Քաղաքական

21.11.2020 17:51


Պարտության բերած խորհրդատուն հիմա էլ Պաշտպանության նախարա՞ր

Պարտության բերած խորհրդատուն հիմա էլ Պաշտպանության նախարա՞ր

Դավիթ Տոնոյանն այլևս պաշտպանության նախարար չէ։ Լավ է, թե վատ, չենք կարող ասել, ամեն դեպքում, նա պաշտոնյա էր, որի օրոք պարտություն կրեց մեր պետությունը, հասավ կապիտուլյացիայի, «նոր պատերազմ նոր տարածքներ» ամպագոռգոռ թեզի հակառակը եղավ, մի թիզ անգամ չիրագործվեցին Տոնոյանի ասածները։

Տոնոյանը, սակայն, այս պարտության միակ մեղավորը չէ։ Գլխավորներից է՝ որպես ՊՆ ղեկավար, բայց միակը չէ։ Պատերազմում պարտվել ենք, իսկ կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասում է, որ ինքն իրեն պատասխանատու է զգում այդ ամենի համար, ու փոխանակ այդ պատասխանատվությունը ընդունելով հրաժարական տա, պաշտոնից ազատում է պաշտպանության նախարարին, արտգործնախարարին։ Զոհրաբ Մնացականյանը մեղավոր էր, որ չկարողացավ որպես նախարար նախ նորմալ բանակցություն վարել կամ գոնե մի նորմալ փաստաթղթի հասնել, բայց չէ՞ որ Հայաստանի պատմության մեջ վատագույն փստաթղթի տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, այսինքն ամեն ինչի հիմքում իր կայացրած որոշումներն են։

Իմքայլական պատգամավոր Քոչարյան Անդրանիկն ասում է, որ Փաշինյանը ռազմական գործից գլուխ չի հանում, դրա համար էլ պետք է պաշտպանության նախարարը պատասխանատվություն կրի։ Լավ, Նիկոլ Փաշինյանը ռազմական գործից (ու ոչ միայն) զրո է։ Բայց նա Հայաստանի՝ երբևէ ամենաշատ խորհրդական ունեցած պաշտոնյան է։ Ունի նաև ռազմական գծով խորհրդական, որը, ենթադրվում է, պատերազմի ընթացքում Փաշինյանի որոշածի, արածի ու չարածի հիմնական խորհրդատուն է եղել, այսինքն՝ այս ձախողումների ճարտարապետը։

Դա Վաղարշակ Հարությունյանն է, որը, երևի, ըստ Փաշինյանի, փայլուն ռազմագետ է, որ այդ պաշտոնն ունի։ Ի՞նչ խորհուրդներ է տվել Վաղարշակ Հարությունյանը։ Մովսես Հակոբյանը ասուլիսում մի շարք խնդիրների մասին խոսեց՝ զենքի պայմանագրերի փոփոխումից, ինչը կատաստրոֆիկ վատ է անդրադարձել, մինչև կամավորների կազմում, որը ևս վատ է անդրադարձել և բերել պարտության։ Էդ խորհուրդները արդյո՞ք Վաղարշակ Հարությունյանը չի տվել։ Նա չի՞ խորհուրդ տվել ռազմական ուղով անցած նախկին գեներալներին հեռու պահել պատերազմից։ Բա էլ ո՞վ։

Այսպիսով, նաև Վաղարշակ Հարությունյանի տված խորհուրդների պատճառով ենք մենք կապիտուլյացիայի հասել։ Ու այդ մարդուն Նիկոլ Փաշինյանը նշանակում է ամենապատասխանատու պաշտոնում՝ ամենապատասխանատու ժամանա՞կ։ Ուզում եմ տեղեկացնել, որ «ռեստորանի գեներալ» մականունը ստացած Վաղարշակ Հարությունյանը գրեթե 20 տարի աստիճանազրկված է եղել, չունի որևէ տեղեկություն ու կապ բանակից, զինված ուժերից։ Այսօրվա մեր բանակը և 1999 թվականինը տրամագծորեն տարբեր են։ Ու անտեղյակ այդ մարդուն Նիկոլ Փաշինյանը խորհրդական էր նշանակել, հետևում էր նրա խորհուրդներին։

Վաղարշակ Հարությունյանը աստիճանազրկվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ։ Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր է ոչ այդքան արժանի մարդու նշանակեր պաշտոնի (նման բաներից խուսափելն անհնար է), բայց չի եղել դեպք, որ երկրորդ նախագահը արժանավորին աստիճանազրկեր։ Դա անհնար է։ Եվ ուրեմն, Վաղարշակ Հարությունյանի աստիճանազրկումը խոսում է նաև նրա մասնագիտական որակների պակասի մասին։ Պատմությունը ցույց տվեց, որ Վաղարշակ Հարությունյանը իր տեղում երբեք չի եղել, հիմա՝ առավել ևս։ Բայց Փաշինյանի կառավարությունում նա պաշտպանության նախարար է։

Ասում են, թե պրոռուսական է, դրա համար է նշանակել նախարար։ Դա աբսուրդ է, աբսուրդ հիմնավորում։ Միայն հիշեցնեմ, որ Վաղարշակ Հարությունյանը 20 տարի հեռու լինելով բանակից ու զինված ուժերից, ամերիկյան պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ գործող «Ազատություն» ռադիոկայանի, Հայաստանում սորոսական ու արևմտամետ ֆինանսավորումներով սնվող լրատվամիջոցների մշտական հյուրերից էր։

Ամենից հավանականը, իրականում, թե ինչու՞ Փաշինյանը նշանակեց Հարությունյանին, շատ պարզ է․ Հարությունյանն է որ իր հետ կիսելու է պատասխանատվություն, այլ մարդ, նոր մարդ, լուրջ մարդ չէր համաձայնվի ստանձնել կապիտուլյացիա ստորագրած վարչապետի նորացվող կառավարությունում ՊՆ նախարարի պաշտոնը՝ քաջ գիտակցելով որ այն խիստ ժամանակավոր է։ Այսքանն է։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ Yerevan.Today

Այս խորագրի վերջին նյութերը