Մեկնաբանություն

23.11.2020 19:50


Կապիտուլյանտ-գլխակերի սիրելի օլիգարխներն ու գործարարները

Կապիտուլյանտ-գլխակերի սիրելի օլիգարխներն ու գործարարները

Ազգը խայտառակելուց հետո, թշնամու ծաղրուծանակի ներքո ստորոցուցիչ կապիտուլյացիա ընդունելուց ու Արցախն, ըստ էության, 80 տոկոսով թուրքին տալուց, մնացած 20 տոկոսն էլ Ռուսաստանի պահպանությանը հանձնելուց հետո, ոմն մեկը՝ նիկոլ փաշինյան անուն-ազգանունով, իրեն դեռ Հայաստանի վարչապետ է համարում:

Քիչ է, որ նա իրեն դեռ վարչապետ է համարում, մի բան էլ՝ ինչ-որ նախարարներ է հանում-դնում: Թիկնա-զորքով շրջապատված՝ անգամ այսուայնկողմ է շարժվում: Այսօր էլ, ահա, հերթով օլիգարխների ու գործարարների էր ընդունում:

Այսօր, օրինակի համար, նիկոլ փաշինյանը հերթով հանդիպել է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն»-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ»-ի հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո»-ի սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ»-ի հիմնադիր Վահան Քերոբյանի հետ:

Զարմանալ կարելի է նշված գործարարների վրա: Ի՞նչ սրտով կամ ընկալմամբ են նրանք հանդիպում նիկոլ փաշինյանի նման մեկի հետ: Նրանք ի՞նչ է, միանո՞ւմ են նիկոլ փաշինյանի ստորագրությանը՝ Արցախը թուրքին հանձնելու մասով: Եթե միանում են այդ պարոնները, եթե իրենք համաձայն են, որ իրենք էլ են, պատկերավոր ասած՝ նիկոլ փաշինյան, ապա թող այդպես էլ ասեն: Թող ելնեն ու ասեն, այո, ժողովուրդ, մենք համաձայն ենք Արցախը տալ թուրքին, տեսանելի հեռանկարում՝ Սյունիքը տալ և առհասարակ, Հայաստանը վարի տալ: Բայց այդ դեպքում պետք է հայ ժողովրդի ողջամիտ հատվածը բոյկոտի այս գործարարներին ու նրանց կազմակերպությունները։

Ի դեպ, նշված օլիգարխոտ գործարարներից մի քանիսին կոնկրետ հարցեր են կուտակվել: Մի քանի օր է, ինչ մամուլում, ամենատարբեր լրատվամիջոցներում շրջանառվում են համառ լուրեր առ այն, որ նիկոլ փաշինյանը իրեն պահող-պաշտպանող, ըստ էության, ապօրինի խմբեր է ձևավորել, նաև զենք է բաժանել Ալեքսանյանի ու Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից կամ նրանց հիմնարկների անվտանգույթան աշխատակիցների ներգրավմամբ (հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նիկոլ փաշինյանը կոչ անում ազատվել «լֆիկական օսվենցիմից»): Մի՞թե նշված գործարարները ոչինչ չունեն ասելու:

Ավելին, նախօրեին, երբ փաշինյանի և նրա տիկնոջ անձնական սպասարկման «ոստիկանությունը» վայրագ կատաղությամբ հարձակվել էր բողոքի գործողություն անողների վրա, լուրեր տարածվեցին, որ դիմակավորված ու անգամ չինական հիերոգլիֆներով հանդերձավորված «ոստիկանները» նույն այդ օլիգարխ-գործարարների թիկնապահական «զորքերից» են կազմված: Նրանք ոչինչ չունե՞ն ասելու: Համենայնդեպս չեն հերքել։

Ի դեպ, մեկ այլ գործարար՝ «SAS» խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը կարճ արձագանքել էր, քանի որ իր անունն էլ էր շոշափվում, ասել էր, թե ինքը կապ չունի այդ «գվարդիականների» հետ: Իսկ Սուքիասյանն ու Ալեքսանյանը, նիկոլ փաշինյանի «սրտի օլիգարխները» ոչինչ չունե՞ն ասելու:

Չնայած, խնդիր չէ, կարող են լռել: Հիմա Հայաստանում լռելը մոդա է: Լռել ու լռությամբ ողջունել նիկոլ փաշինյանի ստորագրած կապիտուլյացիան, նախքան այդ՝ աջակցելով ու ֆինանսավորելով նիկոլ փաշինյանի կողմից պետական կառույցները խարխլելը, նախքան այդ՝ լռությամբ սատարելով պետության թուլացումն ու մեր երկիրը պարտության տանելը:

Այդ դեպքում, կներեք, մե՞ծ է տարբերությունը ինքնահավան-իմաստակ ու անպատիվ-ամբարտավան նիկոլ փաշինյանի ու նրա հետ հանդիպման գնացած գործարարների հետ: Պարոնայք, դո՞ւք ինչից եք ահաբեկված, վախենում եք, որ ձեզ հարկային տեռորի՞ կենթարկի ձեր սիրեցյալ նիկոլ փաշինյանը:

Այն նիկոլ փաշինյանը, որ պաթոլոգիկ ատելություն է տածում քիչ թե շատ ունևոր ցանկացած անհատի հանդեպ, այն նիկոլ փաշինյանը, որ իր կռապաշտներին գրգռում է և ուղղորդում ունևորների դեմ՝ բացեիբաց հայտարարելով, որ պետք է խլել նրանց ունեցվածքը: Դուք դրա՞ն եք պաշտպանում:

Նշված գործարարների ազատ ընտրության խնդիրն ու իրավունքն է, իհարկե, թե ում պաշտպանեն:

Ինքս, օրինակ, այդ հանդիպումների նկարները տեսնելուց հետո միայն մեկ բան կարող եմ ասել և անել. բոյկոտել թե՛ նշված գործարարներին, թե՛ նրանց ընկերություններն ու դրանց մատուցած ծառայությունները, ներկրած կամ արտադրած ապրանքները: Այո, բոյկոտել Խաչատուր Սուքիասյանի «Սիլ»-ը՝ իր ճյուղավորումներով, բոյկոտել Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթին»՝ իր ճյուղավորումներով, «Մենյու.եմ»-ը: Բոլորին՝ ով նիկոլ փաշինյանի ձեռքը սեղմում է, այդպիսով իր ձեռքի վրա ընդունելով նրա խարանն ու իր վրա ընդունելով աններելի արարքով պայմանավորված համաժողովրդական անեծքը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը