Մեկնաբանություն

23.11.2020 20:49


Հիբրիդային պատերազմ Հայաստանի ու Արցախի դեմ․ ովքեր են դերակատարները

Հիբրիդային պատերազմ Հայաստանի ու Արցախի դեմ․ ովքեր են դերակատարները

Արցախյան 2-րդ պատերազմում մենք երկու ճակատ ունեինք՝ ներքին ու արտաքին:

Արտաքին ճակատից դիմագրավում էինք թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռյակին:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խախտվել էր վերջին մի քանի ամիսների ընթացքում (հատկապես ԱԹՍ-ների պահով). օդում թշնամին բացարձակ առավելություն էր ստացել, իսկ փաշինյանենց կողմից գովազդված «ՕՍԱ ԱԿ»-ները զրոյական արդյունավետությամբ գործեցին հակաօդային պաշտպանության ոլորտում:

Պարտության պատճառներից էր նաև վատ կառավարումը և Նիկոլ Փաշինյանի անհեթեթ որոշումները, որոնց մի մասին անդրադարձավ Մովսես Հակոբյանն իր հայտնի ասուլիսում:

Ինչ վերաբերում է ներքին ճակատին և թիկունքից ստացած հարվածներին, ապա այս առումով Հայաստանի ու Արցախի դեմ կազմակերպված խումբ է գործել։ Գլխավոր դերակատարներն էին՝ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, Արայիկ Հարությունյան, Արծրուն Հովհաննիսյան, Նիկոլին կից ՊՈԱԿ, մարդկանց հիմարացնելու համար պաթետիկ ու սրտաճմլիկ ՖԲ գրառումներ անողներ, քայլարած պատգամավորներ, կեղծ հայրենասերներ և այլն։

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու գլխավոր ֆունկցիան «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո մեր երկիրը կապիտուլյացիայի տանելն էր։

Հերիք չէ նա իր խայտառակ արտաքին քաղաքականությամբ, Արցախի խնդրի բանակցային գործընթացի տապալմամբ ու սադրիչ գործողությունների իրականացմամբ պատերազմ բերեց, դեռ մի բան էլ չփորձեց նորմալ կառավարել կամ կանգնեցնել պատերազմը։ Մինչդեռ պատերազմից 3 օր անց արդեն պարզ էր, որ ուժերն անհավասար են ու այդ օրվանից նա հնարավորություն ուներ կանգնեցնել պատերազմը։ Բայց չարեց։ Արեց լրիվ ուրիշ բան։

Նա ներսից քանդեց բանակը՝ պատերազմը վերածելով կամավորական ջոկատների կռվի։ Պատերազմին մոտ չթողեցին կարող ուժերին։ Տապալվեց մոբիլիզացիոն գործընթացը։ Իրական գործընթացները փոխարինվեցին շոուներով։ Մենք ստացանք Կարգին Հայկոյին ու Էջմիածնի քաղաքապետուհու «բանակ»։

Նիկոլն այնքան ձգեց, մինչև որ Շուշին հանձնվեց։ Դրանից հետո գնաց կապիտուլյացիայի։

Աննա Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի կնոջ ֆունկցիան նույնն էր, ինչ Նիկոլինը։ Տանել դեպի կապիտուլյացիայի։

Նա Արցախի հրամանատարական շտաբում դարձել էր Նիկոլի աչքերն ու ականջները։ Հրահանգներ էր տալիս զինվորականներին։ Ջաբրայիլում մեր բանակի ստացած լրջագույն հարվածն Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի պատճառով է եղել։ Առանց հիմնավորման հրահանգել են հակագրոհել։ Արդյունքում՝ մենք լուրջ կորուստներ ենք կրել։

Դրան զուգահեռ «թունդ ռազմահայրենասիրական» քարոզ էր տանում ու «Էրատո» խաղացնում՝ արժեզրկելով կանոնավոր բանակի գաղափարը։

Ըստ տեղեկությունների՝ Աննան վերահսկում էր նաև զոհերի քանակի հրապարակայնացման չափաբաժինները։ Ստիպում էր ՊՆ–ին ու ՊԲ–ին քիչ թվեր ներկայացնել։

Նրա վրա էր դրված նաև կանոնավոր բանակն ու մեր զինվորներին փչացնելու ֆունկցիան։ Աննայի գրեթե բոլոր գրառումներում առկա էին «Դավաճան ու փախչող զինվոր» ձևակերպումները․ նախապատրաստում էին ժողովրդին կապիտուլյացիայի։

Արայիկ Հարությունյան

Այս մշտաժպիտ «մուտիլովշիկի» վրա դրված էր իրականությունը թաքցնողի և «Հաղթելու ենք»–ի մարմնավորումը դառնալու ֆունկցիան։ Արցախի «Լֆիկ Սամո»–Արայիկից Ռեմբոյի կերպար էին սարքում։ Սա ոչ թե Շուշին պաշտպանելով էր զբաղված, այլ Շուշիում կլիպ նկարելով։

Այդ հիմա է Արցախի նախագահը դժգոհում, թե բա առաջին օրվանից չկռվեցին, փախան։ Մինչդեռ պատերազմի օրերին շոուներ էր անում, առաջնագծում սուրճ խմողի, Գետաշենով դեպի Բաքու գնացողի իմիջի մեջ մտնում։

Արայիկը ոչ պակաս է պատասխանատու կապիտուլյացիայի համար, քան Նիկոլը։

Արծրուն Հովհաննիսյան

Բոլոր իշխանությունների ժամանակ օճառը ձեռքը ծառայող այս ստախոսի վրա դրված էր քարոզչության միջոցով հայ ժողովրդին հիմարացնելու և նրանց զգետնելու ֆունկցիան։

Սույն գեբելսիկը ստում էր ամեն օր։ Ստում էր նպատակամղված, հետևողականորեն ու ստորաբար։ Շուշին արդեն ընկած էր, բայց սա հայտարարում էր, թե բա ամեն ինչ նորմալ է, մարտեր են ընթանում ու հեսա թուրքերին կմաքրենք մեր բերդաքաղաքից։

Սա ժողովրդին ֆռռացնելու գործի վրա էր։ Ջաբրայիլը հանձնվում էր, Արծրունն ասում էր՝ հեսա հակագրոհում ենք։

Կուբաթլուն, Ֆիզուլին, Զանգելանն ընկած էին, սա խաբում էր, թե բա փոխադարձ հաջողություններ են արձանագրվում։

Հադրութը հանձնվեց, Արծրունը դրա անունը դրեց «մարտավարական նահանջ»։ Իսկ երբ արդեն Շուշին վերջնականապես հանձնեց Նիկոլը, Արծրունը սուտ մեռուկ եղավ, թե բա ճնշումս բարձրացել է, չեմ կարող ասուլիս անել։ Քանզի գիտեր, որ իր շեֆն արդեն կապիտուլյացիա էր ստորագրում։

Սուտասանների այս քառյակը մինչև վերջին օրը խաբել է։

Նիկոլի մյուս թիմակիցների գործն էլ է եղել խաբելը։

Հրեշավորն այն էր, որ սրանք «էն գլխից» հայտարարեցին, թե բա ՊՆ–ի պաշտոնական տեղեկատվությունից ու Արծրունից բացի այլ բաների մի հատավացեք։ Դրանից բացի ռազմական դրություն հայտարարեցին ու խոսքի ազատության սահմանափակումներ մտցրեցին, որպեսզի ոչ մեկն իրենց սուտը չբացահայտի, ահազանգ չհնչեցնի ու չփորձի իրավիճակը փրկել, քանզի Ալիևը սեպտեմբերի 27–ից խոսում էր Շուշիի մասին։ Հենց Շուշին հանձնվեց, «Հաղթելու ենք»–ը դարձավ կապիտուլյացիա ու վերջ։ Նիկոլն իր արածն արեց ու հիմա փորձում է կառչած մնալ աթոռից։

Մեր երկրի դեմ հիբրիդային ահա այսպիսի պատերազմ է տեղի ունեցել։ Այսինքն միայն թուրքը չի եղել մեր հակառակորդը։ Ներսից սորոսաթուրքական խումբ է գործել։ Ու հիմա վեճը հետևյալն է՝ Նիկոլը որպես անմեղսունա՞կ է այդպես արել, որպես բութ գործի՞ք է ծառայել սորոսաթուրքական ուժերին՝ չհասկանալով, թե վերջում ինչ է լինելու, թե՞ գործ ունենք Նիկոլի ստորագույն դավաճանության հետ։ Դա էլ իշխանափոխությունից հետո կպարզենք։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը