ ընդունենք, որ վարչապետի պարտավորությունն է դարձել` սեփական թիմակիցների հանդեպ, հանուն իր կողքին պահելու, նա անպայմանորեն կատարում է այդ պարտավորությունը՝ մեր և բյուջեի հաշվին` առանց հաշվի առնելու դրա նպատակահարմարությունն ու նախարարների, պատգամավորների տված արդյունավետությունը։

Այս խորագրի վերջին նյութերը