Կարծիք

25.11.2020 14:11


Մենք այս մտածելակերպը կարող ենք համարել ավերիչ, վտանգավոր, քայքայող

Մենք այս մտածելակերպը կարող ենք համարել ավերիչ, վտանգավոր, քայքայող
Սեպտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում մի հետաքրքիր գրառում կատարեց, որում խոսում էր սխալների մասին։ Որպեսզի ամբողջ տեքստը չարտատպեմ, մի հատված բերեմ, որն լիովին արտացոլում է գործող իշխանության գաղափարական հենքն ու ուղենիշները՝ անկախ գրառման մեջ ներկայացված օրինակներից։
«Բայց մենք որոշեցինք գործել սխալը սխալի հետեւից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետեւ ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետեւ կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ: Եվ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժե՞ արդյոք նման քայլ անել, իսկ եթե այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կետում է, որ վրա է հասնում կաթվածը: Եվ ուրեմն՝ միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս»:
Այսինքն՝ սխալը որպես առաջընթացի շարժիչ ուժը։ Եվ սա դատարկ բառեր կամ պոպուլիստական հերթական գրառում չէ։ Ո՛չ։ Սա նրա աշխարհաընկալում է, որի պրիզմայով նա դիտարկում է բոլոր քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական, իրավական և այլ գործընթացները։Եվ նրա այս գրառումը իրականում խոստովանություն էր։ Խոստովանություն իր աշխարհաընկալման մասին։ Աշխարհաընկալում, որն արդյունքում բերեց պատերազմի, հազարավոր զոհերի, մեր պատմամշակութային վայրերի, սրբավայրերի, մեր հայրենիքի հազարավոր կիլոմետրերի կորստին։
Եվ երբ մենք կհասկանանք, որ «սխալը որպես առաջընթացի շարժիչ ուժ» գաղափարը նրա աշխարհաընկալումն է, մենք կդադարենք նյարդայնանալ՝ մտածելով, որ Արայիկ Հարությունյանին գլխավոր խորհրդական նշանակելով նա ծաղրում է մեր ժողովրդին։ Եվ կհասկանանք, թե ինչպես կարելի է կապիտուլյացիոն այս խայտառակ, ողբերգական հետևանքների բերած ակտի մասին խոսելիս լինել հանգիստ և երբեմն ժպտալ, կամ խոսել «պատերազմի արդյունքում ստեղծված հնարավորությունների մասին», օրինակ, ճանապարհների բացման մասին։
Կհասկանանք, որ իր համար պատերազմն ու կապիտուլյացիան դա երկրի համար ողբերգություն չէ, այլ նոր հնարավորությունների պատուհան։ Քանի որ, ըստ նրա, միայն թվացյալ սխալների շնորհիվ է հնարավոր առաջընթաց ապահովել։
Մենք այս մտածելակերպը կարող ենք համարել ավերիչ, վտանգավոր, քայքայող, բայց դա այն է, ինչի հետ մենք գործ ունենք։ Եվ մտածել, որ այն բոլոր՝ մեր տեսանկյունից, սխալները, որը նա արել է, պատահականություն է կամ անփորձության ու ոչ կոմպետենտ լինելու հետևանք է, միամտություն է։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը