Կարծիք

02.05.2011 13:17


Ներքաղաքական դաշտը մտնում է հանրային պրկված նյարդերի փուլ

Ներքաղաքական դաշտը մտնում է հանրային պրկված նյարդերի փուլ

Վերջին երկու ամիսներին ընդդիմություն-վարչախումբ երկխոսության փաստով սկիզբ առած հասարակական անորոշությունն ապրիլի 28-ին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքից հետո առավել խորացման նշաններ է ցույց տալիս: Մի կողմից ընդդիմության երեք պահանջները ոչ լիարժեք կատարելու պատճառով Կոնգրեսի հայտարարած ջրբաժանի օրվա տեղափոխումը մայիսի 31, իսկ մյուս կողմից նշված պահանջներից վերջինը լիարժեք կատարելու` վարչախմբի պատրաստակամությունը ՀԱԿ-ի եւ վարչախմբի համար կարող են դառնալ ներհամակարգային տեւական ցնցումների շարժառիթ: Նման զարգացումների համար պարարտ հող են դարձել երկխոսության առարկայի շուրջ հանրային ու կլանային տարընկալումները, որոնք էլ հարուցում են անվստահության մթնոլորտ երկու ճամբարներում:

ՀԱԿ-ի համար խնդրահարույց են հատկապես հանրային այն դժգոհությունները, որոնք սկիզբ են առել ոչ միայն վարչախմբի հետ երկխոսության առարկայի տարընկալումների, այլ նաեւ նրա տապալմանն ուղղված արմատական քայլերի բացակայության պատճառով: Իսկ վարչախմբի համար խնդրահարույց են ՀԱԿ-ի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու պատճառով կոալիցիոն գործընկերների եւ վարչական մարմինների ահագնացող այն դժգոհությունները, որոնք նշված շրջանակները դիտարկում են որպես սեփական քաղաքական ու վարչական կշռին լուրջ մարտահրավեր: Այս զարգացումների համատեքստում, սակայն, հանրության ներսում անորոշության խորացման համար առավել կարեւոր խթան են դարձել հերթական կամ արտահերթ ընտրությունների մասին ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի պաշտոնական հակադիր մեկնաբանությունները, որոնք հնչեցին վերջին օրերին:

Ապրիլի 28-ին ելույթ ունենալով Ազատության հրապարակում, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց կրկին հիշեցնել, որ մարտի 1-ի հանրահավաքում ընդունված բոլոր պահանջները մնում են ուժի մեջ, իսկ դրանցից առանձնացված երեք հայտնի կետերը վերաբերում են միայն ՀԱԿ-ի ընդարձակ ծրագրի իրականացման առաջին փուլին: Ըստ Տեր-Պետրոսյանի` «այդ առանձնացումն ամենեւին չի նշանակում, որ Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել է մնացյալ տասներկու պահանջներից, ինչպիսի կասկած փորձում են սերմանել ոմանք»։

Քննարկվող խնդրի տեսանկյունից կարեւոր է մարտի 1-ին ընդունված պահանջներից վերջինը: Այն մասնավորապես արձանագրում է, որ մյուս պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է ՀԱԿ-ին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ` օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը:

Լ.Տեր-Պետրոսյանից զատ` նախորդ օրերին արտահերթ ընտրություններից չհրաժարվելու եւ այն օրակարգային հարց դիտարկելու խոսքով հանդես են եկել Կոնգրեսի այլ ներկայացուցիչներ եւս: Մասնավորապես նույն պահանջն էր ընկած ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` Ազատության հրապարակում ապրիլի 28-ի ելույթի հիմքում: Նույն դիրքորոշումն արտահայտված էր նաեւ ապրիլի 29-ին ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ Տեր-Պետրոսյանի հանդիպման առիթով Կոնգրեսի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ, որտեղ քննարկվածների թվում նշվում է նաեւ արտահերթ ընտրությունների անցկացման խնդիրը:

Ի տարբերություն ընդդիմության հայտարարությունների, վարչախումբը ընտրությունների խնդիրը դիտարկում է բոլորովին հակադիր դիրքերից: Ապրիլի 28-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հարկ համարեց նշել` «Երկխոսություն արտահերթ ընտրությունների մասին` դա երկխոսություն չէ արդեն, դա դառնում է այն շրջանը, որը երեք տարի անցել ենք: Դա երկխոսություն չէ, դա կապիտուլյացիայի առաջարկ է: Կարծում եմ, որ ընդդիմությունը ձեռնպահ կմնա նման առաջարկներից, որովհետեւ միանշանակ դա չի մտնում իշխանության, այսպես ասած, ձեռնարկելիք քայլերի մեջ»:

