Կարծիք

18.11.2020 11:56


Պուտինը Փաշինյանին «ազատեց աշխատանքից»

Պուտինը Փաշինյանին «ազատեց աշխատանքից»
Եթե Շուշին և մեր հայրենիքի մի թանկագին հատվածը այս խայտառակ համաձայնությամբ թուրքին նվիրաբերելուց հետո Փաշինյանը հնարավորություն ուներ անձայն հեռանալ, ապա Պուտինի վերջին հարցազրույցից հետո նա ստիպված է դա անել հայտնի անեկդոտի հերոսի պես՝ «մի պարկ սոխն» ուտելուց հետո: ՌԴ նախագահի ներկայացրած փաստերից հետո նա ոչ միայն բարոյական իրավունք չունի ներկայացնել Հայաստանն Արցախի ճակատագրի հետագա բանակցություններում, այլև բաց ճակատով նայել նույնիսկ յուրայինների աչքերին, որոնց խաբել է ամենաանթույլատրելի միջոցներով: Որքան էլ ցավալի է՝ ներքաղաքական և տեղեկատվական քաոսում մեր իշխանություններն այդպես էլ համարձակություն չունեցան ազնիվ լինել մեր հետ և ամոթով պետք է փաստենք, որ ճշմարտությունը հաստատվում է կողքից:
Երբ դիտում էի ՌԴ նախագահի հարցազրույցի այն պահը, երբ նա հայտարարեց, որ բանակցային գործընթացում երբեք Շուշիի հարցը չի դրվել, թվաց թե հիմա կադրում կհայտնվի Նիկոլ Փաշինյանը և կհայտարարի, որ աշխատանքից հեռացնում է Պուտինին: Իսկ եթե մեկ խոսքով ամփոփենք այդ հարցազրույցը, ապա կարելի է ասել՝ Պուտինը աշխատանքից ազատեց Փաշինյանին մասնագիտական անբավարարության՝ «профнепригодность»-ի հիմքով:
Փաշինյանը ոչ միայն չգնահատեց 2018-ին ստացած վստահության պատասխանատվությունը, այլ մսխեց այն՝ երկիրը ներքաշելով կործանարար ավանտյուրայի մեջ: Այո՛, պատերազմի նախաշեմին գտնվող երկրի ղեկավարն իրավունք չուներ պառակտել հասարակությունը, անարգել ազգային ձեռքբերումներն ու հեղինակություններին, և ամոթալի է, որ այդ մասին նրան հիշեցնում է այլ երկրի ղեկավարը:
Փաշինյանն իր գոռոզության և անհեռատեսության պատճառով պատրազմի առաջին օրերից արհամարհել է ոչ միայն բանակի ԳՇ պետի նախազգուշացումները և կանգ չի առել ավելի մեծ կորուստների առաջ, այլև մերժել է պատերազմական գործողությունները դադարեցնելու միջնորդների առավել ընդունելի առաջարկները: Դրանցից մեկի օրինակը բերեց Պուտինը՝ նշելով հոկտեմբերի 19-20-ի փաստաթղթի օրինակը, երբ Ալիևը համաձայնել է բավարարվել հարավային ճակատում ձեռք բերածով, բայց Փաշինյանը մերժել է այն՝ հաջորդ 20 օրվա ընթացքում ոչ միայն հանձնելով Շուշին, այլև բազմապատկելով մեր զոհերը:
Եթե անձամբ Փաշինյանը կամ նրա ամբարտավան թիմակիցները կփորձեն խեղաթյուրել նաև այս փաստերը, ապա ստիպված են լինելու հերքել ՌԴ նախագահի նաև այն միտքը, որ «Փաշինյանը դավաճան չէ»: Թեև այդ խոսքերով նա ոչ թե արդարացնում, այլ հնարավորություն է տալիս Փաշինյանին օբյեկտիվորեն գնահատել իր հնարավորությունները և կայացնել այնպիսի որոշում, որ էլ ավելի չխորացնի դեռևս պատերազմի վերսկսման վտանգի առաջ գտնվող երկրի ու ժողովրդի ծանր վիճակը:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը