Քաղաքական

24.11.2020 18:24


«Պուտինը հավանություն է տվել ԼՂ-ում Կարմիր խաչի աշխատանքին աջակցելու նպատակով 2 մլն եվրո կամավոր ներդրում անելու առաջարկին». Լավրով

«Պուտինը հավանություն է տվել ԼՂ-ում Կարմիր խաչի աշխատանքին աջակցելու նպատակով 2 մլն եվրո կամավոր ներդրում անելու առաջարկին». Լավրով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿի աշխատանքին աջակցելու նպատակով 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում անելու առաջարկը։

Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, որի մամուլի ասուլիսը հեռարձակվում էր «Ռոսիա-24» հեռուսաալիքով։

«Վերջերս Կարմիր խաչի նախագահն այցելեց Մոսկվա և մեզ հետ կիսվեց այդ տարածաշրջանում կյանքի կոչվող նախագծերի շուրջ իր ծրագրերով։ Նախագահ Պուտինը հավանության արժանացրեց առաջարկն այն մասին, որ երկու միլիոն եվրոյի չափով հերթական կամավոր ներդրումը, որը Ռուսաստանը փոխանցում է ԿԽՄԿ-ին, նպատակաուղղվի Լեռնային Ղարաղաղում և դրա շուրջն այս կառույցի աշխատանքներին»,-նշել է Լավրովը։

Խոսելով այդ տարածաշրջանի հումանիտար կարիքների մասին՝ Լավրովը նաև ընդգծել է Մոսկվայի ամենօրյա աշխատանքը տասնյակ միջազգային կազմակերպությունների և հատկապես ՄԱԿ-ի մասը կազմող կառույցների հետ։

«Դա ՄԱՓԳՀ-ն է, Մարդասիրական հարցերի գրասենյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Համաշխարհային պարենային ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Նրանք բոլորի համար էլ գործ ու տեղ կգտնվի, որպեսզի մասնակցեն այն ջանքերին, որոնց կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների բնակիչները»,-շեշտել է նա։

Նախարարը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, որը երբեք չի դադարեցրել իր աշխատանքը ո’չ Երևանում, ո’չ Ստեփանակերտում և ո’չ էլ Բաքվում։

Այս խորագրի վերջին նյութերը