Հաջորդ օրը` ապրիլի 29-ին, նույն ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ընտրությունների խնդրի կապակցությամբ ընդգծեց. «Հայաստանում այսօր արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ նախադրյալ, որեւէ պատճառ ես չեմ տեսնում, մանավանդ որ, այսօր արդեն ծայրահեղական տրամադրություններն անցնում են երկրորդ պլան եւ, մանավանդ որ, մեկ տարուց հետո լինելու են խորհրդարանական ընտրություններ: Ես կարծում եմ, որ տրամաբանական չէ: Նաեւ մեր գործընկերներն են գիտակցում, որ դժվար թե լինեն արտահերթ ընտրություններ»:

Կարելի է արձանագրել, որ արտահերթ նախագահական, թե հերթական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում կողմերի հակադիր դիրքորոշումներն արդեն այսօր տվյալ խնդիրը բերում են վարչախումբ-ընդդիմություն երկխոսության տիրույթ` հետեւում թողնելով ընդդիմության առաջադրած ծրագրի առաջին փուլի վերջին` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը: Այդ պահանջի հետ մեկտեղ հետին պլան են մղվում նաեւ մարտի 1-ին ընդդիմության առաջ քաշած մյուս բոլոր այն պահանջները, որոնք ընդգրկված չէին առաջին փուլում լուծվելիք խնդիրների շրջանակում, սակայն որոնք հավակնում էին դառնալ ընդդիմության ծրագրի երկրորդ փուլում առաջադրվելիք օրակարգը:

Ընտրությունների հարցում վարչախմբի եւ ընդդիմության միջեւ դիրքորոշումների արմատական տարբերությունը խոստանում է տեւական ժամանակ անլուծելի հիմնական քաղաքական խնդիրը դառնալ` տարակուսանքի մեջ պահելով հասարակության զգալի հատվածին: Ասվածը հիմք է տալիս ենթադրել, որ հայաստանյան ներքաղաքական զարգացումները մտնում են այնպիսի մի փուլ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը լուծելու է ընտրությունների հարցում սեփական միանշանակ դիրքորոշման անխախտությունն իր հանրային զանգվածին ապացուցելու կամ գոհացնելու խնդիրը: Այլապես «պաշտոնականացրած» դիրքորոշումից կողմերից յուրաքանչյուրի շեղումը, ինչպես նկատել է ԱԺ փոխնախագահը, կնշանակի կապիտուլյացիա եւ հանրային, իսկ վարչախմբի դեպքում` վարչաքրեական ռեսուրսի փոշիացում:

Քանի որ կողմերը գիտակցում են նման զարգացումների դեպքում վերահաս կապիտուլյացիայի անխուսափելիությունը, ուրեմն միակ ճանապարհը դառնում է ընտրությունների հարցում սեփական դիրքորոշման անխախտության մասին երկուստեք հավաստիացումների անընդհատ վկայակոչումը: Սակայն այդ դեպքում խնդրի վերջնական լուծման անորոշությունն է արդեն դառնում ներքաղաքական դաշտի վրա ազդող հիմնական գործոն` ի վերջո բերելով անվստահության: Ուստի կողմերից յուրաքանչյուրի համար կարեւոր է դառնում սեփական քաղաքական գծի անշեղության ներկայացումն այնպես, որ այն առավել հաջող չեզոքացնի սեփական «հանրության» մեջ տեղ գտնող անվստահությունը եւ չդառնա համակարգի փլուզման պատճառ:

Նշվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ անորոշությունից դեպի անվստահություն, որից էլ` դիրքերի սասանություն, շղթայում թե՛ վարչախումբը եւ թե՛ Հայ ազգային կոնգրեսը մայիս ամսին «ոտքերի» վրա ամուր կանգնելու խնդիր են լուծելու: Կախված նրանից, թե այս նոր փուլում կողմերից ով կկարողանա առավել հաջող չեզոքացնել իր զանգվածների շրջանում թափանիվի էֆեկտով ահագնացող անվստահությունը` նրան էլ կտրվի հաղթանակների ամսին դափնեպսակ կրելու իրավունքը: Այլապես յուրաքանչյուր կողմին աջակից հանրային զանգվածի պրկված նյարդերը խոստանում են ինքնահոսի մատնվել եւ կործանել յուրաքանչյուրին:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը