Հասկանու՞մ եք՝ երկրի վարչապետի պաշտոնը զավթած անձնավորությունն այսօր ծափահարում էր զինվորի համազգեստը պղծող զանգվածին
Նիկոլի կողմնակիցների հավաքը տեսա՞ք։ Տեսա՞ք, թե ովքեր են աջակցում Նիկոլին։ Մարդիկ, որ «Թութակներում պոստեր էին պահում»։ Մարդիկ, ում ախպերները մինչև հիմա Հադրութում են։ Մարդիկ, ովքեր համոզված են, որ Շուշին նույնիսկ մի զինվորի արյուն չարժե։ Մարդիկ, ովքեր զինվորի համազգեստով շնորհակալություն էին հայտնում Նիկոլին կապիտուլյացիայի համար։
Նրանք չգիտեն, որ Արցախում Թութակներ չկան։ Հադրութի մոտ գտնվող Թութակ լեռը Եղնիկների դիրքերի հետ են շփոթել։ Նրանք չգիտեն, որ թշնամին վաղուց զավթել է Հադրութը ու որ այնտեղ հայ զինվոր չկա արդեն։ Շուշին նրանց համար էլ է դժբախտ ու դժգույն քաղաք…
Նայելով նրանց խոսքին, պահվածքին, վարքուբարքին՝ վստահ կարող եմ ասել, որ այնտեղ զինվոր չկար։ Չեմ բացառում, որ նրանցից ոմանք իսկապես ինչ-որ դիրքերում եղել են։ Բայց դա մարդուն դեռ զինվոր չի դարձնում։ Զինվորը մարդու պայքարող տեսակն է։ Զինվորը Աստծուց ու Հայրենիքից վեր ոչ ոքի չի կարող դասել։ Զինվորը նվիրյալ մարդ է։ Զինվորն իր կնոջ հետ համազգեստով չի քնում…
Բայց խնդիրը ամենևին այդ մարդիկ չեն։ Նրանք էլ մեր հասարակության մի մասն են։ Խնդիրն այն է, թե հասարակության կոնկրետ որ հատվածի վրա է հենվում Նիկոլը։ Հասկանու՞մ եք՝ երկրի վարչապետի պաշտոնը զավթած անձնավորությունն այսօր ծափահարում էր զինվորի համազգեստը պղծող զանգվածին։ Նիկոլը դրանց էր ներկայացնում մեր ժողովրդին ու նաև աշխարհին իբրև զինվոր։ Արդյո՞ք այդպիսինն են մեր իրական զինվորները։ Լույսը թողած՝ գնացել խավարն է ընտրել։
Եվ ուրեմն ինչու՞ ես պետք է շարունակեմ հանդուրժել Նիկոլին երկրի ղեկավարի պաշտոնում։ Որ շարունակի՞ ազգս պառակտել։ Որ շարունակի՞ մեր արժեքները խեղաթյուրել։ Որ շարունակի՞ երկիրը ծախել։ Ինչու՞։ Ես մերժում եմ այս անճաշակությունը։ Մերժում եմ գաղափարներիս արժեզրկումը։ Մերժում եմ Հայրենիքիս դավաճանությունը...
Հասկանու՞մ եք՝ երկրի վարչապետի պաշտոնը զավթած անձնավորությունն այսօր ծափահարում էր զինվորի համազգեստը պղծող զանգվածին