Քաղաքական

20.11.2020 20:34


Եթե իմ ասածը կեղծ է, ապա պետական գաղտնիք չէ, իսկ եթե պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չի․ Մովսես Հակոբյան

Եթե իմ ասածը կեղծ է, ապա պետական գաղտնիք չէ, իսկ եթե պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չի․ Մովսես Հակոբյան

ՊՆ հայտարարության մեջ հակասություն կա, եթե իմ ասածը կեղծ է, ապա պետական գաղտնիք չի, իսկ եթե պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չի: Այս մասին «Արմնյուզին» տված հարցազրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետն ախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

«Պետք է կողմնորոշվեն: ՊՆ-ի այդ հայտարարություն գրողը շատ երկար պետք է բանակում ծառայի, որ հասկանա, թե գաղտնին ոչ գաղտնիիից ինչով է տարբերվում: Մեկ օրինակ կարող եմ բերել. եթե մեր կառուցվածքն առկա է թուրքերի 887-րդ բրիգադի հետախուզական վաշտի հրամանատարի հեռախոսի մեջ, ապա ո՞րն է դրա գաղտնիությունը: Մեր ժողովրդի՞ց եք պահում գաղտնի: Մնացած մասով հարուցված է քրեական գործ, եթե կա գաղտնիություն, եւ ես բացել եմ ինչ-որ գաղտնի փաստաթղթեր, ապա պատրաստ եմ կրել պատասխանատվություն, որովհետեւ ես գտնում եմ, որ հայրենիքին ինձ համար ավելի թանկ է, քան որեւէ անձի ձերբակալելը կամ չձերբակալելը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՊՆ հայտարարության մեջ պնդմանը, որ մեր բանակի կողմից ձեռք բերված «ՍՈւ 30 ՍՄ»-ները ունեն հրթիռներ, իսկ «ՕՍԱ ԱԿՄ»-ները պատերազմի ժամանակ 62 ԱԹՍ են խոցել, մինչդեռ Մովսես Հակոբյանը պնդում էր, թե դրանք գրեթե անպետք են եղել պատերազմի ժամանակ եւ «ՍՈւ 30»-երը չեն էլ թռել, վերջինս պատասխանեց. «Ինչպես 44 օր ստել են, այսօր եւս ստում են: Եթե կա, ինչո՞ւ չեն թռել: Եթե այդ 62 ԱԹՍ-ները խոցել են, ոնց են դա հաշվարկել, եւ ոնց է օդը եղել անպաշտպան: Կոնկրետ ովքեր են խփել եւ որտեղ են այդ ԱԹՍ-ները: Հիմա կասեն՝ այդ տարածքները փոխանցել ենք Ադրբեջանին»:

«Օրինակ են բերում «Հերմես-900»-ը խփելը Տավուշի դեպքերի ժամանակ: Ցանկացած մարդ, որը հասկանում է «Հերմեսի» կիրառումից եւ որտեղ, ինչ բարձրության վրա են խոցում, կհասկանա, որ «Հերմեսը» հայտնվել է այդ բարձրության վրա տեխնիկական անսարքության պատճառով: Չեմ ուզում մանրանալ՝ խփվել է, թե ընկել է: Լսեք «Հերմես» արտադրող գործարանի տված հիմնվարումները, թե ոնց է այն կործանվել Տավուշում»,-ասաց գեներալը:

Մովսես Հակոբյանը ճիշտ է համարում, որ պաշտոնաթող որոշ գեներալների թույլ չեն տվել լինել հրամանատարական կետում. «Շատ ճիշտ են արել, որ թույլ չեն տվել մտնել: Ինձ էլ չեն թույլ տվել, ու ճիշտ են արել: Բանակի հրամանատարը խորհրդականի պաշտոն չունի, եթե դրա անհրաժեշտությունը լիներ, ապա հաստիքով կնախատեսվեր նման պաշտոն: Խորհրդական կարող է ունենալ պաշտպանության նախարարը, իսկ հրամանատարը կամ ԳՇ պետը չի կարող ունենալ»:

Դիտարկմանը, թե արդյոք չպե՞տք է օգտագործվել հրամանատարական ողջ ներուժը՝ անկախ նրանից, որ այդ մարդիկ արդեն պաշտոններ չունեն, գեներալը արձագանքեց. «Ցանկացած մարդու ներուժ կարող են եւ պետք է օգտագործես, բայց այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Կոնկրետ որոշումներ կայացնելու համար անթույլատրելի է: Ասեմ ավելին, խստագույնս արգելվում է: Միայն բանակի գործող ղեկավարությունը պետք է որոշումներ կայացնի»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը