Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով զոհվեց ազատագրված Ֆիզուլիում. Շուշան Ստեփանյանի հայտարարությունը
Հարգելի՛ հայրենակիցներ
Սիրելի՛ գործընկերներ
Ինձ հարազատ դարձած հետևորդնե՛ր
Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում և զոհվեց ազատագրված Ֆիզուլիում: Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական: Եվ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլ որպես անձնական կորուստ:
Կարծում եմ` հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երևույթներին և կաշխատեն ամբողջ ներուժով: Մի բան, որ այս պահին ինձ չի հաջողվի:
Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու և աջակցելու համար: Փորձել ենք առաջնորդվել տեղեկատվական պայքարի օրենքներով, մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը գրված ու չգրված կանոններով պետք է տալ պատերազմող երկրի հասարակությանը: Եթե ինչ-որ բան ինձ, այնուամենայնիվ, հաջողվել է, ձեզ եմ համարում իմ գլխավոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ:
Հայոց բանակը դեռ լինելու է համազգային հաղթանակների դրոշակակիր:
Սուգը հավերժ է, եթե չկա պայքար. միմիայն այդ դեպքում:
Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով զոհվեց ազատագրված Ֆիզուլիում. Շուշան Ստեփանյանի հայտարարությունը