Մեկնաբանություն

21.11.2020 16:35


«Պայմանավորված պատերազմ»՝ ըստ նիկոլի. այնքան ասաց, մինչև...

«Պայմանավորված պատերազմ»՝ ըստ նիկոլի. այնքան ասաց, մինչև...

Այնքան էլ վաղուց չէր 2016 թվականը, ընդամենը 4 տարի առաջ: Այնպես որ, հազիվ թե շատերը մոռացած լինեն, թե այն ժամանակ երկրիս ամենաձայնեղ ընդդիմադիր նիկոլ փաշինյանը ինչ սուր գնահատականներ էր տալիս «ապրիլյան պատերազմի» վերաբերյալ:

Հիշեցնենք նրա հնչեցրած հիմնական մեկ երկու թեզ: Օրինակ, նիկոլ փաշինյանը այն ժամանակ պնդում էր, թե «ապրիլյան պատերազմը» այսպես ասած՝ պայմանավորված էր: Նրա խոսքով կամ 4 տարվա վաղեմության հայտարարությունների հիմնական միտքն այն էր, թե, իբր, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ... սկսվել են լայնածավալ պատերազմական գործողություններ, որպեսզի այդպես որոշակի զիջումներ արվեն ու ինչ-որ համաձայնություն կայացվի: Դա, իհարկե, խայտառակ մեղադրանք էր այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված:

Խայտառակ, բայց անհեթեթ մեղադրանքներ էին, քանի որ «ապրիլյան պատերազմի» հետևանքները ակնհայտ են: Թշնամին այն ժամանակ չկարողացավ հասնել իր նպատակին, ավելին՝ թշնամին հարկադրված էր առաջինը հրադադար խնդրել, ինչը շտապեց անել արդեն 4-րդ օրը՝ դիմելով Ռուսաստանի միջնորդական օժանդակությանը:

Ցանկացած տրամաբնող անհատի համար չէր կարող ակնհայտ լինել, որ այդպիսի «պայմանավորված պատերազմներ» չեն լինում: Ակնհայտ է, չէ՞, որ եթե նման հրեշավոր պայմանավորվածություն լիներ, ապա պայմանավորվողներին ոչինչ չէր կարող խանգարել նախատեսվածն իրականացնելու համար:

Բայց նման պարզ, ակնհայտ իրողությունները նիկոլ փաշինյանի և արդեն այդ ժամանակ նրան Հայաստանի ղեկավար կարգելու վրա խաղադրույք արած հակահայ շրջանակների ու նրանց գերագրեսիվ քարոզչության տակ մնացած մասսայի համար անհասանելի էին: Ի լրումն ապրիլյանի մասին «պայմանավորված պատերազմ» կաղապարի, նիկոլ փաշինյանն ու նրա ներկայիս դավաճանական իշխանության մյուս շահառուները (սորոսականներ, զանազան կասկածելի աղանդավորական շրջանակներ, «ազատություն» և նմանօրինակ քայքայիչ գործունեություն ծավալած այլ «տեղակատվական» հարթակներ) սկսեցին ակտիվորեն շրջանառել թեզ, թե Հայաստանը 2016 թվականի պատերազմում պարտություն է կրել, ինչն, իհարկե, այդպես չէ:

Զավեշտական է հնչում, բայց փաշինյանական քարոզչությունը՝ ի դեմս, փաստորեն, պետական միջոցներով պահվող ֆեյքաբուծարանների, նույնիսկ նոյեմբերի 9-ի գիշերային կապիտուլյացիայի խայտառակ ակտից հետո... շարունակում են խոսել չորս տարի առաջ տեղի ունեցածի մասին: Մառազմն ակնհայտ է:

Ինչևէ:

Տվյալ դեպքում ճակատագրի զավեշտը, եթե կուզեք՝ ծաղրն այն է, որ նիկոլ փաշինյանը, ով 4 տարի առաջ առիթ-անառիթ «պայմանավորված պատերազմի» մասին էր ճամարտակում՝ մեղադրանքներ ուղղելով նախկին իշխանություններին, այժմ ինքն է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մարդիկ իրեն մեղադրում են դավաճանության մեջ: Եթե նույնիսկ դավաճան չեն անվանում, միևնույն է, արդարացիորեն վրդովված են նրա ու նրա իշխանության վրա, մեղադրում են Արցախը թշնամուն զիջելու, խայտառակ կապիտուլյացիա ստորագրելու, ինքն՝ իրեն ու իր հետ, փաստորեն, ամբողջ ժողովրդին նվաստացուցիչ վիճակում և աղետալի կացության մեջ դնելու համար:

Մյուս դառը ծաղրն այն է, որ ի տարբերություն 4 տարի առաջվա՝ «պայմանավորված պատերազմի» մասին հիմա հենց այդ թեզի հեղինակ-աղաղակողին ուղղված մեղադրանքները և, ըստ այնմ որպես քննության վարկած՝ գոյության և ուսումնասիրվելու միանգամայն ծանրակշիռ հիմքեր ունեն:

Իսկ ո՞վ է ասում, որ նիկոլ փաշինյանը առավելապես նաև այդ պատճառով չէ կառչել արդեն անիմաստ իր պաշտոնից և իր հիմնական խնդիրը «հետքերը վերացնելը» չէ:

Նման մեկից ինչ ասես՝ կարելի է սպասել, որքան էլ որ նույնիսկ նրա քննադատներից շատերի համար այս կարգի դավաճանությունն ինչ-որ տեղ անսպասելի էր:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը