Հարցազրույց

24.11.2020 22:30


Լսեք, այ կապիտուլյանտներ, իսկ ո՞ւր է ձեր ներկայությունը՝ որպես... իշխանություն

Լսեք, այ կապիտուլյանտներ, իսկ ո՞ւր է ձեր ներկայությունը՝ որպես... իշխանություն

Կապիտուլյանտ նիկոլ փաշինյանը, ինչպես տեսնում ենք, երեսի կաշին քեչա կամ «պադոշ» արած, մարմնի բոլոր հնարավոր վերջույթներով կառչել է ՀՀ վարչապետի աթոռին ու պաշտոնին: Նա ոչ միայն մտադիր չէ հրաժարական տալ, գոնե այդ կերպ մի չնչին մեղմելով հետագա դատավարությամբ ստանալիք խիստ ու արժանի պատիժը, այլև ինչ-որ «ճանապարհային քարտեզ» է ներկայացնում, ինչ-որ ելույթներ է ունենում, ինչ-որ նախարարներ է ազատում կամ նշանակում:

Լավ, տվյալ անձը և իր համախոհ-հանցակիցները կես միլիգրամ պատասխանատվություն և ամոթ չունեն: Եվ հակառակը, ունեն անչափելի անպատկառություն, որպեսզի տեղի ունեցած խայտառակության և աղետի մեղքն այլոց վրա («նախկիններ», ժողովուրդ, բանակ) բարդեն:

Կարճ ասած՝ կառչել են իշխանությունից: Հարց է ծագում՝ ի՛նչ անելու համար:

Չէ, այստեղ չենք նշի Արցախը թուրք-ադրբեջանական միավորմանը հանձնելուց հետո նաև մնացյալ Հայաստանի գլխին հավելյալ փորձանք բերելու նրանց ու իրենց օտարերկրյա ենթադրելի «պատրոնների» ստոր նկրտումները: Թողնենք դա:

Մնացել են իշխանության կամ ամեն կերպ պահում են իշխանությունը, որ ի՞նչ անեն:

Այս օրերին, Ստեփանակերտի «քաղաքապետ» Արայիկ Հարությունյանի կոչերին արձագանքելով, հազարավոր արցախցիներ վերադառնում են հայրենիքի այն բեկորը, որ կապիտուլյացիոն խայտառակագրով անցել է ռուսական խաղաղապահների հսկողության ներքո: Արդեն իսկ կան մի շարք ահազանգեր ու հրապարակումներ առ այն, որ անհատապես վերադարձող տարբեր հայերի ճանապարհին ադրբեջանաթուրքական զինյալները կա՛մ առևանգել են, կա՛մ ահաբեկել են, կա՛մ առնվազն փորձել են նվաստացնել:

Շատերը տեսած կլինեն սիրտ ծակող այն ահավոր տեսանյութը, թե թշնամուն հանձնվող Վազգենաշենում ինչպես են ադրբեջանցի զինվորները ծաղրում արագ-արագ իրենց տները թողնող, գաղթի ճամփան բռնող և ունեցած-չունեցածը ձեռքի տակ եղած մեքենայի մեջ բարձող հայերին:

Հարց է ծագում. քանի՞ գրոշ արժեն Արայիկ Հարությունյանն ու իր վերահսկիչ նիկոլ փաշինյանը՝ որպես իշխանություն, եթե այդ մարդիկ պետք է իրենց գյուղը թողնեին առանց անվտանգության որևէ ապահովման: Կարո՞ղ էին հիշյալ կապիտուլյանտները գոնե խնդրանքով դիմել Արցախի մնացորդների դե ֆակտո կառավարիչ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին, որպեսզի նա գոնե մեկ ջոկ առանձնացներ (1 գյուղի հաշվարկով)՝ հսկելու համար ադրբեջանական կողմին հանձնվող բնակավայրերից հայության դուրս գալը: Ի վերջո, դա անմիջականորեն հենց խաղաղապահ առաքելության տրամաբանության մեջ է:

Դիմե՞լ են: Խիստ կասկածում եմ:

Առհասարակ, մինչև հիմա հարց է, թե պատերզամական գործողություններով թշնամու չգրաված, սակայն գրչի մեկ շարժումով նիկոլ փաշինյանի կողմից թշնամուն հանձնված բնակավայրերից ինչպե՞ս է իրականացվել մարդկանց դուրսբերումը և բնակչության ունեցվածքի տեղափոխությունը: Հիմնական տպավորությունը այն է, որ այդ ամենն արվել է ՀՀ և Արցախի իշխանություն կոչվածների բացարձակ բացակայության պայմաններում: Որպես իշխանություն՝ բացակայության պայմաններում:

Մեկ այլ էական հարց. մինչև հիմա անհայտ է, թե նիկոլ փաշինյանը կապիտուլյացիոն խայտառակագրով կոնկրետ ի՞նչ բնակավայրեր ու շրջաններ է հանձնել իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը:

Ի դեպ, հատկանշական է, որ հայրենիքի կտորները թուրքին հանձնելու ժամանակացույցը շատ կոնկրետ ու սեղմ է, իսկ, այ, օրինակ, ռազմագերիներին վերադարձնելու, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից մեր զոհված զինվորների մարմինները հանելու վերաբերյալ բացարձակապես ոչ մի կոնկրետություն չկա:

Բացի այդ, արդեն կան կոնկրետ ահազանգեր, որ ադրբեջանական զինուժը, առանց կրակոց-տրաքոցի, սողացող ժանտախտի նման, կրծոտելով խցկվում է հայկական այն բնակավայրերը, որոնք նույնիսկ փաշինյանական խայտառակագրով պիտի որ մնային Արցախի բեկորների մեջ: Ու՝ ոչ մի ձայն-ծպտուն...

Դե, իհարկե, դա ադրբեջանական ուժերն են, հո Հայաստանի «նախկիննե՞րը» չեն, որ նիկոլ փաշինյանը բողազը ճղի, ձայնը գլուխը գցի, արդեն ֆիզիկական նողկանք հարուցող իր հիստերիկ ճվճվոցով լայվ մտնի՝ ֆեյսբուքում կամ Պետրոսի մոտից:

Եվ, եթե նիկոլ փաշինյանը, իր ստեփանակերտյան գործակից Արայիկ Հարությունյանը ի վիճակի չեն գոնե նման հարցեր լուծել, ինչպես վերը նշեցինք, ապա ո՞ւմ են իրենք պետք, առհասարակ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը