Մեկնաբանություն

19.11.2020 16:30


Իսկ մե՞ծ է տարբերությունը՝ Սպարապետի արձա՞նն են պղծում, թե՞ Հայրենիքդ

Իսկ մե՞ծ է տարբերությունը՝ Սպարապետի արձա՞նն են պղծում, թե՞ Հայրենիքդ

Հայոց Շուշին փաշինյանից ու նրա հանցակիցներից նվեր ստացած թուրքերը պղծել են Վազգեն Սարգսյանի արձանը, կապիկի նման թառել են արձանի գլխին ու նկարվել...

Նկարը տարածվել էր համացանցում ու, շատերը անում էին այն, ինչ կարողանում ու երևի նաև սիրում են անել ամենից շատ՝ լացել, ողբալ, մղկտալ...

Հայաստանի պաշտպանության առաջին նախարար, պետական և ռազմական գործիչ, 1992 թվականի մայիսի 8-ին ավարտին հասցված Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» գործողության հարսանիքի հասցեատեր Վազգեն Սարգսյանի արձանը թուրքերի կողմից ապականելու, վանդալիզմի այդ խրախճանքը արձանագրած լուսանկարից բորբոքվողներ շատ եղան, ինչը բնական է:

Բորբոքվեցին, զայրացան, կատաղեցին ու... սկսեցին հորդորել, որ գոնե հայրենակիցները չտարածեն այդ խայտառակ ու խայտառակող, ազգային արժանապատվությունը վիրավորող նկարը: Մարդկայնորեն դա ընկալելի է:

Այդ անպատվող, խայտառակ լուսանկարը զետեղած ազնիվ հայրենակիցներից մեկը կարճ ժամանակ անց այն հեռացրեց իր ՖԲ էջից այն՝ ասելով, թե կարծում էր, որ ամուր նյարդեր ունի, բայց խոստովանեց, որ անկարող է այլևս նայել ու հանդուրժել այդ ահավոր, ճնշող պատկերվածքը: «Ժողովուրդ, շատ եմ խնդրում բոլորիդ, նկարը պահեք ձեր մտքում, ջնջեք ու մի՛ թողեք տարածվի: Մեր Սպարապետը արժանի չէր երկրորդ անգամ զոհվելու ճիվաղի ձեռքով: Դեռ պատասխան պիտի տա սրա համար նաիրի փաշինյանը...»,-ՖԲ իր էջում նշել էր քաղաքացի Հրանտ Խալաթյանը, օրինակ, բայց ոչ միայն նա:

Կրկնեմ՝ մարդկայնորեն լիովին ընկալելի է նման ռեակցիան:

ԲԱ՛ՅՑ:

Մե՞ծ է տարբերությունը. Վազգեն Սարգսյանի արձա՞նն են պղծում, թե՞ գործը՝ իր և էլի հազարավոր արժանի հայերի կյանքի ամենակարևոր գործը, կյանքի գնով թողած ժառանգությունը:

Մե՞ծ է տարբերությունը. Վազգեն Սարգսյանի արձա՞նն են ծանակում, թե՞ թուրքի ճանկն ընկած զառամյալ հայ մարդուն:

Մե՞ծ է տարբերությունը. Վազգեն Սարգսյանի արձա՞նն են թուրքերը պղծում, թե՞ մեր Հայրենիքը:

Չկա՛ տարբերություն: Ընդհանրապես չկա:

Լավ, չենք «դնում», չենք տարածում այդ լուսանկարը՝ հարգելով մեր ու մեր ազգակիցների զգացմունքները:

ԲԱ՛ՅՑ:

Տարածում ենք նիկոլ-ոչնչության ու իր անբարո «քայլաթիմի» կողմից մեր գլխին սարքված Արցախի մնացորդների քարտեզի պատկերը: Դեռ մի բան էլ՝ քննարկում ենք երկրաքանդ-ստախոսի արտագրած «ճանապարհային քարտեզը»: Դա ի՞նչ է, պակա՞ս նվաստացուցիչ է, քան Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանի գլխին թառած «օրանգուտանգի» պատկերը...

Լավ, չենք տարածում հոգեխանգարմունքի հասցնող այդ լուսանկարը: Չենք տարածում:

Բայց հանդուրժում ենք, որ մեկը ասի՝ «Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր», նրա կամուֆլյաժով կլոնն էլ երկրորդի, թե՝ «Շուշին անարժեք մի բան էր, մեկ զինվորի կյանք էլ չարժեր...»: Հանդուրժում ենք, որ ոչ միայն ասեն, այլև ասելուց հետո շարունակեն քայլել, խոսել ու առհասարակ, մեզ հետ շնչեն նույն օդը...

Վազգեն Սարգսյանի արձանի պղծման նկարը չենք տարածում, որ լրացուցիչ վատ չզգանք...

Իսկ ի՞նչ է, թշնամու կողմից չգրավված, կյանքի գնով պաշտպանված, բայց գրչի մի շարժումով թուրքին տրված Քարվաճառի հայության գաղթի տեսարանի նկարները պակա՞ս անպատվաբեր են:

Ի՞նչ է, իր տունը թուրքին չթողնելու համար այն իր ձեռքով այրող հայ մարդու նկարներն ու վիդեոներն ավելի՞ հանդուրժելի են:

Իսկ մերձավորի մասունքները շիրմափոսից հանելու և թուրքի պղծմանը չթողնելու տեսարանները պակա՞ս անպատվող են:

Ազատ Արցախի փոխարեն ռուսական խաղաղապահ ուժերի բարակ «շերտով» ու արնախում թուրքերով շրջապատված «Արցախ» համակենտրոնացման ճամբար ունենալը նվաստացուցի՞չ չէ:

Իսկ այդ ամենը ճարպկորեն իրականացրած, պայմանական «խելոքներիս» մատի վրա ֆռռացրած ստահակին երկրի ղեկավարի կարգավիճակում հանդուրժելը ստորացուցի՞չ չէ:

Ստորացուցի՛չ է:

Ու ի՞նչ ենք անում: Ճի՛շտ է. կա՛մ մեծամասամբ սսկված ու «տեղներս խելոք նստած» ենք, կա՛մ օրումեջ հուզաթաթավ ճառերով միտինգ ենք անում կամ նրանցից ինչ-որ «գործողությունների պլան» ենք պահանջում, որ մի 5 տարի էլ, գերադասելի է՝ բելգիաների կամ գլենդելների կաֆեներում դա քննադատենք ու քլնգենք՝ բոլորից խելոք երևալու համար:

Ի՞նչ ենք անում: Ճի՛շտ է. շարունակում ենք հանդուրժել անհանդուրժելին՝ կրավորական պահվածքով դառնալով հողատու-ազգադավների ակամա հանցակիցը:

Լռո՞ւմ ես: Տանը կամ աշխատավայրում «տեղդ հանգիստ նստա՞ծ ես», հմայախոսության նման շարունակում ես մրմնջա՞լ «նախկինների» մասին նիկոլական «մանթրաները»՝ չհասկանալով, որ պաշտածդ «փրկիչը» քեզ ու երկիրդ թուրքին է տվել:

Ուրեմն եղածն էլ դեռ քիչ է մեզ...

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Եվ մի «տեխնիկական» հարց: Մեկը կա, ասում է «բոլոր տարբերակներում Շուշին հանձնվելու էր թուրքին»: Եթե ոչնչությունը դա գիտեր ու պնդում է, որ այդպես է, ինչո՞ւ գոնե իր ոչ վաղուցվա դաշնակից, մինչև վերջերս իրեն կրծքով պաշտպանող Արամ Զ. Սարգսյանին դա չի ասել, որ նա էլ եղբոր արձանը գոնե թուրքին չթողներ: Չգիտեմ, թող ինքը՝ Արամ Սարգսյանն իր սիրելի ու իր պաշտպանյալ ոչնչությանը հանդիպի ու նրանից դա պարզի:

Ի դեպ, ամենևին չեմ զարմանա, եթե Արամ Զ. Սարգսյանը շարունակի կրծքով պաշտպանել ոչնչությանը:

Այս խորագրի վերջին նյութերը