Քաղաքական

02.05.2011 12:46


Հոգեբան. «Մարդկանց ցանկությունների և ՀԱԿ առաջնորդների առաջարկությունների ու դիրքորոշումների միջև շատ ուժեղ խզում է առաջացել»

Հոգեբան. «Մարդկանց ցանկությունների և ՀԱԿ առաջնորդների առաջարկությունների ու դիրքորոշումների միջև շատ ուժեղ խզում է առաջացել»

«7օր»–ի հետ զրույցում խոսելով ՀԱԿ–ի և նրան հետևողների վարքագծի մասին՝ հոգեբան Կարինե Նալչաջյանն ասել է, թե այսօր  ՀԱԿ–ի ղեկավարների և նրանց հետևից գնացող մարդկանց միջև աններդաշնակությունը շատ ակնահայտ է։

–Լիդերը մի բան է ասում՝ երկխոսության մասին է խոսում, իսկ ժողովուրդն ասում է՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր», կամ էլ «Հի–մա՛» են գոռում։ Մարդկանց ցանկությունների և առաջնորդների առաջարկությունների ու դիրքորոշումների միջև շատ ուժեղ խզում է առաջացել։ Ես կարծում եմ, որ մարդիկ, ովքեր շարունակում են գնալ նույն առաջնորդների հետևից, ուղղակի  այստեղ հոգեբանական իներցիայի օրենքներն են գործում,–ասել  է նա։

Ըստ Կարինե Նալչաջյանի՝ մարդկանց բազմությունը, որը  գնում է ՀԱԿ–ի առաջնորդների հետևից, բազմաշերտ է. մի մասը գնում է արդարություն որոնելու, մի մասը՝ ՀԱԿ–ի անդամների ծանոթ–բարեկամներն են, ովքեր  հեռահար նպատակներ ունեն՝ իրենց իշխանության գալու հետ  կապված, մյուս մասը քաղբանտարկյալների ազատության հիմնահարցն ունեն, որոնք շատ հնարավոր է՝ քաղբանտարկյալների ազատարձակմամբ այլևս չլինեն ՀԱԿ–ի  հետևորդ։ Ավելին, ըստ  հոգեբանի՝ նրանցից որևէ մեկը եթե այսօրվա ՀԱԿ–ի  ղեկավարների դիրքորոշմանը դեմ դուրս գա և դրոշն իր  ձեռքն առնի, հնարավոր է, որ  ՀԱԿ–ի հետևորդների մի  հսկա զանգված  պոկի և իր հետևից տանի։

–Այստեղ իներցիայի սկզբունքն է գործում։ Հոգեբանորեն շատ դժավար է քո դիրքորոշումներից հրաժարվել։ Եթե դու երեք տարի պայքարել ես ու գոռացել ես՝ «Հի–մա՛» և իշխանափոխություն ես ուզում, դժվար է մի պահի մեջ  դրանցից հրաժարվելը։ ՀԱԿ–ի առաջնորդները  ժողովրդի առջև պարզերես լինելու  խնդիր  ունեն։ Օրինակ ես կարծում եմ, որ Արթուր Բաղդասարյանը, որ այն ժամանակ կողմնորոշվեց երկխոսել իշխանությունների հետ, շատ ավելի  դրական կատարեց , քան թե ՀԱԿ–ը, որ հիմա է գնում երկխոսության։ Այն ժամանակ իրենք հույս ունեին, որ, բնականաբար, կլինի շատ  կտրուկ իշխանափոխություն, ինչպես իրենք էին ուզում, սակայն հիմա հասկանում են, որ  դա հնարավոր չէ, և գնում  են երկխոսության, ցավոք սրտի, թիկունքում ունենալով մարտի 1 և այլն,–ասել  է նա։

Կարինե Նալչաջյանի  խոսքերով՝ այսօր  նոր ուժերի, նոր առաջնորդների ի հայտ գալու  համար  շատ  պարարտ  հող է ստեղծվել, որովհետև  ժողովրդի մի մասն արդեն իսկ  հիասթափված է։

Ինչ–որ մի պահ իներցիան կանգ  է առնում։ Ինչ–որ մի պահ մարդիկ հաստատ կտեսնեն, որ կա ակնհայտ երկխոսություն։ Ինքնին երկխոսության մեջ ես վատ  բան չեմ  տեսնում, որովհետև, իսկապես, ընդդիմությունն ու իշխանությունը պետք է ինչ–որ  հարցերի շուրջ երկխոսեն, այլ  ոչ թե երկիր քանդելով զբաղվեն, բայց քանի որ իրենք իրենց սկզբունքների  դեմ են դուրս գալիս, արդեն ուրիշ է։ Կա դատողություններրի անհետևողականություն։ Եթե մենք տարիների ընթացքում ՀԱԿ–ի դիրքորոշումն ու լոզունգներն իրար կողքի դնենք և փորձենք տեսնել հետևողակնության արտահայությունը, ապա կտեսնենք, որ կտրուկ փոխվել   է՝ չկա հետևողականություն: Այսօր մենք արմատական ընդդիմություն չունենք, որքան էլ դա իրենց դուր գա կամ չգա։ Մենք այսօր չունենք արմատական ընդդիմություն՝ սա փաստ է, բայց ունենք  մարդկանց մի ստվար  զանգված, որը  պահանջ  ունի արմատական ընդդիմության։ Չի բացառվում, որ նոր ղեկավարներ ի հայտ  գան,  և այդ զանգվածը գնա նրանց ետևից,–ընդգծել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը