Քաղաքական

23.11.2020 20:15


Ռուս խաղաղապահ է ականի պայթյունից վիրավորվել ԼՂ-ում

Ռուս խաղաղապահ է ականի պայթյունից վիրավորվել ԼՂ-ում

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպան մահացածներին որոնելիս ականի պայթյունից վիրավորվել է Լեռնային Ղարաբաղում, զինամթերքի պայթյունի հետեւանքով զոհվել է Ադրբեջանի ԶՈւ սպա, վիրավորվել են ԼՂՀ ԱԻՆ չորս ներկայացուցիչներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ՊՆ-ին:

Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 23-ին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որը բաղկացած էր Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից, զոհվածների որոնում էր իրականացնում Տերտերի շրջանում:

«Մատաղիս բնակավայրի տարածքում աշխատանքի ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի սպա: Սպանվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության եւս չորս աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ»,-ասել են պաշտպանության նախարարությունից: «Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքու քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Կյանքին վտանգ չի սպառնում»,-հավելել են գերատեսչությունից:

Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության նախաձեռնությամբ ստեղծված՝ հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների որոնման եւ տեղափոխման համատեղ խմբերը արդեն մեկ շաբաթից ավելի աշխատում են համախմբված եւ արդյունավետ: Նրանց աշխատանքի արդյունքում հայտնաբերված մահացածների բոլոր մարմինները հանձնվում են կողմերին՝ հուղարկավորության համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը