Մեկնաբանություն

20.11.2020 18:46


Նիկոլ Փաշինյանի «շուստրի» պլանը

Նիկոլ Փաշինյանի «շուստրի» պլանը

Արցախին ու Հայաստանին պարտության տարած, խայտառակ կապիտուլյացիայի հանգեցրած Նիկոլ Փաշինյանի հեռացումը բոլոր առումներով հիմնավորված է: Ո՛չ քաղաքական, ո՛չ պատերազմական արդյունքի, ո՛չ բարոյաէթիկական տեսանկյուններից նրա վարչապետությունը հակաբնական է: Նրա մնալը նոր սպառնալիք է մեզ համար:

Ու չնայած այս ամենին Նիկոլը որոշել է մնալ: «Հաղթելու ենք» կարգախոսով հայ ժողովրդին խաբած ու դաժան պարտության տարած ամբոխավարն ուզում է շարունակել սկսած գործը (Աբաջյանի կեղծ պապիկով ժողովրդից էմոցիա գողացողից այլ բան չէր էլ սպասվում):

Նիկոլն իր մնալու համար «շուստրի» պլան է մտածել՝ ներգրավելով իր հետ հավասար պատասխանատվություն կրող ու ՀՀ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանին: Այս կապիտուլյատները գցել-բռնել են, որ կարելի է երկու տարբերակով մնալ: Սրանց «շուստրի» պլանն ունի երկու ենթապլան:

Առաջինի համաձայն փորձում են Նիկոլին պահել վարչապետի աթոռին՝ փոխելով կառավարության որոշ անդամների: Դրանով իսկ ուզում են աշխատեցնել «Նիկոլը լավն է, բայց կադրերն են վատը» հին ու մաշված «մուտիլովկան»: Այս ենթապլանի շրջանակներում է ռեստորանային գեներալ Վաղարշակ Հարությունյանը նշանակվում պաշտպանության նախարար, իսկ սոցապ նախարարությունը հանձնվում ժողովրդին վարկերով կեղեքող կառույցի լպրծուն ներկայացուցչին՝ Մեսրոպ Առաքելյանին: Կարող են այլ նշանակումներ էլ լինել: Սակայն Նիկոլին դա չի փրկելու, քանզի ինքն է պարտության ու կապիտուլյացիայի խորհրդանիշը: Նիկոլն է Ալիևից ստացած նվաստացումների ու ծաղրանքի օբյեկտը:

Այն, որ Նիկոլը խուրդվել է մինչև վերջ ու նրա պաշտոնավարումը շատ բարդ է, ավելի ճիշտ՝ անհնար, հասկանում են նաև իշխանության ներսում: Պարզ է, որ ինքն ուզում է մնալ, բայց իր շրջապատը վախենում է: Վախենում է ու Արմեն Սարգսյանի շուրթերով շրջանառության մեջ դնում մյուս ենթապլանը: Թե բա թող Նիկոլը գնա ու նոր ընտրություններ լինեն:

Այս ենթապլանը ենթադրում է Նիկոլի թիմից մեկին նշանակել խամաճիկային վարչապետի պաշտոնում, ընտրակեղծարար Մուկուչյանի ձեռքերով կեղծել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու վերարտադրվել:

Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան կապիտուլյանտ ու անհայրենիք դուետին ասենք, որ իրենց «շուստրի» պլանը չի աշխատելու, քանզի հանրային ու քաղաքական տրամադրություններն այդպիսին չեն: Նիկոլի կողմնակիցների քանակի առավելագույնն օրերս հավաքվել էր հրապարակում: Այդ 250-հոգանոց խաժամուղը մի կերպ էր հավաքվել, այն էլ՝ վարչական ռեսուրսով: Ասել է թե՝ Փաշինյանը զրո հենարան ունի: Հայաստանում դալալ աշխատող Արմեն Սարգսյանն էլ: Նրանց պլանը դատապարտված է, քանզի հայ ժողովրդին տարել են կապիտուլյացիայի:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը