Մեկնաբանություն

18.11.2020 16:40


Պուտինը լիովին ոչնչացրեց բացահայտված ոչնչություն Փաշինյանին

Պուտինը լիովին ոչնչացրեց բացահայտված ոչնչություն Փաշինյանին

Дожили! Իրենց ամբողջ գործունեության ընթացքում Ռուսաստան ու Պուտին «քլնգած», մարդկանց «ռուսուլման» ու «ռսիստրուկ» պիտակած, մի խոսքով, այդ կոնտեքստում ինչ ասես՝ ասած նիկոլ փաշինյանն ու նիկոլականները «բոնուս» ստացան անձամբ ՌԴ նախագահ, նոյեմբերի 10-ից Արցախի մնացորդների ու ավերակների անվտանգության միակ երաշխավոր Վ.Վ. Պուտինից:

Այո, Վլադիմիր Պուտինը, գիտեք, նախօրեին գաղտնազերծեց պատերազմի ընթացքում փաշինյանի ու ալիևի հետ ունեցած բազմաթիվ բանակցային շփումների առանձին էպիզոդներ ու դրանց բովանդակությունը, տվեց բնորոշումներ: Անկասկած, շատերը, եթե ոչ բոլորը, տեսել, լսել են: «Քայլականներից» ոմանց թվում է, թե Պուտինը «պաշտպանեց» փաշինյանին, բայց իրականում Ռուսաստանի նախագահն ուղղակի ոչնչացրեց նրան, որքան էլ բարդ է ոչնչացնել արդեն իսկ բացահայտ ոչնչությանը:

Պուտինն, օրինակ, «պաշտպանության տակ առավ» նիկոլ փաշինյանին՝ ասելով, թե նա դավաճան չէ կամ նրան ուղղված դավաճանության մեղադրանքներն անհիմն են: Վլադիմիր Պուտինը թեթևակի «բոնուս» տվեց փաշինյանին մի քանի օր էլ Հայաստանի իշխանություն ներկայանալու համար: Կարելի է ենթադրել, որ Պուտինն այդպես վարվեց, որպեսզի առանց այդ էլ բարդ իրավիճակում, երբ ինչ-որ բաներ է պայմանավորվել, օրինակ, Թուրքիայի հետ, մի նոր գլխացավանքի մեջ չընկնի: Պուտինն ակնհայտորեն չի ուզում նորից բանակցություններ վարել Իգդիրում զորքեր կուտակած էրդողանի հետ, նորից բանակցություններ՝ գրավված ու նաև դավադրաբար տրված տարածքներում դիրքավորվող ալիևի հետ: Եվ այդ ամենը՝ մի իրավիճակում, երբ իր՝ Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը նախանշված հատվածներում դեռ չի էլ հասցրել ամբողջությամբ տեղակայվել, դիրքավորվել:

Բայց թողնենք Պուտինի կարծեցյալ «գլխացավանքներն» իրեն: Մեզ մեր իրական ու բազմադրվագ գլխացավերն ու սրտակծկումներն էլ բավարար են մինչև 2050 թիվ ու դրանից հետո էլ:

Հիմնականը. ըստ Վլադիմիր Պուտինի՝ նիկոլ փաշինյանը դավաճան չէ: Բայց նույն Պուտինը, իր հերթին, առավել քան ուղիղ տեքստով բացահայտում է նիկոլ փաշինյանի լկտի ևս մեկ սուտ՝ Շուշիի հետ կապված: Եթե նիկոլ փաշինյանը հայտարարում էր, թե՝ կարգավորման բոլոր տարբերակներով առաջարկվում էր կամ նախատեսվում էր Շուշին ադրբեջանական կողմին հանձնել, ապա Վլադիմիր Պուտինը, երկրորդելով ՀՀ ԱԳՆ-ին, պնդում է, որ Շուշիի հարց երբեք դրված չի եղել, և նման հարց ծագել է միայն այս վերջին պատերազմի ծավալման ընթացքում:

Պուտինը նշում է, որ այո՛, եղել է ադրբեջանական փախստականներին Շուշի վերադարձնելու հարց, բայց փաշինյանը մերժել է այդ տարբերակը: Դե, երևի իր ստորագրած խայտառակագրով իր համար ավելի նախընտրելի տարբերակ էր, որ Շուշին ամբողջությամբ թողնվում է ադրբեջանական զավթիչներին: Երևի դա էր նիկոլի ցանկությունը:

Ամենի՛ց կարևորը. Վլադիմիր Պուտինը փաստում է, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ, երբ ադրբեջանաթուրքական զավթիչները կարողացել էին հարավային ուղղությամբ միայն մի փոքր հատված գրավել ու է՛լ ավելի փոքր կտոր՝ հյուսիսային մասում, իրեն՝ ՌԴ նախագահին հաջողվել է համոզել ալիևին, որ պատերազմը դադարեցվի: Բայց, ի զարմանս նաև Պուտինի, իր ամերիկյա..., կներեք, արմյանսկի պարտնյորները մերժել են այդ տարբերակը:

Կարճ ասած՝ նիկոլ փաշինյանը, որպես ամերիկյա..., կներեք, հայկական կողմի լիազորված և լեգիտիմ ներկայացուցիչ, ասել է՝ չէ՛, կռիվը չենք դադարեցնում, կռվում ենք մինչև վերջ, մեր համար անընդունելի է, որ Շուշի վերադառնան ադրբեջանական փախստականները:

Մերժում է, ու դրանից հետո հանձնվում են նորանոր տարածքներ՝ Ջեբրայիլ, Ֆիզուլի, Կուբաթլու, դա դեռ իր հերթին, Հադրո՛ւթն է հանձնվում: Այ, կարելի էր Պուտինից հետաքրքրվել. իսկ նախորդած բանակցություններում Հադրութի մասի՞ն ինչ խոսք է եղել կամ չի եղել:

Տեսեք, ոչ բարով՝ «գերագույն հրամանատար» փաշինյանը, որին դեռ պատերազմի 4-րդ օրը, այսինքն՝ սեպտեմբերի 30-ին, Անվտանգության խորհրդի նիստում, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը զեկուցում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել մի քանի օրվա ընթացքում պատերազմը դադարեցնելու համար, քանի որ վիճակներս վատ է, հոկտեմբերի 19-ին մերժում է մի առաջարկություն, որը թույլ էր տալիս պատերազմը դադարեցնել անհամեմատ ավելի նպաստավոր դիրքերում, քան այն, ինչն ինքը, գետնատարած փռվելով, ընդունեց դրանից 20 օր անց՝ նոյեմբերի 9-10-ին:

Ավելին, Վլադիմիր Պուտինի այդ հայտարարությունը լրացուցիչ քողազերծում է նիկոլ փաշինյանի նաև այն ստոր ու ծեքծեքուն, զուտ քարոզչական թեզը, թե ինքը կապիտուլյացիայի գնաց փրկելու համար Արցախում իրենց դիրքերը պահող 20-25 հազար զինվորների կյանքը: Այսինքն, իր համար զինվորների կյանքն էր, իբր, շատ ավելի կարևոր:

Իրո՞ք:

Եթե նիկոլ փաշինյանի համար հայ զինվորների կյանքը իսկապես կարևոր լիներ կամ իսկապես կարևոր էր, ապա հոկտեմբերի 19-ին թող դադարեցներ պատերազմը, թող համաձայնություն տար Պուտինի ձեռք բերած պայմանավորվածությանը, այլ ոչ թե մերժեր այն:

Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-10-ը հայկական զինուժը ի՞նչ կորուստներ է կրել, որքա՞ն զոհեր է տվել, քանի՞ հազարով է ավելացել զոհվածների ու վիրավորների թիվը...

Ու նման բան արած, նման բան թույլ տված նիկոլ փաշինյանը դավաճա՞ն չէ:

Սակայն ի՞նչ տարբերություն. դավաճա՞ն է նիկոլ փաշինյանը, թե՞ դավ-վարչան, եթե նրա արածի բովանդակությունը հնարավոր է բնորոշել հենց որպես դավաճանություն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը