Մեկնաբանություն

18.11.2020 16:55


Լանդըն իզ դը քեփիթըլ օֆ Գրեյթ Բրիթն, բայց ինչո՞ւ «քնից» հանեցին Արմեն Սարգսյանին

Լանդըն իզ դը քեփիթըլ օֆ Գրեյթ Բրիթն, բայց ինչո՞ւ «քնից» հանեցին Արմեն Սարգսյանին

Հայաստանը, գիտեք, նաև նախագահ ունի: Եթե չեք մոռացել՝ Արմեն Սարգսյան: Եթե հասցրել էիք պատերազմական թոհուբոհի մեջ մոռանալ, Արմեն Սարգսյանը նախօրեին հիշեցրեց իր մասին: Մի քանի օր գրեթե բոլոր կամ գոնե եղած կուսակցություններից մեծ մասի, վերջում նաև փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպեց, խորհրդակցեց ու հրապարակային ուղերձով ազդարարեց իր կարծիքը, թե ճիշտ կլինի, որ իշխող քաղաքական ուժը ճանապարհային քարտեզ ներկայացնի, սահմանադրական գործընթացներով-բանով, մի խոսքով՝ գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների...

Այն, որ փաշինյանն ու իր թիմը պիտի առնվազն իշխանությունից հեռանան, ակնհայտ է: Այն, որ առաջիկայում անհրաժեշտ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, հասկանալի և անխուսափելի է նույնքան, որքան թեկուզ զուտ քաղաքական առումով աքսիոմատիկ է կապիտուլյանտ կառավարության և իշխանության հեռացումը: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է ոչ այնքան Արմեն Սարգսյանի ասածի բովանդակությունը, որքան նրա «հայտնությունը», ավելի ճիշտ՝ նրան «քնից հանելու» երևույթն ու դրա համար ընտրված պահը:

Արմեն Սարգսյանը, գիտեք, նախագահ կարգվեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջնամասում: Եվ, ի դեպ, նույն Արմեն Սարգսյանը որոշակի միջնորդական դերակատարում ունեցավ՝ 2018-ի ապրիլ-մայիսին իշխանությունը նիկոլ փաշինյանին «թավշյա» տարբերակով փոխանցելու գործում: Փոխանցում, որից հետո դրվեց Արցախի կործանման և Հայաստանի վերացման այսօր, ինչպես ասվում է՝ «օն-լայն» ռեժիմով դիտարկվող գործընթացի մեկնարկը:

Մի փոքրիկ դետալ, որի մասին հիմա երևի քչերն են հիշում. 2018-ի ապրիլի 25-ից «ժողվարչապետ» նիկոլ փաշինյանն այդ օրերին ինչ-որ քաղաքացիության տեղեկանք պահանջեց Արմեն Սարգսյանից, վերջինս նրան ինչ-որ թղթեր ցույց տվեց, որից հետո այլևս ոչ մեկը ոչ մի հարց չունեցավ: Թե այդ ի՞նչ տեղեկանք էր, երևի միայն ՀՀ նախագահի պաշտոն զբաղեցնողը գիտի, մեկ էլ, երևի, փաշինյանը: Ինչևէ:

Փաստն այն է, որ նիկոլ փաշինյանը անցած երկուսուկես տարվա ընթացքում ինչ այլանդակություն ասես, որ իրեն թույլ չտվեց: Վերցնենք թեկուզ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի վրա վարչապետ նիկոլ փաշինյանի կազմակերպած ու հրահրած հարձակումը: Արմեն Սարգսյանը, որպես «Սահմանադրության պահպանմանը հետևող» ՀՀ նախագահ, ծպտուն չհանեց:

ՀՀ նախագահ հանդես եկող Արմեն Սարգսյանը ծպտուն չհանեց, երբ 2019 թվականի գարնանը վարչապետ նիկոլ փաշինյանը հրահրեց ու կազմակերպեց օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ հարձակումը Հայաստանի դատական իշխանության մարմինների՝ դատարանների և դատավորների վրա, այդ թվում՝ ֆիզիկական բռնությամբ ուղեկցված: Չնայած դա սահմանադրական կարգի տապալման փորձի հստակ հատկանիշներ պարունակող քայլ էր, բայց «Սահմանադրության պահպանմանը հետևելու» պրատավորություն ունեցող Արմեն Սարգսյանը ոչ մի կերպ չդրսևորվեց: Նույնը՝ նիկոլ փաշինյանի կողմից Սահմանադրական դատարանի վրա իրականացված տևական հարձակման դեպքում:

Ավելին, Արմեն Սարգսյանն այնքան թույլ և դժգույն գտնվեց, որ իր, առանց այն էլ սուղ լիազորություններից զիջեց նիկոլական շիզոիդալ «թավշապետությանը»: Եվ, եթե մինչ այդ ՀՀ նախագահի պաշտոնը զուտ ներկայացուցչական բնույթ ուներ, դրանից հետո ընդհանրապես բուտաֆորիկ դարձավ: Ինչևէ:

Հիմա երկրում մի խայտառակ ու ոչ թե ճգնաժամային, այլ հենց աղետի վիճակ է, և... հո՛պ, քաղաքական անեությունից, լեթարգիական քնից հանկարծ դուրս է բերվում Արմեն Սարգսյանը և, որպես «վերջին պահին հայտնված շեֆ», սկսում է կարգավորումներ ուղղորդել:

Մեկը, ով, լինելով նախագահ, ասում է, թե մամուլից է տեղեկացել... փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի խայտառակագրի մասին: Լավ, ենթադրենք, հենց մամուլից է տեղեկացել, ինչն, իհարկե, անեկդոտ է, ու ծաղրի առարկա կլիներ, եթե հետևանքներն ու իրականությունը այդքան ողբերգական չլինեին: Իսկ վերաբերմո՞ւնքը, գնահատակա՞նը, դիրքորոշո՞ւմը որն է: Ինքը ողջունո՞ւմ, թե՞ դատապարտում է այդ կապիտուլյացիան:

Հետաքրքիր է նաև, թե ո՞ր երկրում է բնակվում Արմեն Սարգսյանը, ո՞ր քաղաքում: Հետաքրքիր է, քանի որ դեռ կապիտուլյացիայից 1 օր առաջ Երևանի երկինքը դղրդում է բեռնատար օդանավերի անցուդարձից, ու Արմեն Սարգսյանը, նախագահ լինելով, գոնե չի՞ հետաքրքրվում, թե այդ ի՛նչ աշխուժություն է, այդ ի՛նչ ռուսական ուղղաթիռ խփվեց հայ-նախիջևանյան սահմանին, այդ ի՛նչ ռուսական զորաշարասյուն էր շարժվում դեպի հարավ: Ու այդքանից հետո նա մամուլի՞ց տեղեկացավ: Մի՞թե Արմեն Սարգսյանն էլ, իր փայփայած փաշինյանի նման, համոզված է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ֆեյքազոմբիներ են կամ ուղեղազուրկ «պողոսներ»:

Ավելին: Արմեն Սարգսյանը անցած երկուսուկես տարվա ընթացքում արել է ամեն ինչ, որպեսզի զրոյացնի իր հանդեպ եղած չնչին վստահությունն անգամ, իր լռությամբ գործնականում սատարել է նիկոլ փաշինյանի ձախավեր իշխանությանը, հետևաբար լիովին պետք է կրի համարժեք պատասխանատվություն և նմանապես հեռացվի Հայաստանի պետական կառավարման համակարգից: Կարճ ասած, նման ՀՀ նախագահ Հայաստանին պետք չէ:

Եվ ամենի՛ց կարևորը: Արմեն Սարգսյանի նկատմամբ չկա ու չի կարող լինել որևէ վստահություն՝ նաև նրա բրիտանական անցյալի հետ կապված: Այսպես մեղմ արտահայտվենք, նկատելով, որ կան շատ ավելի կոշտ ու կոպիտ արտահայտվող անձինք, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում են, որ Արմեն Սարգսյանը «Բրիթիշ փեթրոլիումի»՝ ալիևի նավթադոլլարների հոսքի հիմնական ապահովող ընկերության հետ ինչ-ինչ շփումներ ու կապեր է ունեցել կամ ունի:
Իսկ հնարավո՞ր է, որ տեսնելով «պլան Ա»-ն ստանձնած նիկոլ փաշինյանի մոտալուտ տապալումը, այս մղձավանջի սցենարիստները որոշել են հընթացս փոխարինում կատարել՝ իմաստակին մի կողմ նետելով, նրա տեղը շատ ավելի պատրաստված «ազգեցության գործակալի» առաջ հրելով:
Ի դեպ, 1997-ին ինչո՞ւ, ինչի՞ համար Վազգեն Սարգսյանը Հայաստանից վտարեց Արմեն Սարգսյանին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը